ՄԱԿ-ի ԱԽ–ն պէտք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ–ում հումանիտար աղէտը կանխելու համար

ՄԱԿ-ի ԱԽ–ն պէտք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ–ում հումանիտար աղէտը կանխելու համար

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը պէտք է կատարի միջազգային խաղաղութիւնն ու անվտանգութիւնը պահպանելու իր պատասխանատուութիւնը, նա իր զինանոցում տարբեր միջոցներ ունի կանխելու համար հումանիտար աղէտը ԼՂ–ում։

Այս մասին BBC-ի Newshour ռադիօծրագրին տուած հարցազրոյցում ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարեանը։ Հարցազրոյցը նա հրապարակել է իր Twitter-յան էջում։

Նա յիշեցրել է, որ արդէն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական բեռներով աւտօշարասիւնը արգելափակուած է սահմանին, ու միջազգային հանրութիւնը պարտաւոր է կանխել նման յանցագործութիւնները։

«Ամենայարմարը կը լինի բանաձեւը, որը լիազօրում է Միաւորուած ազգերի կազմակերպութեան հումանիտար հարցերի համակարգման գրասենեակին (OCHA) գնահատող առաքելութիւն ուղարկել Լեռնային Ղարաբաղ եւ բնակչութեանն անհրաժեշտ մարդասիրական օգնութիւն հասցնել, ինչպէս նաեւ կատարել միջազգային դատարանի իրաւաբանօրէն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը»,– ասել է նա հարցազրոյցում։

Մհեր Մարգարեանը համոզմունք է յայտնել, որ այս իրավիճակը կապուած չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Մարդիկ տառապում են, քանի որ սնունդ ու դեղորայքը չի հերիքում, այնպէս որ միջազգային հանրութեան միջամտութիւնը խիստ անհրաժեշտութիւն է։

«Դա անհրաժեշտ է զանգուածային վայրագութիւնները կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Նա յիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրուարին միջանկեալ միջոց հրապարակեց, իսկ յուլիսին վերահաստատեց այն, ըստ որի՝ Ադրբեջանը պէտք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի (Բերձոր) միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչեւ օրս չի իրականացրել:

«Միաւորուած ազգերի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը երեք յայտարարութիւն արեց՝ մէկը դեկտեմբերին, միւսը՝ փետրուարին եւ վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անուէրապահօրէն իրականացնել միջազգային դատարանի որոշումը եւ վերահաստատելով դրա պարտադիր բնոյթը: Բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մեկ ամիս առաջ մենք նաեւ կոնկրէտ խնդրանքով դիմել ենք Անվտանգութեան խորհրդին՝ հրատապ եւ արդիւնաւետ գործողութիւններ ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի խախտման եւ ապահովել միջազգային դատարանի իրաւաբանօրէն պարտադիր վճիռները։ Մինչեւ հիմա ոչինչ չի արուել»,– ասել է Մհեր Մարգարեանը։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը յիշեցրել է, որ ցեղասպանութեան հարցով բազմաթիւ հեղինակաւոր գիտնականներ եւ փորձագէտներ յայտարարութիւններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչութեան նկատմամբ ցեղասպանութիւն իրականացնելու Ադրբեջանի յստակ մտադրութիւնների մասին։

Յիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանութեամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակէտ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրայ` այն ամբողջութեամբ առնելով իր վերահսկողութեան տակ։ Արցախը զրկուել է նաեւ Հայաստանից մատակարարուող գազից եւ էլեկտրաէներգիայից։

Յուլիսի 26-ին առաջին անհրաժեշտութեան շուրջ 400 տօննայ ապրանքով բեռնուած 19 բեռնատար Երեւանից ուղեւորուեցին շրջափակման մէջ գտնուող Արցախ։ Բեռնատարները հասել են Սիւնիքի Կոռնիձոր համայնք եւ մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

armeniasputnik.am

Share