Միացեալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ «123-րդ համաձայնագրին» միանալու համար, ինչը թոյլ կը տայ ստանալ ամերիկեան միջուկային քաղաքացիական տեխնոլոգիաներ։
«ԱՄՆ կառավարութիւնը չի բացայայտում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք հաղորդել, որ Պետդէպարտամենտը պատշաճ ուշադրութիւն է դարձնում Հայաստանի դիմումին 123-րդ համաձայնագրին միանալու համար», – «Սիւիլնեթ»-ին տուած գրաւոր պատասխանում յայտնել է Պետդէպարտամենտի ներկայացուցիչը։
ԱՄՆ դաշնային օրէնքի համաձայն՝ այլ երկրներին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու համար պահանաջւում է ստորագրել ԱՄՆ Ատոմային էներգիայի գործակալութեան ակտի 123-րդ բաժինը։
Թարմացուած վերջին տուեալներով՝ ԱՄՆ-ն նման համաձայնութիւններ ունի 48 երկրների եւ տարածքների հետ։
Եթէ Հայաստանը միանայ այդ օրէնքին, այն կարող է ճանապարհ բացել Հայաստանում ամերիկեան ատոմակայան բացելու համար։
Դեռ մայիսին Երեւանը յայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցութիւններ է վարում Միացեալ Նահանգների, Ռուսաստանի եւ Հարաւային Կորեայի հետ։
Յուլիսի սկզբին Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանն, ասել էր, որ պրոցեսն առարկայական փուլ է մտել․ Երեւանը Վաշինգտօնի հետ իրաւապայմանագրային դաշտի կարգաւորումն է քննարկում՝ նշելով, որ այս պահին գնդակն ԱՄՆ դաշտում է։
«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետեւ մենք սկսենք աշխատել, սրանք հարցեր են, որ երկարաժամկէտ ենք լուծելու», – ասել էր Գրիգորեանն՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
“azatutyun”