Թուրքիան պատրաստւում է ռազմական գործողութիւններ սկսել Իրաքում՝ քուրդ ապստամբների դէմ

Թուրքիան պատրաստւում է ռազմական գործողութիւններ սկսել Իրաքում՝ քուրդ ապստամբների դէմ

Թուրքիան յայտարարել է, որ պատրաստւում է լայնածաւալ ռազմական գործողութիւններ սկսել Իրաքում գործող քուրդ ապստամբների դէմ։ Էրդողանը խոստացել է «վերջ տալ» քրդական ապստամբ խմբաւորումից բխող սպառնալիքին։

Տարիներ է, ինչ թուրքական զինուած ուժերը ներխուժումներ են իրականացնում հարեւան Հիւսիսային Իրաք՝ գրոհելով «Քուրդիստանի բանուորական կուսակցութեան»՝ քրդական ապստամբ խմբաւորման յենակէտէրը։ Խմբաւորումը տասնամեակներ շարունակ պայքարում է Թուրքիայում քրդերի իրաւունքների պաշտպանութեան համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «վերջ տալ» «Քուրդիստանի բանուորական կուսակցութիւնից» բխող սպառնալիքին:

«Ակնկալւում է, որ Իրաքի սահմանային շրջաններում Թուրքիան կստեղծի 40 կիլօմետրանոց նոր անվտանգութեան գօտի, որը նման կը լինի Սիրիայում գոյութիւն ունեցողին»,- յայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Կասինը։

Զուգահեռաբար՝ Էրդողանը սերտ կապեր է ստեղծել Իրաքի կիսաինքնաւար՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարութեան ղեկավարութեան հետ։ Դիտորդների խօսքով, Անկարայի տեսանկիւնից նման համագործակցութիւնը կարեւոր նշանակութիւն ունի՝ «Քուրդիստանի բանուորական կուսակցութիւնից» բխող սպառնալիքը չէզոքացնելու համար:

Վերլուծաբան Մուրատ Ասլանն ասում է․ «Թուրքիան փորձելու է գործակցել Իրաքի անվտանգութեան ուժերի հետ: Թուրքիան ցանկանում է շրջափակել, յետոյ՝ ոչնչացնել Իրաքում գործող «Քուրդիստանի բանուորական կուսակցութեան» բոլոր անդամներին»։

Այս ապրիլին նախատեսւում է Էրդողանի այցը իրաքեան Քուրդիստան եւ Բաղդադ: Դիտորդների խօսքով, ընդլայնուած երկկողմ առեւտուրը, ինչպէս նաեւ Իրաքով ու Թուրքիայով անցնող միջազգային առեւտրի աւելացումը Էրդողանին նոր լծակներ են տալիս:

Նախկին բարձրաստիճան թուրք դիւանագէտ Այդին Սելչենն նշում է․ «Բասրան թուրքական սահմանին կապող ճանապարհի շնորհիւ միլիարդաւոր դոլարներ կը հոսէն Բաղդադի գանձարան, եւ որպէսզի այդ նախագիծն իրատեսական լինի,

Իրաքում պէտք է լինի կայունութիւն եւ անվտանգութիւն։ Անկարան ցանկանում է «Քուրդիստանի բանուորական կուսակցութեան» դէմ միասնական ճակատ ստեղծել այդ նախագծի շրջանակներում»։

Սակայն դիտորդները զգուշացնում են, որ «Քուրդիստանի բանուորական կուսակցութեան» կենտրոնական ուժերը Իրաքի լեռնային՝ Քանդիլ շրջանում են, որը սահմանակից է Իրանին, ուստի՝ այդտեղ ցանկացած գործողութեան դէպքում անհրաժեշտ կը լինի Թեհրանի համաձայնութիւնը։

«Քանդիլ լեռը բաժանուած է Իրանի եւ Իրաքի միջեւ։ Ամէն անգամ, երբ տարածաշրջանում ռազմական գործողութիւն է նախատեսւում ու իրականացւում, նրանք՝ [քրդերը] անցնում են Իրան, ապահով պատսպարւում այնտեղ, յետոյ՝ վերադառնում»,- ասում է թուրք վերլուծաբան Մուրատ Ասլանը։

Զուգահեռաբար՝ սրւում է տարածաշրջանում Թուրքիայի եւ Իրանի միջեւ մրցակցութիւնը, եւ դիտորդների կարծիքով, Թեհրանը կարող է ընդառաջ չգնալ Անկարայի պահանջներին, ինչն կմեծացնի լարուածութիւնը Մերձաւոր Արեւելքում:

VOA

Share