ԱՄՆ-ն հերքում է իր մասնակցութիւնը «Համասի» առաջնորդի սպանութեանը

ԱՄՆ-ն հերքում է իր մասնակցութիւնը «Համասի» առաջնորդի սպանութեանը

Միացեալ Նահանգները յայտարարել է, թէ կապ չունի «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիէի սպանութեան հետ: Թեհրանում տեղի ունեցած Հանիէի սպանութիւնը մեծացրել է տարածաշրջանում լարուածութեան կտրուկ աճի հաւանականութիւնը:

Իսմայիլ Հանիեին վերջին անգամ ողջ տեսել էին Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալութեան արարողութեան ժամանակ: Յաջորդ օրը նա սպանուեց՝ ենթադրաբար աւիահարուածի հետեւանքով:

Սինգապուրում գտնուող ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը Channel News Asia-ին ասել է, թէ Միացեալ Նահանգները ներգրաւուած չի եղել Հանիէի սպանութեանը եւ տեղեակ չի եղել դրանից:

«Կարծում եմ, ոչինչ չի խանգարում հասնել հրադադարի»,- յաւելել է նա:

Տակաւին ոչ ոք չի ստանձնել «Համասի» առաջնորդի սպանութեան պատասխանատուութիւնը, սակայն գաղտնիք չէ, որ Իսրայելը շարունակում է հետապնդել «Համասի» ղեկավարներին՝ անցած տարուայ հոկտեմբերի 7-ին հրէական պետութեան դէմ իրականացուած արիւնալի յարձակումից յետոյ, ինչի հետեւանքով առ այսօր Գազայում շարունակւում են ռազմական գործողութիւնները:

Այս ապրիլին իսրայէլական աւիահարուածի հետեւանքով սպանուել էին Հանիէի երեք որդիները:

Իրանի գերագոյն առաջնորդ Ալի Խամենէին, ով հիւրընկալել էր Հանիեին՝ սպանութիւնից մէկ օր առաջ, խոստացել է վրէժ լուծել։ Յայտարարութեամբ Խամենէին ընդգծել է․ «Մեր պարտքն ենք համարում մեր սիրելի հիւրի արեան վրէժը լուծել»:

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբայ Ամանին մեղադրել է ԱՄՆ-ին՝ ասելով. «Գիտենք, որ ամերիկացիները, սովորաբար, առաջնորդում եւ աջակցում են սիոնիստներին՝ նման յանցաւոր արարքներում»:

Հանիէի սպանութիւնը տեղի է ունեցել Բեյրութին հասցուած իսրայէլական հարուածից մէկ օր անց, ինչի հետեւանքով սպանուել էր Լիբանանում գործող եւ Իրանի աջակցութիւնը վայելող «Հեզբոլլահի» ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրը:

Իսրայելը մեղադրում է «Հեզբոլլահին» անցած հանգստեան օրերին իսրայէլական ուժերի կողմից օկուպացուած Գոլանի բարձունքներին հարուած հասցնելու մէջ, ինչի հետեւանքով զոհուել էին 12 դեռահասներ:

Արեւմտեան երկրները զսպուածութեան կոչ են անում կողմերին:

ԱՄՆ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինը յայտարարել է, որ պատերազմն անխուսափելի չէ։

«Ամէն ինչ անելու ենք, որպէսզի այս ամէնը չուերածուի աւելի լայն հակամարտութեան ողջ տարածաշրջանում»,- ասել է նա:

Զուգահեռաբար՝ շարունակւում են Իսրայելի բանակի ռազմական գործողութիւնները Գազայի հատուածում, եւ այս ամէնի ֆոնին անհասկանալի է, թէ ինչ կարելի է սպասել հրադադարի շուրջ բանակցութիւններից։ Միջնորդներ՝ Կատարի ու Եգիպտոսի ներկայացուցիչները նշել են, թէ Հանիէի սպանութիւնը բարդացրել է զինադադարին միտուած ջանքերը:

Իր հերթին՝ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը նշել է․ «Այն, ինչ ես գիտեմ, որ առկայ է հրամայական՝ հրադադար հաստատել, եւ մենք կը շարունակէնք աշխատել այդ ուղղութեամբ ամէն օր»:

Պաղեստինեան կողմի ներկայացմամբ, Գազայում շարունակուող ռազմական գործողութիւնների հետեւանքով առ այսօր զոհուել է աւելի քան 39 հազար հոգի։ Անցած տարուայ հոկտեմբերի 7-ին Իսրայելի դէմ «Համասի» իրականացրած յարձակման հետեւանքով սպանուել էր 1 200 մարդ, պատանդառուել՝ մօտ 250-ը:

VOA

Share