Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյութեան հարցը պէտք է քննարկուի, որից յետոյ որոշում կայացուի։
Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ պատգամաւոր Վահրամ Բալայանն՝ արձագանքելով Յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էդմոն Մարուքեանի յայտարարութեանը, թէ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյութիւնը կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգութիւնը։
«Դա այն հարցը չէ, որ մէկս այսպէս ասենք, միւսն՝ այնպէս։ Այս հարցը դեռ մենք պէտք է քննարկէնք եւ նորմալ որոշում կայացնենք։ Մենք պէտք է քննարկէնք եւ որոշենք, թէ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտները պէտք է իրենց գործունէութիւնը շարունակէն, թէ՝ ոչ»,- պատասխանեց արցախցի պատգամաւորը։
Բալայանի հաղորդմամբ՝ այս հարցը դեռեւս քննարկումների փուլում է, վերջնաժամկէտի վերաբերեալ էլ որեւէ յստակեցում չի կարող անել։
«Հիմա էլ եմ կարեւորում Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյութիւնը։ ՀՀ իշխանութիւնները Հայաստանի տէրն են, ես ի՞նչ պատասխան պէտք է ունենամ նրանց որոշման համար․ եթէ մէկը գայ, ձեր տուն մտնի եւ ասի՝ խոհանոցում փոփոխութիւն եմ անում, ի՞նչ պէտք է անեք։ Ուզում եմ ասել, որ մի բան պէտք է արուի։ Շտապելու բան չկայ, ինչ- որ մի բան կը լինի»,- լիայոյս է ԱՀ ԱԺ ներկայացուցիչը։
Յիշեցնենք, որ աւելի վաղ Վահրամ Բալայանը կարեւորել էր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյութիւնը։
Իր հարցազրոյցներից մէկում արցախցի պատգամաւորն ընդգծել էր, որ Արցախի վտարանդի կառավարութիւնը պէտք է ՀՀ-ում պահուի․ դա նախ՝ յետագայում պահանջատէր լիելու առումով է կարեւոր, իսկ ներկայ պահին` բռնի տեղահանուած արցախահայութեան խնդիրները համակարգելու համար։
Իսկ ՀՀ յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էդմոն Մարուքեանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարաւորութիւնը, բացառել է այն՝ յայտարարելով, թէ դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգութիւնը։