Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգաւորման հարցում այլընտրանք չունի. Գալուզին

Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգաւորման հարցում այլընտրանք չունի. Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիայ 24» հեռուստաալիքին տուած հարցազրոյցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցութիւններին եւ կարգաւորման գործընթացին:

«Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգաւորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է եւ եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը։ Մեր այսօրուայ խնդիրն է օգնել մեր գործընկերներին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, դուրս գալ հաշտեցման եւ խաղաղ փոխգործակցութեան կայուն յետագիծ, որպէսզի տարածաշրջանում իրավիճակը լինի կայուն։ Մենք հասել ենք ընդհանուր ըմբռնման, թէ ինչպէս վերականգնել երկաթուղային հաղորդակցութիւնը տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Ադրբեջանից Սիւնիքով դէպի Նախիջեւան», — ասել է Գալուզինը։

Ռուսաստանը, նրա խօսքով, Երեւանին եւ Բաքուին խորհրդատուական ծառայութիւններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի շրջանակներում, քանի որ Մոսկուան տեղագրական նիւթեր ունի:

«ՌԴ-ն օգնութիւն է ցուցաբերում խաղաղ պայմանագրի կնքման հետ կապուած հարցերի ամբողջ համալիրի հարցում։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել խաղաղութեան պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցութիւնների համար։ Հուսով ենք, որ Երեւանում կգերակշռի այն ըմբռնումը, որ հէնց եռակողմ պայմանաւորուածութիւնների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգաւորման ամենաուսալի ճանապարհը, այլ ոչ թէ արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Եւրամիութեան ներգրաւմանն ուղղուած ջանքերը, որոնց գործունէութիւնն ուղղուած է ոչ թէ կարգաւորմանը աջակցելուն, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելուն, Հարաւային Կովկասում ուժերի հաւասարակշռութիւնը կոտրելուն եւ այդպիսով անկայունութեան եւս մէկ օջախ ստեղծել Ռուսաստանի հարեւանութեամբ», — ընդգծել է Գալուզինը։

alphanews.am

Share