Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահէ Հովհաննիսեանը գրում է.
Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողութիւններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձուած նարատիւները, եւ մենք պատրաստւում ենք դիմակայել դարձեալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդիւնք չէն տալիս։ Հանրային առողջացման եւ կոնսօլիդացիոն տրամադրութիւնների դէմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիւն է, ու նաեւ դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։
Կայ պատմական անհրաժեշտութիւն` դադարեցնելու անցեալի եւ ներկայի կռիւը։ Եթէ ուզում ենք կասեցնել պետականութեան սրընթաց անկումը, սա պէտք է արուի։ Բայց սրա գիտակցումը միայն բաւարար չէ։ Պետք է գտնել մեխանիզմը, հարցի կիրառական կողմը։ Դա բարդ խնդիր է, որովհետեւ բազմաթիւ նրբերանգներ կան՝ միտումնաւոր կամ անգիտակցաբար հիւսած, կայ ծանր ֆոն, բազմամեայ նեղուածութիւն ու պարտադրուած նարատիւ։
Այն անհատները, ուժերը, միաւորները, որոնք զգում են պատասխանատուութիւն, ստանձնում են առաքելութիւն, յայտ են ներկայացնում գալիք սօլիդ իշխանութիւն (կամ իշխանութեան մաս) լինելու, պարտաւոր են յստակ ձեւակերպել իրենց դիրքորոշումը՝ երեք հիմնական թակարդների նկատմամբ, եւ ոչ թէ խուսափել դրանցից։ Խուսափելով (ինչը 4-5 տարի է՝ արւում է)՝ նախաձեռնութիւնը փոխանցում են իշխանութեանը, որն էլ ամենագռեհիկ ձեւով դրանից օգտւում է։
Պետք է մի կէտից սկսել քանդել գորդեան հանգոյցը։
Անկախ Հայաստանի առաջին փուլում մենք եղել ենք յաղթած պետութիւն, եւ այդ հանգամանքը միաւորում է բոլոր գիտակից մարդկանց, այդ թւում՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահներին։ Մենք պիտի ֆիքսենք սա, եւ պայմանաւորուենք, որ այս իշխանութիւններին մերժելուց յետոյ յաջորդ կառավարութեան առաջին քայլերից մէկը լինելու է յաղթած պետութեան՝ Հայաստանի երեք նախկին նախագահներին պետութեան բարձրագոյն կոչման արժանացնելը։ Այստեղ պէտք է մի կողմ դնենք բոլոր տեսակի անյատականացուած (օբյեկտիւ եւ սուբյեկտիւ) մօտեցումները։ Սա նախ ազգային յարգանքի ժեստ է՝ դէպի Հայաստանի պատմութեան, պետականութեան այն փուլը, երբ մենք արժանապատիւ էինք, յաղթած, ունէինք հայկական Արցախ ու կանխատեսելի պետութիւն։ Միաժամանակ դա կծառայի որպէս երաշխիք՝ երկրի յետագայ կայունութեան, ներքին ցնցումներից զերծ մնալու, նաեւ երկրի ներքին կայունութեան եւ որակի մասին ազդակ կ’ուղարկի միջազգային հանրութեանը։
Այս պարզ մօտեցումն ընդունելն արդէն հսկայական կոնսոլիդացիոն հէնք կապահովի.
1. Սրանով կը դադարեցուի նախկին նախագահների կողմնակիցների, գաղափարակիցների, թիմերի ներքին անհանդուրժողականութիւնը։ Դա արդէն պատմական ատաւիզմ է, երբ երկիրն այս վիճակում՝ շարունակում ենք ապրել հին պատկերացումներով։ Թէ´ նախկին նախագահներն են փոխուել, թէ´ բոլորս ենք փոխուել, թէ´ Հայաստանն է փոխուել։ Բոլոր հակասութիւններով հանդերձ՝ ընդհանուրը, միաւորողն աւելի շատ է ու կարեւոր, քան՝ տարաձայնութիւնները։
2. Սա թոյլ է տալու, որ բազմաթիւ նորմալ մարդիկ կարողանան հանդարտ, խելամիտ ձեւով համագործակցել՝ թօթափելով 20-30 տարուայ կաղապարները։
3. Սա էապէս կփոխի մթնոլորտը հանրային ակտիւ շրջանակներում եւ, հետեւաբար, կազդի հանրային տրամադրութիւնների վրայ։ Այն էֆեկտը, որը մենք ուզում էին ստանալ երեք նախկին նախագահների համագործակցութեան ֆորմատով, եւ որը չստացանք, կարելի է ստանալ հակառակ կողմից՝ թիմերից, որպէս սկզբունք ընդունելով նրանց ժամանակուայ Հայաստանն ըստ արժանաւոյնս պատուելը։
4. Այս համատեքստում նոյն պետական բարձրագոյն կոչմանը պէտք է արժանանայ ՀՀ առաջին վարչապետՎազգէն Մանուկեանը։
Կարելի է վստահ լինել, որ այս պարզ մօտեցումը բերելու է նկատելի արդիւնքի՝ որպէս ազգային կոնսօլիդացիայի ուղերձ՝ պետականութեան շուրջ։ Կարելի է վստահ լինել նաեւ, որ իշխանութիւնն ամէն կերպը խոչընդոտելու է, որովհետեւ իր սարքած թակարդներից դուրս գալը նշանակում է իր աւարտը։ Բայց մէզ բոլորիս պատմութիւնն առաջիկայում դնելու է ընտրութեան առաջ, ու ճիշտ կը լինի, որ դա անենք գրագէտ։
Յաջորդ անգամ կը խօսեմ միւս թակարդի մասին՝ թալանի։