«…Ո՛չ Ղարաբաղեան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առաւել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպէս ազգ ու երկիր, կարող ենք յայտնուել այն կեղտի մէջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրութիւնը մէզ կօգնի ոչ միայն այսօրուայ իրավիճակի` որպէս մեր քաղաքական պատմութեան առանձին փուլի, վերլուծութիւնը (մեր լրատուամիջոցներում այդ թեմայով նիւթերի պակասութիւն չկայ), այլ նաեւ մէզ այսօրուայ աննախանձելի վիճակին հասցրած իրադարձութիւնների շղթայի սթափ ուսումնասիրութիւնը…».
Վահան Հովհաննիսեան
«…Ո՛չ Ղարաբաղեան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առաւել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպէս ազգ ու երկիր, կարող ենք յայտնուել այն կեղտի մէջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրութիւնը մէզ կօգնի ոչ միայն այսօրուայ իրավիճակի` որպէս մեր քաղաքական պատմութեան առանձին փուլի, վերլուծութիւնը (մեր լրատուամիջոցներում այդ թեմայով նիւթերի պակասութիւն չկայ), այլ նաեւ մէզ այսօրուայ աննախանձելի վիճակին հասցրած իրադարձութիւնների շղթայի սթափ ուսումնասիրութիւնը…». Վահան Հովհաննիսեանի՝ տարիներ առաջ ասուած այս խօսքերը գրեթէ ոսկերչական ճշգրտութեամբ բնորոշում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների եւ համայն հայութեան այսօրեական վիճակը:
Օգօստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսեանի ծննդեան 66 ամեակը:
1973 թ. Երեւանի թիւ 55 դպրոցը աւարտելուց յետոյ, կիսատ թողնելով ուսումը Վ. Բրիւսովի անուան ինստիտուտում, Վահան Հովհաննիսեանը մեկնեց Մոսկուայ եւ 1978 թուականին այնտեղ աւարտեց Մոսկուայի պետական մանկավարժական համալսարանը: Աւարտելուց յետոյ նշանակուեց աշխատանքի Հարաւային Սիբիրում գտնուող Երոֆեյ Պաւլովիչ անունով մի քաղաք: Բայց Վահան Հովհաննիսեանը գերադասեց վերադառնալ հայրենիք եւ աշխատել գիւղում որպէս ուսուցիչ: Նա պատրաստ էր դասաւանդել ամէն ինչ` պատմութիւն, գրականութիւն, ռուսերէն, գերմաներէն: Սակայն, հայրենիքը, ի դէմս այն ժամանակուայ Կրթութեան նախարարութեան, անյարմար զգալով ուղիղ մերժել վտարանդու որդուն, պատասխանեց, որ նա ՌՍԴՀ կադր է եւ պէտք է աշխատի հէնց Ռուսաստանում:
1989 թուականից Վահան Հովհաննիսեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ էր: Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ 1990 թուականին ընտրուել է Դաշնակցութեան առաջին Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ գործուղուել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը, եւ որտեղ վերջապէս պէտք եկան 5-րդ գրոհային բանակի զինուորական հրաձգարաններում ձեռք բերուած գիտելիքները:
1992 թուականին Վ. Հովհաննիսեանն ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ պարտականութիւնների մօտաւորապէս նոյն շրջանակով: Սակայն քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանութիւնների ամէն մի ապաշնորհ սայթաքումի հետեւանքով, եւ Ղարաբաղեան հարցից զատ Դաշնակցութեան առջեւ կանգնում էին նորանոր խնդիրներ:
Կուսակցութիւնը միւս ընդդիմադիր ուժերի հետ միասին հաստատուն քայլերով գնում էր դէպի յաղթանակ 1995 թուականի խորհրդարանական ընտրութիւններում: Դրանից խուսափելու նպատակով իշխանութիւնները մի շարք կեղծ քաղաքական գործեր մոգոնեցին` քրէական երանգներով, մեղադրեցին Դաշնակցութեանը բոլոր տեսակի մահացու մեղքերի մէջ եւ բանտարկեցին կուսակցութեան շատ ղեկավարների:
Գտնուելով կալանքի տակ` Վ. Հովհաննիսեանը 1997 թուականին հեռակայ կերպով ընտրուեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ: 1999 թուականից մինչ կեանքի աւարտը՝ 2014 թուականի դեկտեմբերի 28-ը, ՀՅԴ Բիւրոյի անդամ էր:
