Տղաները հերոսութիւններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիւանագիտական ճակատում ձախողումներ են․ Թաթոյեան
«Ես այստեղ եմ որպէս ՀՀ քաղաքացի, որպէս ձեզանից մէկը, նաեւ այստեղ եմ, քանի որ այս հաւաքն ինքնաբուխ է»,- Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ յայտարարեց ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը։
Նրա խօսքով՝ այսօր վիճակն իսկապէս օրհասական է, Հայաստանը գտնւում է իրական պատերազմի մէջ։ «Մեր տղաները հերոսութիւններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիւանագիտական ճակատում մարդ չկայ, ամբողջութեամբ ձախողումներ են։ Մենք չենք կարող մէզ թոյլ տալ, որ մեր 18 տարեկան զինուորներին զոհողութեան ենթարկէնք, բայց դրա փոխարէն յետոյ քաղաքական, դիւանագիտական ճակատում ոչ մի բան չանենք»,- ասաց նա։
Արման Թաթոյեանը նաեւ նշեց, որ այսօրուայ վիճակը գործող իշխանութիւնների կոպիտ սխալների արդիւնքն է։
«Դեռ պատերազմից յետոյ, երբ ադրբեջանական զինծառայողները յանցաւոր գործողութուններով յայտնուել էին մեր ճանապարհներին, այդ ժամանակ արդէն ակնյայտ հիմքեր կային հեռացնելու նրանց, բայց գործող իշխանութիւնների անպատասխանատու, յանցաւոր յայտարարութիւնների պատճառով էլ աւելի ամրապնդուեց ադրբեջանական յանցաւոր ներկայութիւնը մեր սահմաններին»,- յայտարարեց Արմէն Թաթոյեանը։
Նրա խօսքով՝ ադրբեջանցիներն այժմ յանցագործութիւններ են կատարում այն տարածքներից, որոնց լեգիտիմացուած ներկայութիւնն ապահովել են այսօրուայ իշխանութիւնները։
«Ակնյայտ է, որ գործող իշխանութիւնները չէն կարողանում կառավարել երկիրը։ Նրանք պէտք է հեռանան, եկել է գործելու ժամանակը։ Կոչ եմ անում համախմբուել, որպէսզի օր առաջ հեռացնենք իշխանութիւններին, որ կարողանանք ապահովել երկրի զարգացում«,- յայտարարեց Արմէն Թաթոյեանը։
Աղբիւր` Panorama.am