Թուրքիայի «Քադիր-Հաս» համալսարանի պրոֆեսոր Միթաթ Չելիքփալան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած գործընթացի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Չելիքփարան գործընթացի մասին իր դիտարկումները ձևակերպել է՝ վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին գնահատականներ տալով:
Թուրք պրոֆեսորը, նախ ներկայացնելով հանդիպման լուսաբանված և չլուսաբանված կողմերը, նշել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները չեն լուծվել, ապա ընդգծել, որ հանդիպումը եղել է անարդյունավետ:
Ըստ Չելիքփալայի՝ Ալմաթիի հանդիպումը ոչնչով չի տարբերվել նախկինում Գերմանիայի միջնորդությամբ կայացած երկկողմ բանակցություններից, քանի որ երկու դեպքում էլ հանդիպումն ավարտվել է առանց փաստաթղթի ստորագրման, այսինքն առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։
Այս համատեքստում նա շոշափել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական դերի հնարավորությունը՝ կտրականապես բացառելով այն:
Նման կարծիքը պայմանավորված է եղել պրոֆեսորի այն համոզմամբ, որ Թուրքիան այս գործընթացում անկողմնակալ չէ և այդ իսկ պատճառով Հայաստանի տեսանկյունից դիտարկելու պարագայում Թուրքիան չի կարող հանդիսանալ որպես միջնորդ պետություն:
Ամփոփելով միտքը՝ Չելիքփարան, այնուամենայնիվ, համոզմունք է հայտնել, որ եթե բանակցությունները շարունակվեն, Ադրբեջանի և Հայատանի միջև խաղաղության պայմանագիրը, ի վերջո, կարող է դառնալ իրականություն։
Համոզմունքը թուրք պրոֆեսորը բացատրել է այն բանով, որ խաղաղության գործընթացը վերածվում է աշխարահաքաղաքական մի գործընթացի, որը սակայն Ադրբեջանը փորձում է կանխել և խնդիրները լուծել Հայաստանի հետ երկկողմ հանդիպումների ճանապարհով:
Բացի այդ նա ընդգծել է, որ պայմանագրի ստորագրումը կարող է լինել մինչև 2024-ի ամռան վերջ՝ նախքան Բաքվում նոյեմբերին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի»՝ COP29-ի գումարումը:
«Ադրբեջանը դա (COP29-ի Բաքվում անցկացվելը-խմբ.) կարևորում է: Ես ենթադրում եմ, որ նրանք չեն ցանկանա, որպեսզի նախաձեռնությունից առաջ մեծ խառնաշփոթ լինի և կամ՝ մի բան, որը կխախտի տարածաշրջանային հավասարակշռությունը։
Ուստի կարծում եմ, եթե բանակցային գործընթացը մի փոքր ավելի երկարի, կողմերի միջև համաձայնագիր կստորագրվի»,-հավելել է թուրք պրոֆեսորը։