yerkir.am-Թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը գրում է. «Այսօր մայրաքաղաքիս փողոցներով մի քիչ քայլելուց, ապա ճամփին օրուայ լրահոսը կարդալուց ու իրավիճակը գնահատելուց հետ միանգամայն բնական եւ տրամաբանական կը լինէր, եթէ ես հիմա՝ գիշերուայ էս ժամին կարճ գրառում անէի այն մասին, որ մենք գրեթէ անյոյս վիճակում ենք եւ շատ մօտ ապագայում Հայաստանի դէ-ֆակտոյ կառավարիչների շնորհիւ կարող ենք վերջնականապէս յայտնուել 2023-ի Ստեփանակերտի կամ 2024-ի Հալեպի բնակիչների կարգավիճակում։
Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարաւոր ընթերցողները յաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրաւելու թուրքական նոր մարտաւարութեան մասին։ Գուցէ օգտակար լինի։ Արդէն գիտեք, որ այդ ահաբեկիչները (աեօ, ահաբեկիչ են թէ՛ պաշտօնապէս, թէ՛ էութեամբ) ոչ միայն վայելում են Թուրքիայի հովանաւորութիւնը, այլեւ փաստացի համակարգւում են Թուրքիայի կողմից։
Բայց ամենահետաքրքիրը դա չէ։ Ռազմական գործողութիւնների նախորդ փուլի աւարտից յետոյ Թուրքիան ամէն առիթով ասում էր, որ էլ կռիւ չի լինելու, խաղաղութիւն է լինելու ու բանակցութիւններ էր վարում Սիրիայի հետ (ոչ միայն առաջարկում, այլեւ վարում)։ Աւելին, Իրանին եւ ՌԴ-ին Անկարան խոստացել էր, որ իր վերահսկողութեան տակ անցած տարածքներում գտնուող ահաբեկիչներին կուերացնի։
Սակայն իրականում 2020 թ. սկսած Թուրքիան «խաղաղութեան օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնեակ հազար ահաբեկիչների՝ որակապէս նոր մակարդակի բարձրացնելով վերջիններիս մարտունակութիւնը։
Հստակ բանակ է ձեւաւորում, լաւ ու խիստ կառավարմամբ, յատուկ ստորաբաժանումներով, զէնք, զինամթերքով ու տեխնիկայով։ Փողը կար, ցանկութիւնը՝ եւս, մնում էր էդ ամենն անել։ Արդիւնքում 4 տարուայ մէջ նոր բանակ են կազմում, որը աւելի մարտունակ է, քան մնացեալ բոլորը։ Մի խօսքով, բանակցութեան անուան տակ խաղաղութեան կոչ անողը զուգահեռ լիարժէք պատրաստւում էր պատերազմի։
Իսկ հիմա հռետորական հարց. գիտե՞ք, թէ էլ ո՞ր երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարութիւնը»։