<Ապառաժ>-ի զրուցակիցն է Արցախեան շարժման ակտիւիստ, Արցախի Խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարման պատգամաւոր Աշոտ Սարգսեանը։
—Լրացաւ Արցախեան ազգային-ազատագրական շարժման 37-ամեակը։ Ի՞նչ նշանակութիւն ունեցաւ 88-ի համազգային շարժումն ու ինչպե՞ս փոխուեց շարժման ընթացքը։
Արցախեան շարժումը Հայոց պատմութեան մէջ կը մնա որպէս ազգային-հոգեւոր զարթօնքի եւ փառաւոր յաղթանակի զօրաւոր մի էջ: Այն իր նշանակութեամբ վաղուց հատել է ազգայինի սահմանը եւ ստացել աշխարհաքաղաքական իմաստ` իր դրական եւ բացասական հետեւանքներով հանդերձ: Շարժման ընթացքում` Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում տանելով համոզեցուցիչ յաղթանակ, հայ ժողովուրդը վերահաստատել է հայկական կենսատարածքում` Հայկական բարձրաւանդակում իր ապրելու իրաւունքը: Յաղթանակի շնորհիւ Հայաստանը (ներառեալ Արցախը) հնարաւորութիւն է ստացել աշխարհին արժանապատուօրէն ներկայացնելու իր պահանջատիրութիւնը ոչ միայն ազատագրուած Արցախի նկատմամբ, այլ նաեւ չլուծուած Հայկական Հարցի վերաբերեալ:
—Ինչու՞ միացումը Մայր Հայաստանին այդպէս էլ չեղաւ, ինչպե՞ս փոխուեց շարժման ընթացքը։
-Ցաւօք սրտի, հայկական դիւանագիտութիւնը, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի գլխաւորութեամբ, ի զօրու չի եղել, աւելի ճիշտ չի ցանկացել միջազգային հանրութեանը ըստ արժանուոյն հրամցնելու հայ ազգի օրինական եւ իրաւական պահանջները: Ռազմի դաշտում տարած փառաւոր յաղթանակը, յետագայ պարտուողական քաղաքականութեան հետեւանքով («Հայաստանը յաղթել է ոչ թէ պատերազմը, այլ ճակատամարտը»- ՀՀ Բանակի գերագոյն գլխաւոր հրամանատար) հայկական դիւանագիտութիւնը չկարողացաւ օգտագործել եւ պարտուած Ադրբեջանին պարտադրել իր պահանջները: Յաջորդ իշխանութիւնները, նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ, Հայկական Հարցից առանձնացրեցին Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման խնդիրը, դարձնելով այն արտաքին քաղաքականութեան ուղղութիւններից մէկը եւ հասան որոշ յաջողութիւնների: Բայց, այսպէս կոչուած ղարաբաղայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ տարուող աշխատանքները վնասուեցին` ԼՂՀ-ն դադարեց բանակցութիւնների լիարաւ կողմ լինելուց: Իմ կարծիքով` ղարաբաղայ-ադրբեջանական հիմնախնդիրն այնպէս, ինչպէս ներկայացւում էր, գոյութիւն չունի: Այն գերտէրութիւնների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, կողմից արհեստականօրէն ստեղծած քաղաքական ծուղակ էր, որի նպատակն էր եւ է` տարածաշրջանում պահպանել իրենց ազդեցութիւնը:
Փաստն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանն անկախացել էր եւ իրաւական տեսանկիւնից կորցրել իր ազդեցութիւնը բռնակցուած Արցախի եւ Նախիջեւանի նկատմամբ: Այդ մասին այնքան է գրուել, որ աւելորդ ենք համարում նորից կրկնելը:
Նախիջեւանը հայաթափուել է, իսկ Արցախը ազգային-ազատագրական պայքարի շնորհիւ ձեռք է բերել փաստացի անկախութիւն եւ ազատօրէն կարող էր վերամիաւորուել Հայաստանին կամ ստեղծել անկախ պետութիւն: Ադրբեջանը պատերազմել է Արցախի դէմ, տեղահանել Հիւսիսային Արցախի հայ բնակչութեանը, գրաւել Շահումեանի շրջանը եւ Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասէր, բայց եւ կրել խայտառակ պարտութիւն:
Ազգային-ազատագրական պայքարի շնորհիւ արցախահայութիւնը, ազատագրելով իր հայրենիքի մի զգալի մասը, կառուցել է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն, իհարկէ՝ ըստ Սահմանադրութեան, այլ ոչ իրականում:
Թէ դա ինչքանո՞վ է արդարացուած կամ ճշմարիտ քայլ, ժամանակը ցոյց տուեց, որ Միացումից հրաժարումը ազգային դաւաճանութիւն էր:
Երեսունեօթ ամեայ բարձունքից նայելով եւ ծանօթ լինելով Արցախեան ազգային-ազատագրական շարժման վերաբերեալ բազմաթիւ հրապարակումների, կարծում եմ` Շարժումը կարօտ է համակողմանի, գիտական ուսումնասիրման եւ ճիշտ գնահատականի:
-Փորձենք Արցախեան ազգային-ազատագրական շարժումը ներկայացնել փիլիսոփայութեան եւ հոգեւոր-աստուածաբանական տեսանկիւններից:
Փիլիսոփայութիւնից յայտնի է, որ ազգային-ազատագրական յեղափոխութիւնը ծնունդ է առնում ազգային-ազատագրական շարժումից եւ ուղղուած է.
— օտարերկրեայ տիրապետութեան վերացման,
— ազգային անկախութեան նուաճման,
— ազգային- գաղութային ճնշման ու շահագործման ոչնչացման,
— ազգերի ինքնորոշման իրաւունքի իրականացման,
— ազգային պետութեան ստեղծման,
— այլ պետութեան հետ միաւորման կամ համադաշնութեան ստեղծման:
Վերը շարադրուածից դժուար չէ եզրակացնել, որ արցախեան ազգային-ազատագրական շարժումը վերածուել է յեղափոխութեան, եւ արդիւնքում ստեղծուել է անկախ պետութիւն: Իսկ ինչու՞ չի վերամիաւորուել Հայաստանին, մի՞թէ մեր նպատակը անկախ պետութեան ստեղծումն է եղել:
Նման բազմաթիւ հարցերին ի պատասխան, նշւում է, որ տուեալ ժամանակահատուածում միակ եւ ճշմարիտ քայլը դա է եղել: Որպէսզի հարցի պատասխանը թերի չմնայ, աւելացնում են նաեւ, որ «անկախ պետութիւնը» միջոց է նպատակին` Միացմանը հասնելու համար: Նախ` միամտօրէն հարց տանք, որ եթէ իրօք անկախ պետութեան ստեղծումը անհրաժեշտ քայլ է եղել, ապա ինչու՞ այդ քայլը առաջադրող կամ պարտադրող պետութիւնը կամ պետութիւնները ԼՂՀ անկախութիւնը չէն ճանաչել: Բացի դրանից` անկախ պետութիւն ստեղծելու եւ միջազգայնօրէն ճանաչուելու գործնթացը աւելի բարդ է, քան ճանաչուած պետութեան կազմի մէջ մտնելը, մանաւանդ որ առկայ են թէ´ իրաւական, թէ´ պատմական բոլոր հիմքերը:
Գոյութիւն ունէր շրջանառուող մի այլ տեսակէտ, ըստ որի ԼՂՀ անկախութեան հռչակումը փոխզիջում էր: Այդ տեսակէտի կողմնակիցների հիմնաւորումը շատ թոյլ է եւ խոցելի: Նախ` հետաքրքիր է իմանալ. Ադրբեջանը ընդունե՞լ է այդ փոխզիջումը եւ դրա փախարէն ի՞նչ է զիջել: Բացի դրանից` Ադրբեջանի համար ի՞նչ տարբերութիւն, թէ Արցախը բաժանուելուց յետոյ (իրաւաբանօրէն` վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1989թ. դեկտեմբերի 1-ին) անկախ պետութիւն է ստեղծում, թէ միանում է այլ պետութեան:
Մի կարեւոր հանգամանք եւս. հայկական դիւանագիտութիւնը, այսպէս կոչուած, ղարաբաղեան հիմնախնդրի լուծման հարցում առաջնային է համարում ազգերի ինքնորոշումը, դրանով իսկ նսեմացնելով տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Բայց իրականում այդ սկզբունքները ոչ միայն չէն հակասում, այլ լրացնում են մէկը միւսին: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք հայերս ազգային-ազատագրական պայքարի ենք ելել ոչ թէ օտարի տարածքում ինքնորոշուելու, այլ` վերացնելու օտարի գաղութային լուծը, շահագործումը, վերականգնելու պատմական արդարութիւնը եւ վերամիաւորուելու Մայր Հայաստանին: Աւելի պատկերաւոր ասած. երկարութիւնը չափելու համար փոխանակ օգտագործելու մետրը, օգտագործել եւ օգտագործում ենք մեր ձեռքի տակ եղած կամ օտարների կողմից մէզ տրուած կիլօգրամը: Փոքր ինչ ծանօթանալով ՄԱԿ-ի անդամ պետութիւնների վերջին 70 տարիների պատմութեանը, դժուար չէ համոզուել, որ դրանց մեծամասնութիւնը ազգային-ազատագրական պայքարի շնորհիւ են թօթափել օտարների լուծը եւ ձեռք բերել անկախութիւն: Մի՞թէ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի հարիւրից աւելի պետութիւններ չէն պայքարել օտարների դէմ, ազատագրել իրենց հայրենիքը եւ շարունակել զարգանալ այն ուղղութիւններով, որ նախագծել էին: Հարց է ծագում.« Ինչու՞ Արցախը չէր կարող հետեւել նրանց օրինակին»:
Մի զարմանալի հանգամանք եւս կապուած Կոսովոյի անկախութեան հետ: Մինչեւ Կոսովոյի անկախութեան հռչակագրի ընդունումը հայկական դիւանագիտութեան մէջ իշխում էր այն տեսակէտը, որ Կոսովոն կարող է նախադէպ դառնալ սառեցուած հակամարտութիւնների լուծման համար: Իհարկէ, «քաղաքական խաղի» տեսանկիւնից կարելի է հասկանալ մեր դիւանագէտներին եւ քաղաքական գործիչներին` ինչու՞ չօգտագործել ընձեռած ցանկացած հնարաւորութիւն: Բայց Կոսովոյի անկախութեան հռչակումից յետոյ բոլորին պարզ դառաւ, որ հերթական անգամ կիրառուել են կրկնակի ստանդարտներ, որ Կոսովոն նախադէպ լինել չի կարող, աւելի ճիշտ` կարող է, եթէ «վերեւից» այդպէս ցանկանան: Մեր պարագայում, հաստատ, չէն ցանկանայ (մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է դէմ, ինչ մնաց «օտարները»…):
Ուրիշ կարեւոր մի իրաւական որոգայթ էլ գոյութիւն ունի, եթէ Կոսովոն ընդունում ենք որպէս նախադէպ, արդեօ՞ք դա չի նշանակում, որ հաստատում ենք այն դրոյթը, որ ԼՂՀ-ն Կոսովոյի նման օգտուելով ազգերի ինքնորոշման իրաւունքի հանրաճանաչ սկզբունքից, օտար պետութեան մէջ, օտար տարածքում անկախանում է:
Չխորանալով փիլիսոփայութեան խորխորատներում, փաստենք, որ արցախեան ազգային-ազատագրական շարժումը չի հասել իր բաղձալի նպատակին, այսինքն` վերամիաւորում Մայր Հայաստանին տեղի չի ունեցել:
Դեռ աւելին` ԼՂՀ-ն ընդունելով Սահմանադրութիւն, որտեղ մի բառ անգամ չկայ Հայաստանի Հանրապետութեան եւ մեր ամբողջական հայրենիքի մասին, էլ աւելի է հեռացել Շարժման բուն նպատակից: Արդիւնքն եղել է այն, որ օր-օրի խորացել են արհեստականօրէն ստեղծուած տարաձայնութիւնները եւ հակասութիւնները: Զաւեշտը հասել է այն աստիճանին, որ Հայաստանում նախագահական ընտրութիւնների նախընտրական, եւ մանաւանդ հետընտրական փուլում, երբ ազգի մի փոքրիկ հատուածը պետականօրէն նշում է Արցախեան ազգային-ազատագրական շարժման 20-ամեակը (ամբողջ տարին յայտարարուած է Շարժման տարի) Երեւանում` Լեւոն Տեր-Պետրոսեանի գլխաւորած բազմահազարանոց միտինգներից մէկում, որպէս Հայաստանի համար թշմական կամ ոչ բարեացկամ ազգ նշուել է նաեւ «ղարաբաղցի» ազգը: Ում, եթէ ոչ` բազմաթիւ մահացած եւ կենդանի ազգերի լեզուների քաջահմուտ գիտակ Լեւոն Տեր-Պետրոսեանին յայտնի պիտի լինի, որ ներկայիս Հայաստանը (ներառեալ ազատագրուած Արցախը), որը կազմում է պատմական Հայաստանի մօտ 10 տոկոսը, հիմնականում ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Գուգարք նահանգների մի փոքր մասը, Արցախը եւ Ուտիքը` կիսով չափ եւ Սիւնիքը ամբողջութեամբ: Ներկայիս Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան զգալի մասը կազմում են պատմական Հայաստանի բոլոր նահանգներից ներգաղթած մեր հայրենակիցները: Փաստ է նաեւ, որ ՀՀ բնակչութեան
320-350 հազարը արմատներով արցախահայեր են (մէջբերումը՝ սցենարիստ, ռեժիսոր Բոգդան Աթանեսեանի գիտական աշխատանքից), որն իր թուաքանակով միայն համեմատելի է սիւնեցիների հետ: Ազգն` ըստ բնակութեան վայրի տարանջատող եւ ընդունող մեր հայրենակիցներին զգաստացնելու համար նշէնք, որ անմտութիւն է ազգի մեծ հատուածը փոքրին հակադրելը, մանաւանդ, որ մեծ հատուածի մէջ երեք անգամ աւելի շատ արցախահայեր են բնակւում քան բուն Արցախում:
Միտինգներում բազմաթիւ անգամ հնչեցուել է նաեւ այն տեսակէտը, որ ազգի մի հատուածը կարելի է զոհաբերել հանուն ընդհանուրի բարօրութեան: Այսինքն` Արցախից ցանկացած գնով «ազատուելով» ազգի մանցած հատուածի` Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան համար կը բացուէն նոր հեռանկարներ եւ ազգը կբարգաւաճի: Այդ տեսակէտի կողմնակիցները նոր չէն ի յայտ եկել. առաջացել են արցախեան ազգային-ազատագրական շարժման ժամանակ եւ արմատաւորուել պատերազմի տարիներին: Նրանց համար բերէնք մի օրինակ: Պատկերացնենք. մի մարդ ունի չորս զաւակ:
Նրան առաջարկում են, որ զաւակներից մէկին զոհաբերի կամ յանձնի իր ոխերմ թշմանուն, որպէսզի մնացածը ապրէն լաւ ու բարեկեցիկ կեանքով: Ի՞նչ եք կարծում, այդ մարդը կզոհաբերի իր զաւակներից մէկին, անկախ նրանից թէ´ այդ երեխան ամենաաչքաբացն, ամենախելօքն ու խիզախն է, թէ´ հիւանդն է ու տկարը: Որպէս բազմազաւակ հայր, համոզուած եմ, որ ոչ մի ծնող այդ քայլին չի դիմի, եթէ հոգեկան խանգարումներ չունի կամ գոնէ ունի տարրական կրթութիւն: Վերջինս` այն պարզ պատճառով, որ հաստատ ծանօթ կը լինի Հովհաննես Թումանեանի «Չարի վերջի» աղուէսին, որը մէկ կկուի ձագ ստանալուց յետոյ յաջորդն է պահանջում, այն էլ ստանալուց յետոյ` վերջին ձագն է պահանջում: Իսկ հայ ժողովրդի պատմութեանը ծանօթները պէտք է յիշէն Դաւիթ Բեկի խօսքը.«Եթէ կորցնենք Նախիջեւանը, Սիւնիքը, Արցախը եւ Ուտիքը` Հայաստանը կուերանայ աշխարհի երեսից»:
Նոյն միտքն է արտայայտել նաեւ Մոնթէ Մելքոնեանը.«Եթէ կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմութեան վերջին էջը…»:
Յետաքրքիր է իմանալ, եթէ իրավիճակը պարտադրի Ջաւախքում ազգային- ազատագրական պայքար սկսել, արդո՞ք այն կկրի համահայկական բնոյթ (ինչպէս եղել է Արցախում), թէ ՀՀ-ում բնակուող ազգի մի հատուածը, «կեանքի փորձից ելնելով», նրանց էլ կը համարէն «ջաւախեցի» ազգ ու չէն միջամտի օտարի ազգային խնդիրներին: Ցաւալի է, որ Հայաստանի Հանրապետութիւնում Նախիջեւանը համարեայ մոռացութեան են մատնել, մի՞թէ այդքան կարճ է մեր պատմական յիշողութիւնը:
Արցախեան ազգային-ազատագրական շարժումը դիտարկէնք հոգեւոր-աստուածաբանական տեսանկիւնից:
Աստուածաշնչից յայտնի է` «Ձայն բազմաց, ձայն Աստծոյ» արտայայտութիւնը: Շարժման առաջին իսկ օրուանից՝ փետրուարի 13-ին (Հայ Առաքելական Եկեղեցու տօնացոյցով Տեառնընդառաջի նախատօնակի օրն է) հազարաւոր մարդիկ հրապարակում հաւաքուած պահանջում էին Արցախի վերամիաւորումը Մայր Հայաստանին, այսիքն` խաթարուած արդարութեան, ճշմարտութեան վերականգնում: Անկախ նրանից, որ այդ ժամանակ ժողովրդի մեծամասնութիւնը Հայ Եկեղեցու հաւատացեալներ չէին, միեւնոյն է` նրանք կամայ, թէ ակամայ առնչուել են Բարձրեալի հետ այն պարզ պատճառով, որ կատարեալ արդարը եւ ճշմարիտը Աստուած է: Եւ պատահական չէ, որ Շարժման սկզբնական տարիներին ժողովրդի մի ստուար մասը դարձի է եկել առ Աստուած եւ դարձել Հայ Առաքելական Եկեղեցու զաւակներ: Այդ տարիներին Մայր Հայաստանում եւ Արցախում աննախադէպ ազգային եւ հոգեւոր վերազարթօնք է եղել, որն էլ հանդիսացել է գրաւականը մեր ապագայ յաղթանակների:
1988թ. մարտի 24-ին ԽՍՀՄ ղեկավարութիւնը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ին տրամադրել 400-450 միլիոն ռուբլի, որպէսզի այն նպատակաուղղուի մարզում կուտակուած սոցիալ-տնտեսական եւ մշակութային հարցերը լուծելուն: Բնականաբար, արցախահայերը հրաժարուել են այդ գումարից, հասկանալով, որ դա Շարժումը մեղմելու ու կասեցնելու միջոց է:
Արցախեան ազգային-ազատագրական շարժման ամենաեռուն շրջանում Ադրբեջանի իշխանութիւնները սովի են ենթարկել արցախահայութեանը: Բայց եղել է մի պահ, որ տօննաներով սննդամթերք եւ տարատեսակ խմիչքներ են ուղարկել: Ստեփանակերտի երկաթուղային կայարանում վագոնները բեռնաւորուած օրերով սպասել են, բայց ոչ ոք չէր մօտեցել բեռնաթափելու: Վերը նշուածները համեմատելի են Հիսուսի անապատում փորձութեան հետ:
Ըստ Ղուկասի աւետարանի.«Երբ նա քառասուն օր չկերաւ ու չխմեց, եւ երբ դրանք լրացան, քաղց զգաց: Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծու Որդի ես, այդ քարին ասայ´, որ հաց լինի»: Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Գրուած է. միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ` Աստծոյ ամէն խօսքով»:
Առաջին լուրջ փորձութիւնը յաղթահարուած էր: Դրան հետեւեց յաջորդը` ԽՍՀՄ ղեկավարութիւնը մի շարք հեղինակաւոր հաեորդիների հրաւիրեց Մոսկուայ եւ նրանց իշխանութիւն, բարձր պաշտօններ խոստացաւ, Արցախում մտցուեց ԽՍՀՄ-ում նախադէպը չունեցող իշխանութիւն` Յատուկ կառավարում, միայն թէ վերջ տրուի ազգային-ազատագրական շարժմանը: Արցախահայութիւնը այդ փորձութեանն էլ դիմացաւ, որի Աստուածաշնչեան զուգահեռը հետեւեալն է.«Եւ սատանան բարձրացնելով Նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները եւ ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փառքը…Արդ եթէ դու իմ առաջ ընկած երկրպագէս, բոլորը քոնը կը լինէն»: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. «Գրուած է` քո Տեր Աստծուն պիտի երկրպագէս եւ նրան պիտի պաշտես»:
Երրորդ փորձութիւնը, որին դիմացաւ արցախահայութիւնը` դա պատերազմն էր:
Եօթ միլիոն բնակչութիւն ունեցող Ադրբեջանը միջազգային հանրութեան եւ աշխարհի գերտէրութիւնների թողտուութեան պայմաններում յարձակուեց 150 հազար խաղաղ բնակիչ ունեցող Արցախի վրայ: Մինչեւ պատերազմը սկսուելը «հայրենի իշխանութիւնները» զինաթափել էին արցախահայութեանը, անգամ որսորդական հրացաններն էին նախօրօք առգրաւել: Այս անգամ փորձութեան էր դրուած Հայրենիքի պաշտպանութիւնը: Այդ ժամանակ Արցախում տարբեր լուրեր էին պտտւում, անգամ «հաւաստի աղբիւրները» հաստատում էին, որ պատրաստ են արցախահայութեանը քաղաքական ապաստան տրամադրել այլ երկրներում, մասնաւորապէս` Աւստրալիայում: Արցախահայերը կարող էին հանգիստ թողնել իրենց բնօրրանը եւ տեղափոխուել Հայաստանի Հանրապետութիւն կամ այլ երկրներ, բայց նրանց մէջ արթնացել էր Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնեանի, Դաւիթ Բեկի, Աւան հարիւրապետի, Թեւան Ստեփանեանի, Դանիել Բեկ եւ Պողոս Բեկ Փիրումեանների, Անդրանիկ զօրավարի, Գարեգին Նժդեհի, Նիկոլ Դումանի, Արամ Մանուկեանի եւ այլ երեւելինէրի արիւնը, Հայոց սրբերի ոգիները: Եւ հայը պաշտպանել է իր հայրենիքը…
Իսկ Աստուածաշունչը այդ ուղղութեամբ քանի-քանի դար յուշում է.«Եւ տարաւ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծոյ Որդի ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետեւ գրուած է. «Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահէն. եւ իրենց ձեռքերի վրայ կբռնէն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց.« Ասուած է` քո Տեր Աստծուն պիտի չփորձես»: Այո ´ Աստծոն չէն փորձում, ինչպէս նաեւ փորձելու ենթակայ չէն մեր ազգի ինքնութեան չորս հիմնասիւները` Հայրենիքը, Հայոց լեզուն, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հայ Դատը (համայն հայութեան իրաւունքները ):
Հոգեւոր տեսանկիւնից գնահատելով ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութեան եւ անկախութեան ճանաչմանը ձգտող Արցախի Հանրապետութեան ներկայ կացութիւնը` դժուար չէ նկատել, որ երկու պետութիւնների միջեւ ծագող հակասութիւնների հիմնական պատճառը եղել է եւ մնալու է ազգի բաժանումը երկու միաւորների: Ընդդիմախօսները կարող են նշել, թէ դա զուտ քաղաքականութիւնից դրդուած իրավիճակ է, ինչպէս ընդունուած է նշել` օտարների համար ենք մենք անկախ, իրականում միասնական պետութիւն ենք: Տա Աստուած, այդպէս լինէր: Աստուածաշնչում մեր պարագայի համար է գրուած. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն` կործանւում»: Իհարկէ, շատ խիստ է գրուած, բայց ճշմարտութիւնը պարտաւոր ենք ընդունելու:
Վտանգուած է Հայաստանի Հանրապետութեան որպէս պետութիւն գոյութիւնը:
Հայաստանի Հանրապետութեան ներկայիս իշխանութիւնների պարագայում, ազգադաւ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան օրօք, միամտութիւն կը լինի մտածել անգամ արցախահայութեան Արցախ վերադարձի մասին, քանի որ վտանգուած է Հայաստանի Հանրապետութեան որպէս պետութիւն գոյութիւնը:
Համոզուած եմ, որ ազգային ուժերի համախբումով ՀՀ ներկայ իշխանութիւններին ուղարկելու ենք պատմութեան աղբանոցը, եւ կատարուելու մեր երազանքը՝ Արցախը միանալու է Մայր Հայաստանին: