ԱՄՆ նաընտրական քարոզարշաւի յատկապէս վերջին շաբաթներին Քամալայ Հարիսն ու Դոնալդ Թրամփը փորձում են իրենց կողմը գրաւել ընտրողների համեմատաբար փոքր խմբին, որի ներկայացուցիչներն ասում են, թէ դեռ չէն կողմնորոշուել՝ ո՞ւմ են տալու իրենց ձայնը:
Նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրութիւններին ընդառաջ որոշ ամերիկացիներ արդէն իսկ քուէարկել են, քանզի նահանգների մի մասում սկսուել է վաղաժամ քուէարկութիւն:
Այդուհանդերձ, ընտրութիւնների ելքը որոշուելու է նոյեմբերին, եւ քուէարկողների մի զգալի զանգուած դեռ չի կողմնորոշուել, թէ ում օգտին է ձայն տալու՝ Քամալայ Հարիսի՞, թե՞ Դոնալդ Թրամփի
Նյու Եօրքում բնակուող Մերի Բեթ Ջովաչինին ասում է․ «Պարզապէս ուզում եմ տեսնել, ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են նրանք: Երկու հետաքրքիր մարդիկ են՝ տարբեր ծագմամբ»։
Որոշ գնահատականների համաձայն՝ այսպէս կոչուած, չկողմնորոշուած ընտրողները ԱՄՆ ընտրազանգուածը 3%-ն են:
Ջոն Ջոնսոնը Մարկէտ իրաւաբանական դպրոցի գիտաշխատող է․ «Կան մարդիկ, որոնք զուսպ են՝ չհրապարակելով, թէ ում օգտին են քուէարկելու։ Նրանք եւս դասւում են չկոմնորոշուած ընտրողների շարքին»:
Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագէտ Տատիշէ Նտատայի խօսքով՝ ընտրութիւններից շաբաթներ առաջ այլեւս ակնյայտ է, որ Հարիսի ու Թրամփի նախընտրական թիմերը նպատակաուղղուած քարոզարշաւ են տանում՝ շահելու չկողմնորոշուած ընտրողների համակրանքը. «Չկողմնորոշուած ընտրողների թիւն ամէն օր նուազում է: Մարդկանց մեծամասնութիւնը պատրաստւում է որոշում կայացնել մինչեւ ընտրութիւնների օրը, եւ, իրականում, կարեւոր է լինելու կուսակցութիւնների՝ տեղում արուող աշխատանքը»։
Բրուքինգզ ինստիտուտի ներկայացուցիչ Դարել Ուեսթը խօսում է այն խնդիրների մասին, որ բախւում են դէմոկրատներն ու հանրապետականները՝ չկողմնորոշուած ընտրողների համար պայքարում. «Թրամփը պէտք է ցոյց տա ամերիկացիներին, որ յարգում է օրէնքի գերակայութիւնը, որ խելագար ու քաոսաբեր չի լինի, եթէ նախագահ ընտրուի: Միւս կողմից, Հարիսը քիչ փորձ ունի: Նա պէտք է համոզի ընտրողներին, որ կարող է դառնալ նախագահ»:
Ջոն Ջոնսոնը շարունակում է, թէ աւելի յայտնի լինելով՝ Թրամփն ունի եւ՛ առաւելութիւններ, եւ՛ խոցելի տեղէր. «Դոնալդ Թրամփը երրորդ անգամ է մասնակցում նախագահական ընտրութիւններին, ուստի մարդկանց մեծամասնութիւնն արդէն իսկ որոշակի կարծիք ունի նրա մասին։ Երկու կուսակցութիւններն էլ քրտնաջան աշխատում են՝ համոզելու, որ չկողմնորոշուած ընտրողները քուէարկէն [իրենց թեկնածուի օգտին]»:
Նորութիւն չէ, որ չկողմնորոշուած ընտրողները ի զօրու են որոշել քուէարկութեան ելքը յատկապէս տատանուող նահանգներում, ինչն էլ կարող է ազդել ԱՄՆ ողջ ընտրութիւնների արդիւնքների վրայ։
VOA