Ստորեւ առաջարկում ենք ընթերցել Վահան Հովհաննիսեանի` միշտ այժմեական յօդուածներից մէկը` «Վրեժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի»։
«Ֆիզիկապէս բանտը խլեց իմ կեանքից համարեայ երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարեւորագոյն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարաւորութիւնը: Եւ շատ ուրիշ հնարաւորութիւններ, որոնցից մի մասն այլեւս չես վերադարձնի: Առաջացան նաեւ որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաեւ ժողովրդից. արժանապատուութեան ու սեփական ուժերին ապաւինելու յոյսը խլեց: Շատէրն այդ պահին վախեցան: Կուսակցութեան մասին չէ խօսքս` կուսակցութիւնը դիմացաւ: Խոսքս հասարակութեան այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունէին՝ նրանք մի կողմ քաշուեցին: Մեր ձերբակալումից յետոյ ու բանտարկութեան տարիներին, նոյնիսկ, արտագաղթի տեսակը փոխուեց, վերածուեց քաղաքականի: Շատէրին թեւաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որեւէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափութեան դէպքում մարդը ժամանակ յետոյ ընդունակ է վերականգնել հաւատը, իսկ քաղաքական հիասթափութեան պատճառով գնացածները շատ հազուադէպ են վերադառնում երկիր:
Այնուամենանիւ ես իմ երեք տարուայ մենութիւնը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերէն լեզուին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, յետոյ կամաց-կամաց ահագին գրականութիւն կարդացի… Բանտը նաեւ մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարաւորութիւն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կեանքից բացի ուրիշ բան չկայ:
Հիասթափութեան պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալուել ես: Եթէ կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարութիւնը, հոյ, գիտէի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մէջ ոչինչ չի փոխուել: Պարզապէս քայլերս եմ վերանայել, որպէսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետեւանք լինի, ճիշտ լինելու դէպքում էլ կարող ես պատժուել, եթէ սխալ ես քայլել: Համենան դէպս, բանտարկուած ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտայ այս խաղերի մէջ, էլ չեմ անի…
Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կը գամ ու դրանց աչքերը կը հանեմ: Վրեժխնդրութեան պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապէս գարշանք եմ զգում: Իսկ վրէժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի. վենդէտան իր ետեւից վենդէտայ է բերում, եւ այդպէս շարունակ…
Ի վերջոյ, Տեր Պետրոսեանի դէմ շարժումը յաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապէս իր նկատմամբ պէտք է արուեին որոշակի քայլեր. գահընկէցութիւնից յետոյ սահմանադրական ժողովը պէտք է որոշեր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից յետոյ արդէն ձեւաւորուած լեգիտիմ իշխանութիւնը քննութիւն անցկացներ: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դէպ, բոլորովին չէր ենթադրում իշխանութեան գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, յիշում եմ, հնգեակներ, վեցեակների բլոկներ, հանրապետականները սկզբից մէզ հետ էին, յետոյ Լեւոնի հետ ինչ-որ ձեւով լեզու գտան, Վազգէն Մանուկեանը նշանակուեց պաշտպանութեան նախարար…
Մի խօսքով Լեւոնին յաջողուեց քայքայել ընդդիմադիր միասնութիւնը՝ մէկին կաշառեց, մէկին համոզեց, իսկ մէզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մէզ չջարդեց, իսկ ինքը պարտուեց»: