Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Թուրքիայում ստեղծւած նոր կառավարութեան մասին` հակիրճ:
Առաջինը. հետախուզութեան պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողութիւնների պլանաւորման եւ իրականացման համար` Սիրիայից մինչեւ Արցախ, նշանակւեց արտաքին գործերի նախարար: Նա նաեւ Էրդողանի ամենահաւանական ժառանգներից եւ այս նշանակումն էլ հէնց այդ տրամաբանութեան մէջ է: Կասկած չկայ, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիւ ռազմականացւած արտաքին քաղաքականութիւնը:
Երկրորդ. ընտանիքի եւ սոցիալական ծառայութիւնների նոր նախարար է նշանակւել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գեոքթաշը:
Նա ժամանակին քաղաքական ակտիւ գործունէութիւն էր ծաւալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամաւորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան աւարտւեց. նրան հեռացրին բելգիական կուսակցութիւնից: Պատճառը Հայոց Ցեղասպանութեան մերժումն էր:
Այլ նշանակումներին եւս կանդրադառնամ»։