Թուրքիայի արտաքին յաւակնութիւնները ձեւաւորողը

Թուրքիայի արտաքին յաւակնութիւնները ձեւաւորողը


Թուրքիայի հետախուզութեան պետի պաշտօնում նշանակուելուց մօտ մէկ տարի անց Հաքան Ֆիդանին գործուղեցին Դամասկոս՝ համոզելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին չճնշել խաղաղ բողոքի ցոյցերը:

Ֆիդանի փորձը ձախողուեց, եւ Ասադի 2011 թուականի դաժան հալածանքները ստիպեցին նրան գործ ունենալ քաղաքացիական պատերազմի հետ, որի հետեւանքով միլիոնաւոր փախստականներ ուղեւորուեցին Թուրքիայ, իսկ «Իսլամական պետութիւնը» (ISIS) սկսեց վերելք ապրել:

Անցեալ տարուայ դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Դամասկոս վերադարձած Ֆիդանին բոլորովին այլ ընդունելութիւն էր սպասում: Ժամանելուն պէս նրան ջերմօրէն գրկեց Ահմեդ ալ-Շարաան, որի ձեռնարկած յարձակումը վերջ դրեց Ասադի կառավարմանը եւ Անկարային դարձրեց Սիրիայում գերիշխող օտարերկրեայ խաղացող:

«Սիրիայի ամենամութ ժամանակաշրջանն արդէն անցել է», — ասել էր Ֆիդանը այցի ընթացքում: «Առջեւում լաւ օրերն են»:

Սա արդարացման պահ էր բարձրահասակ, նրբակիրթ լրտեսի համար, որը դիւանագէտ է դարձել վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայի ժամանակակից անվտանգային քաղաքականութեան գլխաւոր ճարտարապետներից մէկը հանդիսանալուց յետոյ: Այժմ, երբ Ֆիդանը դուրս է եկել ստուերից, եւ նրա հեղինակութիւնը երկրի ներսում աճում է, ոմանք նրան նոյնիսկ տեսնում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարաւոր հետնորդի դերում:



Թուրքիայի ազգային հետախուզական ծառայութեան (MIT) ղեկավարը հանդիսանալով 2010-ից 2023 թուականները, նա կենտրոնական դեր է խաղացել երկրի ռազմաւարութեան ձեւաւորման գործում Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքում՝ միաժամանակ հաւասարակշռելով յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Անկարայի դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ում, որտեղ Թուրքիան ունի երկրորդ ամենամեծ բանակը ԱՄՆ-ից յետոյ:

Ֆիդանը Անկարայի դերի հանրային դէմքն է Ասադից յետոյ Սիրիայի կայունացմանը նպաստելու գործում, միաժամանակ կառավարելով յարաբերութիւնները տարածաշրջանային հարեւանների հետ, որոնք զգուշաւոր են Թուրքիայի աճող ազդեցութեան նկատմամբ: Նա նաեւ պէտք է նաւարկի ՆԱՏՕ-ի ներսում առաջացած խառնաշփոթի միջով:

«Նախկինում ես ղեկավարում էի մեծ կազմակերպութիւն, իսկ հիմա այն ղեկավարում է ինձ», — ասում է նա Financial Times-ին տուած հարցազրոյցում՝ նկատի ունենալով իր անցումը հետախուզութեան աշխարհից համաշխարհային դիւանագիտութիւն:

Ֆիդանը վերջերս Լոնդոնում էր իր եւրոպացի գործընկերների հետ՝ քննարկելու արձագանքը Թրամփի փորձերին՝ ստիպել Ուկրաինային հրադադար կնքել Ռուսաստանի հետ եւ սպառնալիքներին՝ հեռանալ եւրոպական անվտանգութիւնից:

ԱՄՆ նախագահի գործողութիւնները «արթնացման ազդանշան են մէզ համար, որպէսզի միաւորուենք եւ ստեղծենք մեր սեփական ծանրութեան կենտրոնը», ասում է Ֆիդանը Financial Times-ին՝ աւելացնելով, որ Թուրքիան կցանկանար դառնալ ցանկացած նոր եւրոպական անվտանգութեան ճարտարապետութեան մասը, եթէ ՆԱՏՕ-ն փլուզուի:

«Ջինը բաց է թողնուած շշից, եւ նրան վերադարձնելու տարբերակ չկայ», — ասում է նա եւրոպական անվտանգութեան մասին:

«Անգամ եթէ նախագահ Թրամփն այս պահին չհանի զօրքերը Եւրոպայից, հնարաւոր է, որ ապագայում մէկ ուրիշը նման հայեացքներով եւ քաղաքական գաղափարներով կարող է դիտարկել Եւրոպայի անվտանգութեան մէջ Ամերիկայի ներդրման նուազեցման հարցը», — նշում է նա:

Սիրիայում, որտեղ Անկարան շարունակում էր աջակցել զինուած ընդդիմութեան մնացորդներին նոյնիսկ այն ժամանակ, երբ այլ տարածաշրջանային տէրութիւններ ձգտում էին վերականգնել յարաբերութիւնները Ասադի հետ, Թուրքիան հաւանաբար խաղալու է ամենակարեւոր դերը, իսկ Ֆիդանը իրադարձութիւնների կենտրոնում կը լինի:

Նախկին զինուորական Ֆիդանը երկար ժամանակ Էրդողանի ամենավստահելի անձանցից մէկն էր: Նա մնաց իր պաշտօնում անհանգիստ ժամանակներում, ներառեալ 2016 թուականի ռազմական յեղաշրջման փորձի ժամանակ, երբ MIT-ի գրասենեակը գնդակոծուեց:

Որպէս հետախուզութեան պետ նա վայելում էր արեւմտեան գործընկերների յարգանքը նոյնիսկ այն ժամանակ, երբ Էրդողանը լայնածաւալ ներքին ճնշումներ են իրականացնում՝ Ֆիդանի MIT-ի օգնութեամբ, եւ վարում էր աւելի ու աւելի ագրեսիւ արտաքին քաղաքականութիւն, որը յանգեցրեց ռազմական միջամտութիւնների Սիրիայում եւ Լիբիայում, ինչպէս նաեւ պարբերական վէճերի ԱՄՆ-ի եւ եւրոպական տէրութիւնների հետ:

Երբ Իրանը եւ Ռուսաստանը միջամտեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ աջակցելով Ասադին, Ֆիդանն օգնեց կառավարել բարդ յարաբերութիւնները Թեհրանի եւ Մոսկուայի հետ:

Ասադի հեռանալուց յետոյ Թուրքիան դարձաւ ամենաազդեցիկ օտարերկրեայ խաղացողը Սիրիայում՝ Իրանը ստիպուած էր դուրս բերել իր զօրքերը, իսկ Ռուսաստանը կորցրեց դաշնակցին Մերձաւոր Արեւելքի սրտում:

Անկարան պնդում է, որ ուղղակի աջակցութիւն չի ցուցաբերել «Հայաթ Թահրիր ալ-Շամին» (ՀԹՇ)՝ «Ալ-Քաիդայի» նախկին մասնաճիւղի ճիւղաւորմանը, որը գերիշխում է Սիրիայի ժամանակաւոր կառավարութիւնում: Ֆիդանը հերքում է, որ նախնական տեղեկութիւններ է ունեցել ՀԹՇ-ի յարձակման մասին, սակայն փորձագէտները կարծում են, որ ՀԹՇ-ն հազիւ թէ գործեր առանց Անկարայի համաձայնութեան՝ տարիներ շարունակ Թուրքիան առանցքային դեր է խաղացել խմբաւորման ռազմական ներուժի զարգացման գործում:

Ֆիդանը զարգացրել է յարաբերութիւնները Շարաայի հետ, որոնք սկսուել են 2017 թուականի գաղտնի հանդիպման ժամանակ, երբ ՀԹՇ-ն ամրապնդում էր իր վերահսկողութիւնը Իդլիբի վրայ: Այն ժամանակ Ֆիդանը խորհուրդ տուեց զինեալների առաջնորդին «խզել բոլոր կապերը ծայրայեղական խմբաւորումների հետ», ներառեալ «Ալ-Քաիդան» եւ ISIS-ը:

«Նա գնաց այդ ճանապարհով», — ասում է Ֆիդանը: Նա կարծում է, որ Շարաան այժմ «աւելի լաւ է հասկանում այն հասարակութիւնը, որի հետ գործ ունի»:

Թուրքիայի ընդլայնուող դերը Սիրիայում նոր հնարաւորութիւններ է ընձեռում թուրքական բիզնեսի եւ առեւտրի ընդլայնման համար: Բայց դա նաեւ բերում է բեռ, ռիսկեր եւ սպառնալիքներ, քանի որ Շարաան ձգտում է ամրապնդել վերահսկողութիւնը եւ համոզել բազմաթիւ զինուած խմբաւորումներին միանալ ազգային անվտանգութեան նոր կառոյցներին:

Ֆիդանի աճող մտահոգութիւններից մէկը Իսրայելի ռազմական յարձակումներն են հարաւային Սիրիայի վրայ Ասադի ռեժիմի անկումից յետոյ:

«Շարունակուող յարձակումները եւ զօրքերի նոր տեղաշարժերը բացայայտ սադրանք են», — ասում է Ֆիդանը: «Իսրայելը իւրաքանչիւր արաբական եւ մուսուլմանական երկրում սպառնալիք է տեսնում, եւ դա չափազանց վտանգաւոր է»:

Բայց Ֆիդանի գլխաւոր մտահոգութիւնը Սիրիական ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ) ճակատագիրն է՝ քրդերի ղեկավարութեամբ գործող հզօր խմբաւորում, որին ԱՄՆ-ը զինել եւ վարժեցրել է որպէս իր տեղական գործընկեր ISIS-ի դէմ պայքարում:

Թուրքիան քուրդ զինեալներին համարում է ահաբեկիչներ եւ Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) մաս, որն արդէն չորս տասնամեակ ապստամբական պայքար է մղում թուրքական պետութեան դէմ: 2016 թուականից ի վեր Թուրքիան առնուազն երեք յարձակում է ձեռնարկել հիւսիսային Սիրիայի վրայ եւ այնտեղ է տեղակայել իր կողմից աջակցութիւն վայելող սիրիական խմբաւորումները, ինչը Վաշինգտօնի հետ մշտական լարուածութեան աղբիւր է հանդիսանում:

Ֆիդանը բազմիցս զգուշացրել է, որ ՍԺՈւ-ն, որը, ըստ իր գնահատականների, 65 000 զինեալ ունի, պէտք է ցրուի եւ երկրից հեռացնի ոչ սիրիացի մարտիկներին, կամ էլ բախուի թուրքական ռազմական գործողութիւնների վերսկսման սպառնալիքի հետ:

«Այս մարդիկ Թուրքիայի երդվեալ թշնամիներն են», — չի թաքցնում Ֆիդանը:

Անկարան յոյս ունի, որ զէնքերը վայր դնելու մասին Աբդուլայ Օջալանի կոչը վերջ կը դնի ապստամբական շարժմանը Թուրքիայում: Անկարան պատրաստ է Շարաայի կառավարութեանը ժամանակ տալ ՍԺՈւ-ի հետ հակամարտութիւնը լուծելու համար: «Ի վերջոյ, մենք ուզում ենք նրանց հնարաւորութիւն տալ պատասխանատուութիւն ստանձնել խնդրի լուծման համար», — նշում է Հաքան Ֆիդանը:

Փորձելով հակազդել այն կարծիքին, որ քուրդ զինեալները անհրաժեշտ են ISIS-ի վերածնունդը կանխելու համար, Ֆիդանը առաջ է մղում տարածաշրջանային կոալիցիայի ստեղծման ծրագիրը: Թուրքական ուժերը նաեւ կարող են իրենց վրայ վերցնել ՍԺՈւ-ի ճամբարների եւ բանտերի կառավարումը Սիրիայի հիւսիս-արեւելքում, որտեղ պահւում են ISIS-ի տասնեակ հազարաւոր զինեալներ եւ նրանց հարազատները, եթէ դա անհրաժեշտ լինի, աւելացնում է Ֆիդանը:

«Սա հետախուզութեան եւ օդային հզօրութեան հարց է», — ասում է Ֆիդանը: «Մենք կը կարողանանք ստեղծել մեր սեփական տարածաշրջանային հարթակը եւ պայքարել ISIS-ի դէմ, նոյնիսկ եթէ ԱՄՆ-ը որոշի դուրս բերել զօրքերը»:

Թարգմանուած՝ The Financial Times-ում հրապարակուած The ex-spymaster shaping Turkey’s foreign ambitions յօդուածից

Share