Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Աշոտ Մինասեանի (Աշոտ Երկաթի) պատմութիւնը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրուագ չէ, դա այսօրուայ «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայութիւնն է։
Աշոտ Մինասեանը եւ կարմիրբերետաւորները, նոյնիսկ եթէ եղել են մի գազելում, որպէս փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չէն եղել։ Եւ սա մէկ հոգու պատմութիւն չէ, այլ՝ շատ շատերինը։
Այս դրուագի եւ յունիսի 12-ի բոլոր ապօրինութիւնների բացարձակ պատասխանատուն եւ մեղաւորը իշխանութիւններն են,
բայց պիտի հասկանանք նաեւ, թէ ինչ մեխանիզմների «շնորհիւ» է իշխանութիւնը ռիսկ անում նման այլանդակ գործողութիւնների.
1. Կարմիր բերետաւորներին այդպիսին լինելու եւ պետութեան հանդէպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրայ (կամ ցանկացած մարդու) յարձակուելու իրաւունք տուել են.
a. 680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղէտից յետոյ վերընտրելով այս իշխանութեանը, այսօր չէն շտապում շտկել իրենց քուէն՝ այսքան աւերից յետոյ։
b. Ոստիկանութեան ղեկավար կազմը, որից որեւէ մէկը հրաժարական չտուեց՝ այս եւ այլ ահաւոր պատմութիւններից յետոյ։ Չի գտնւում մէկը, որի համար անտանելի կը լինի նման միջավայրում աշխատելը։
c. «Բարեփոխիչները», միջազգային կառոյցները, արեւմտեան դեսպանատները, որոնք ձայն չէն հանում որեւէ վայրագութեան դէպքում։
d. Իբր կրթուած, իբր մտաւորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականութեամբ չէն զբաղւում» ու երկրում կատարուողի մասին կարծիք չունեն։
2. Անհաւանական է թւում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետաւորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետեւ այս երկիրն արդէն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որեւէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձեւաւորուել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակութիւնում։ Ինչքա՞ն կարեւոր բաներ ենք տապալել պետականութեան 30 տարում։
3. Այս ամէնը հնարաւոր դարձաւ, որովհետեւ մեր պետութեան քաղաքացիները զանգուածաբար օտարացաւ մեր պետութիւնից։ Ինչպե՞ս է հնարաւոր, որ էն ժողովուրդը, որի համար Աշոտն ամէն կռուի պատրաստ է եղել իր կեանքը դնել, մասսայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակութեան երազանքով։ Բա ո՞ւմ համար էր պետութիւնը, բա էլ ի՞նչ հայրենիք։
4. Ո՞նց բաց թողեցինք, շուրջ երկու տասնամեակ «արեւմտեան մեդրեսեներում» նոր հայի ձեւաւորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր՝ իրաւապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանեան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմաւորւում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հաւաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մէզ հետ ի՞նչ կապ ունի»։
5. Աշոտ Մինասեանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտօն, որը շատ ուրիշները կօգտագործեին կարողութիւն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պէս մարտիկներն իրենց մէջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ յաղթած, հերոս, պետութիւն կառուցած մարդիկ թոյլ տուեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպե՞ս դարձան փողի ու ահռելի հարստութեան տէր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստութեան ու գոյքերի տէր։ Ո՞նց, ինչպե՞ս, ո՞ր իրաւունքով։ Ի վերջոյ, նրանք գերի դարձան այդ հարստութեանը, սակայն դրա գերին դարձանք նաեւ մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։
6. Եթէ մենք էս հարցերին չպատասխանենք, չենք հասկանայ, թէ ինչպէս ձեւաւորուեց այսօրուայ անասնական մթնոլորտը, եւ թէ ինչպէս փողոցից եկաւ գաղափարապէս յստակ վարժեցուած մի ուժ, որը թքած ունի Արցախի վրայ էլ, Հայաստանի վրայ էլ։
7. Փառահեղ յաղթանակով ձեւաւորուած պետութիւնը ո՞նց կարող էր էսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզուելու է, որ միակ «ապօրինի գոյքը» մեր հայրենիքն էր։
8. Աշոտի պատմութիւնից հասարակութիւնը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նոյն հասարակութիւնը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց։ Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարուածից սարսռայ, երբ շատերը Ռուբէն Վարդանեանի, Բակոյ Սահակեանի եւ մեր միւս հայրենակիցների գերեւարուելուց ուրախացել էին։
Կարմիրբերետաւորը եւ նրան հրաման տուող իշխանութիւնները պէտք է փոխուէն, բայց պիտի փոխուի նաեւ նրանց ձեւաւորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր եւ ճիշտ ուղենիշներ ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը։