ԱՄՆ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան իրական հնարաւորութիւն է տեսնում

ԱՄՆ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան իրական հնարաւորութիւն է տեսնում

Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան իրական հնարաւորութիւն է տեսնում եւ համարում է, որ դրանից կօգտուի ամբողջ տարածաշրջանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնել է ԱՄՆ պէտքարտուղարի եւրոպական եւ եւրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը։

«Մենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան իրական հնարաւորութիւն ենք տեսնում։ Մեզ ոգեւորում է այն, որ երկու կողմերը միմեանց հետ շփւում են ուղղակիօրէն եւ միջնորդների միջոցով։ Դա հաշուի առնելով՝ մենք իրական հնարաւորութիւն ենք տեսնում, որից ամբողջ տարածաշրջանը կարող է օգուտ ստանալ։ Օրինակ՝ եթէ Կենտրոնական Ասիայից առեւտրային հոսքերը լինէին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով դէպի Թուրքիայ, ապա դա զգալի խթան կը լինէր այդ առեւտրային ուղու վրայ գտնուող բոլոր երկրների համար։ Մենք կողջունէինք, եթէ այդ հնարաւորութիւնը լինէր դրա (խմբ․՝ խաղաղութեան համաձայնագրի) մի մասը», — ասել է պէտքարտուղարի օգնականը լրագրողների հետ հեռախօսակապով շփման ժամանակ։

Օ’Բրայենը յաւելել է, որ եթէ նման ուղի չստեղծուի խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն զգուշացրել է այն հետեւանքների մասին, որ կը լինէն այլ կերպ առաջ շարժուելու դէպքում։

«Միեւնոյն ժամանակ, եթէ որոշում կայացուի դա չանել խաղաղ ճանապարհով, ապա մենք պէտք է օգտագործենք հնարաւոր բոլոր գործիքները, որպէսզի խուսափենք այդ տեսակի առեւտրային ճանապարհի ստեղծումից։ Այսպիսով, մենք կողմերին շատ յստակ ասել ենք, թէ ինչ յոյս ունենք տեսնել, եւ ասել ենք այլ կերպ առաջ շարժուելու հետեւանքների մասին։ Այսպիսով, մենք անհամբեր կսպասենք՝ տեսնելու, թէ ինչի կը հասնեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռուածութիւն են յայտնել շատ շուտով խաղաղութեան համաձայնագիր կնքելու հարցում, եւ կցանկանայինք տեսնել դրա իրագործումը», — ասել է պաշտօնեան։

Share