Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրան-ԱՄՆ երկխօսութեան մասին յայտարարութիւններին՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում գրել է. սա հնարաւորութիւն է եւ նաեւ թեստ։ «Գնդակը Ամերիկայի դաշտում է»:
Այս բանակցութիւններում միջնորդը լինելու է Օմանը, որի միջոցով Իրանը ներկայացրել է Թրամփի պատասխանն ԱՄՆ-ին։ Օմանում անուղղակի բանակցութիւններում Իրանի պատուիրակութիւնը կգլխաւորի Արաղչին, իսկ ամերիկեան պատուիրակութիւնը կգլխաւորի ամերիկացի գլխաւոր բանակցող եւ Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում Թրամփի յատուկ ներկայացուցիչ Սթիւ Վիթկոֆը, իսկ միջնորդի դերը կը կատարի Օմանի արտգործնախարար Սայիդ Բադր Ալ-Բուսեյդը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յատուկ բանագնաց Սթիւ Վիթոկոֆը յայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցութիւններում։ Տեղեկութիւնը յայտնում է «Wall Street Journal»–ը։
Այսօր՝ ապրիլի 12-ին Օմանում տեղի կ’ունենան Թեհրանի եւ Վաշինգտօնի բանակցութիւնները, ամերիկեան կողմից կմասնակցի Վիթոկոֆը, Թեհրանը կը ներկայացնի երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Վիթոկոֆն ամերիկեան պարբերականին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերը» ենթադրում են Իրանի կողմից միջուկային զէնքի արտադրութեան դադարեցում:
Յատուկ բանագնացը յայտարարել է, որ Օմանի բանակցութիւնների ժամանակ Թրամփի վարչակազմի առաջին պահանջը կը լինի Թեհրանի կողմից միջուկային ծրագրի դադարեցումը, սակայն խոստովանել է, որ համաձայնութեան հասնելու համար կարող են փոխզիջումներ պահանջուել: Վիթոկոֆը յաւելել է, որ եթէ Իրանը հրաժարուի իր միջուկային ծրագիրը փակելուց, ապա այդ ինքն այդ հարցը կփոխանցի Թրամփին, որպէսզի ԱՄՆ նախագահը որոշի յետագայ քայլերը։ Պնդել, թէ իրանական պատուիրակութեան հետ առաջին հանդիպումն ուղղուած կը լինի վստահութեան կառուցմանը:
Միաժամանակ, միջնորդաւորուած երկխօսութեան յաջող արդիւնքի դէպքում Իրանի գերագոյն առաջնորդ այաթոլլայ Ալի Խամենէին կթոյլատրի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցութիւններ վարել։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Աւելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Թեմմի Բրիւսը յայտարարել էր, որ Օմանում սպասուող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թէ լիարժէք բանակցութիւններ: Նա նաեւ մեկնաբանել է Դոնալդ Թրամփի Իրանի դէմ հնարաւոր ռազմական գործողութիւնների մասին յայտարարութիւնները՝ նշելով, որ նախագահն ասում է այն, ինչ նկատի ունի եւ գործում է համապատասխանաբար՝ շարունակելով Թեհրանի վրայ ճնշում գործադրելու քաղաքականութիւնը: Մեկնաբանելով Իրանի հետ բանակցութիւնների հարցը Թրամփը յայտարարել է, որ ապրիլի 12-ին գրեթէ բարձր մակարդակով հանդիպում կը կայանայ: Յաւելենք, որ Իրանի եւ 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) միջեւ միջուկային համաձայնագիրը ստորագրուել է 2015 թուականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։ 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկաւ գործարքից եւ վերսկսեց Թեհրանի դէմ պատժամիջոցները: Իրանն ի պատասխան սկսեց փուլ առ փուլ հրաժարուել ստանձնած պարտաւորութիւններից՝ ներառեալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։ Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ժամկէտը լրանում է 2025 թուականի հոկտեմբերի 18-ին։