ԱՄՆ Պետքարտուղարութեան զեկոյց՝ Ադրբեջանի յարձագում Արցախի դէմ, սպանութիւններ, ուժայինների գործադրած խոշտանգումներ

ԱՄՆ Պետքարտուղարութեան զեկոյց՝ Ադրբեջանի յարձագում Արցախի դէմ, սպանութիւններ, ուժայինների գործադրած խոշտանգումներ

ԱՄՆ Պետքարտուղարութիւնը «2023 երկրի զեկոյցները մարդու իրաւունքների պրակտիկայի վերաբերեալ. Ադրբեջան» իր տարեկան զեկոյցում նշել է այնպիսի փաստէր, ինչպիսիք են 2023 թուականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դէմ ագրեսիան, երկրի անվտանգութեան ուժերի աշխատակիցների կողմից կամայական սպանութիւններն ու խոշտանգումները:

«Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողութիւն է իրականացրել՝ նպատակ ունենալով լիակատար վերահսկողութիւն սահմանել Լեռնային Ղարաբաղի վրայ։ 2022 թուականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը քաղաքացիական եւ առեւտրային փոխադրումների մեծ մասի համար՝ թոյլատրելով միայն կարճաժամկէտ մարդասիրական մուտքը, մինչեւ սեպտեմբերի 24-ը, երբ Ադրբեջանը վերաբացեց միջանցքը Լեռնային Ղարաբաղից միակողմանի երթեւեկութեան համար։

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատուածում Լեռնային Ղարաբաղի աւելի քան 100 հազար բնակիչներ՝ ըստ էութեան տարածաշրջանի բոլոր էթնիկ հայերը, փախել են Հայաստան»,- ասուած է ԱՄՆ Պետդէպի զեկոյցում:

Զեկոյցը միաժամանակ տեղեկութիւններ է պարունակում աննախադէպ թուով շիայ մահմեդականների ձերբակալութեան մասին։

«Տարուայ ընթացքում իշխանութիւնները ձերբակալել են աննախադէպ թուով այլախոհ շիայ մահմեդականների, որոնք գործել են կառավարութեան կողմից հաստատուած հաստատութիւններից դուրս՝ Իրանի հետ ենթադրեալ կապերի համար, ընդ որում քաղաքացիական հասարակութեան որոշ դիտորդներ հաշուել են, որ հազարաւոր մարդիկ են ձերբակալուել, առկայ են ստիպողաբար խոստովանութիւն կորզելու վերաբերեալ բազմաթիւ արժանահաւատ մեղադրանքներ:

Թեեւ այս ձերբակալութիւնները թիրախաւորուած էին իրանական լրտեսական ցանցերի դէմ, յայտնի մեղադրանքների ճնշող մեծամասնութիւնն առնչւում էր թմրանիւթերի վերաբերող յանցագործութիւնների հետ», — նշւում է զեկոյցում։

Զեկոյցում ընդգծւում է նաեւ, որ մարդու իրաւունքների հիմնարար խնդիրները ներառում են ապօրինի կամ կամայական սպանութիւնների, խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին արժանահաւատ հաղորդումներ, դաժան եւ երբեմն կեանքին վտանգ սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանաւորումներ, դատական իշխանութեան անկախութեանն առնչուող լուրջ հարցեր, քաղբանտարկեալներ եւ կալանաւորներ, երկրից դուրս անհատների տրանսազգային բռնաճնշումներ, կամայական կամ ապօրինի միջամտութիւն անձնական կեանքին, ենթադրեալ յանցանքի համար ընտանիքի անդամների պատիժը հարազատների կողմից, լուրջ խախտումներ հակամարտութեան ընթացքում, ներառեալ՝ քաղաքացիական բնակչութեանն անհրաժեշտ իրերի կանխամտածուած զրկումը եւ բնակչութեանը հումանիտար հասանելիութիւնից զրկելը, խօսքի ազատութեան եւ զանգուածայի լրատուամիջոցների ազատութեան լուրջ սահմանափակումներ, ներառեալ՝ լրագրողների նկատմամբ բռնութիւնները եւ այլ լուրջ յանցագործութիւնները:

Նշւում է, որ Ադրբեջանի կառավարութիւնը արժանահաւատ քայլեր չի ձեռնարկել՝ պատժելու համար այն պաշտօնեաներից շատերին, որոնք, ըստ տեղեկութիւնների, ոտնահարել են մարդու իրաւունքները։

«2020 եւ 2022 թուականների ռազմական գործողութիւնների ընթացքում Ադրբեջանի զինուած ուժերի կամ առանձին անձանց կատարած ենթադրեալ խախտումների վերաբերեալ կառավարութեան հետաքննութեան ընթացքում որեւէ առաջընթացի մասին չի զեկուցուել»,- նշուած է ԱՄՆ Պետքարտուղարութեան զեկոյցում։

Share