Որեւէ ուսումնասիրութիւն, հաշուարկ չի ներկայացուել, թէ ինչ օգուտ կգայ Թուրքիայի հետ սահմանի բացումը. Արթուր Խաչատրեան
Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարութիւն, որ իրենք իրենց հաշուարկները ներկայացնեն, թէ հայ-թուրքական սահմանի բացման արդիւնքում Հայաստանն ինչ օգուտներ կունենայ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:
«Իրենք յղում արեցին 2000 թուականի ինչ-որ մի ուսումնասիրութեան վրայ, այն դէպքում, երբ դրա նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծութիւն չէ, ուղղակի տրանսպորտային հեռաւորութեան կրճատման արդիւնքում ՀՀ արտաքին առեւտրային բալանսը ինչքանով կկրճատուի»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամաւորը նաեւ յիշեցրեց, որ Հայաստանը շուրջ մէկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը եւ էկոնոմիկայի նախարարը բազմաթիւ հիմնաւորումներ էր բերել, թէ դա ինչ մեծ օգուտներ է, թէ ինչքան է զարգացել տեղական արդիւնաբերութիւնը, թէ ինչպէս է թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինուել այլ երկրներից ներմուծումով. «Միակ բացասականը նշել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն բերել է գնաճի, քանի որ թուրքական ապրանքները մի փոքր աւելի էժան են: Դրա հիման վրայ հարցում էի արել ԿԲ-ին, այնտեղից ասել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն որեւէ էական ազդեցութիւն գնաճի վրայ չի ունեցել»:
Խաչատրեանի խօսքով, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամաւոր Բաբկեն Թունեանը յայտարարել էր, որ կա ուսումնասիրութիւն, խոստացել էր դրա հիման վրայ քննարկում կազմակերպել. «Մի քանի ամիս է անցել, որեւէ քննարկում չի կազմակերպուել: Որեւէ քիչ թէ շատ յարգուած տնտեսագէտ որեւէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցութեան վերաբերեալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագէտ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որեւէ ուսումնասիրութիւն, որեւէ հաշուարկ չի ներկայացուել:
Իսկ եթէ ավելի կոնկրետ ուզում էք իմանալ՝ ինչ տեղի կունենայ, հարցրէք գիւղացիներին, որոնք նոյնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»:
Արթուր Խաչատրեանը յայտարարեց, որ Թուրքիան փակել է սահմանը, դրել է քաղաքական պահանջներ. «Դա Ցեղասպանութեան ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանութիւնն Արցախի նկատմամբ ճանաչումն է եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստան թուրքախօս ժողովուրդների միջեւ ցամաքային կապի հաստատումն է»,-ընդգծեց նա: