Ճշմարտութեան, արդարութեան, հատուցման եւ չկրկնուելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ յատուկ զեկուցող Ֆաբիան Սալուիոլին ներկայացրել է իր զեկոյցը 2023 թուականի նոյեմբերի 16-ից 24-ը Հայաստան կատարած այցի վերաբերեալ։Զեկոյցում նշուել է, որ այն վարչակազմերը, որոնք կառավարել են Հայաստանը 1991 թուականին խորհրդային իշխանութիւնից անկախանալուց ի վեր, ընդունել են մի շարք միջոցառումներ՝ ուղղուած խորհրդային իշխանութեան ժամանակ, աւտօկրատ կառավարութիւնների կողմից եւ Արցախեան հակամարտութեան ընթացքում կատարուած մարդու իրաւունքների խախտումների ժառանգութեան չեզեքացման համար:
Թեեւ նման միջոցները ներառուած չէն եղել անցումային արդարադատութեան գործընթացում կամ պաշտօնապէս չէն դիտարկուել որպէս նման օրակարգի մաս, դրանցից շատերն ուղղուած են եղել այնպիսի խախտումների բացայայտմանը, որոնցից տուժել են հայ զինուորները կամ հակամարտութեան զոհերը։
Այդուամենանիւ, քրէական արդարադատութեան, փոխհատուցման եւ մարդու իրաւունքների նախկին խախտումների յիշատակման ոլորտներում ճշմարտութեան որոնման մեխանիզմների եւ դրանց ստեղծման ուղղութեամբ առաջընթացը եղել է անհետեւողական:
Ճշմարտութեան որոնողական մասնագիտացուած առանձին նախաձեռնութիւնները, որոնց նպատակը եղել է 1991-ից ի վեր խախտումների ու չարաշահումների հետաքննութիւնը եւ արձանագրումը, չէն ընդունուել։ Կենսական է, որ Հայաստանը ստեղծի անկախ մեխանիզմ՝ ուսումնասիրելու եւ արձանագրելու մարդու իրաւունքների խախտումները, եւ դրանք հասանելի դարձնի ներկայ եւ ապագայ սերունդներին:
Յատուկ զեկուցողը ողջունում է փաստահաւաք յանձնաժողովի ստեղծման ծրագրերը, սակայն զգուշացնում է, որ այն պէտք է երաշխաւորի անկախ եւ արդիւնաւետ հետաքննութիւնը եւ հաշուետուութիւն տրամադրելու իրաւասութիւնները՝ համապատասխան միջազգային չափանիշներին, որոնք կիրառելի են ճշմարտութիւն որոնող կազմակերպութիւնների համար: Չափից դուրս ուժի կիրառման, խոշտանգումների, կասկածելի մահուան եւ կամայական կալանաւորման բազմաթիւ դէպքերի քրէական հետաքննութիւնը սակաւ է եղել՝ քաղաքական կամքի բացակայութեան եւ անարդիւնաւետ հետաքննութեան պատճառով: Յատուկ զեկուցողն ընդգծում է, որ դատախազական եւ դատական իշխանութիւնները պէտք է շտապ ուժեղացնեն ջանքերը՝ կատարելու իրենց ազգային եւ միջազգային պարտականութիւնները՝ պատասխանատուութիւն ապահովելու մարդու իրաւունքների խախտումների եւ չարաշահումների համար:
Թեեւ Հայաստանը չի ընդունել փոխհատուցման համապարփակ սխեմայ, ներպետական օրէնսդրութեան կամ կառավարութեան որոշումների համաձայն՝ փոխհատուցում է տրուել խորհրդային բռնաճնշումների զոհերին, հակամարտութեան ընթացքում զոհուած կամ անաշխատունակ զինուորներին, հակամարտութեան խաղաղ զոհերին եւ 2008 թուականի մարտի 1-ի դէպքերի զոհերին։ Սակայն այլ դէպքերում՝ մարդու իրաւունքների ոտնայարման հետ բախուած անձիք ստիպուած են եղել պայքարել փոխհատուցում ստանալու համար:
Յատուկ զեկուցողի ժամանումը Հայաստան համընկել է հակամարտութեան արդիւնքում Արցախից 115 հազար հայերի բռնի տեղահանման հետ։ Նա հանդիպել է փախստականների եւ իշխանութիւնների հետ ընդունող համայնքներում, ինչպէս նաեւ Երեւանում, որտեղ ականատեսն է եղել տեղահանուած բնակչութեան ցաւին ու հրատապ կարիքներին։ Նա իր համերաշխութիւնն է յայտնել փախստականներին, որոնց տրամադրուել են հիմնական ծառայութիւններ, բնակարանային եւ ապրուստի միջոցներ: Այնուամենանիւ, միջնաժամկէտ լուծումները պէտք է տրուէն միջազգային հանրութեան աջակցութեամբ եւ խորհուրդներով: Նման միջոցների մշակումն ու իրականացումը հրատապ խնդիր է։
Աշխատանքային սխեմաների եւ սոցիալական ծառայութիւնների գրանցումը պէտք է մշտադիտարկուի եւ վերանայուի, անհրաժեշտութեան դէպքում, ապահովելու դրանց իրականացումը, անկախ փախստականների քաղաքացիութեան կարգավիճակից, եւ կանխելու անսպասելի խոչընդոտներն այս առումով: Ի յաւելումն այս կարեւոր կարիքների՝ փախստականների համար հրատապ է եղել նաեւ Արցախում մնացած փաստաթղթերի հասանելիութիւնը, ինչպէս նաեւ այդ տարածքներում իրենց հարազատների գերեզմանոցների եւ մշակութային ժառանգութեան պահպանութիւնը։
Յատուկ զեկուցողը, արձագանքելով փախստականների կոչին, յորդորում է հակամարտութեան կողմերին եւ միջազգային հանրութեան համապատասխան անդամներին լսել նրանց խնդրանքը: Նա խաղաղ բանակցութիւնների կողմերին եւ գործընթացին առնչուող միջազգային հանրութեան անդամներին կոչ է անում ապահովել, որ Արցախին վերաբերող ցանկացած քննարկում կամ համաձայնագիր ներառի ճշմարտութեան մեխանիզմների ընդունումը (ներառեալ որոնումը հեշտացնելը, անյայտ կորածների եւ փաստահաւաքի գործընթացներ), մեղաւորներին քրէական պատասխանատուութեան ենթարկելը, զոհերի փոխհատուցումը, տեղահանուած բնակչութեան արխիւների եւ մշակութային ժառանգութեան պահպանումը եւ այդ ամէնը չկրկնուելու երաշխիքները։
Նման մեխանիզմները պէտք է ստեղծուէն միջազգային հանրութեան հովանու ներքոյ՝ ապահովելու բոլոր կողմերի անաչառութիւնն ու վստահութիւնը եւ կանխելու բռնութեան կրկնութիւնը։ Յատուկ զեկուցողը յիշեցնում է, որ անցումային արդարադատութեան միջազգային չափանիշները պէտք է արտացոլուէն եւ հիմք հանդիսանան բոլոր քննարկումների եւ ապագայ համաձայնագրերի համար: