Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թուրքիայի կառավարութիւնը՝ բռնապետ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորութեամբ, արգելել է 150 երկրներից աւելի քան 100 հազար օտարերկրացիների մուտքը, այդ թւում՝ լրագրողների եւ ակադեմիկոսների, միայն այն պատճառով, որ նրանք քննադատական տեսակէտներ են արտայայտել կառավարութեան մասին։
Սա ժողովրդավարութեան ամենահիմնական սկզբունքի` խօսքի ազատութեան խախտում է: Սա նաեւ ՆԱՏՕ-ին եւ Եւրոխորհրդին Թուրքիայի անդամակցութեան չափանիշերի խախտում է, որը հիմնւած է «ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ օրէնքի գերակայութեան ընդհանուր արժէքների վրայ»:
Այնուամենայնիւ, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եւրոխորհուրդը չեն քննադատում Թուրքիային իրենց վեհ սկզբունքների բազմաթիւ եւ երկարատեւ խախտումների համար: Նոյնիսկ այն ժամանակ, երբ Մարդու իրաւունքների Եւրոդատարանը, որը Եւրոխորհրդի մի մասն է, որոշում է, որ Թուրքիան մեղաւոր է նման իրաւունքների խախտման մէջ, Թուրքիայի կառավարութիւնը պարզապէս անտեսում է դատարանի վճիռը եւ հրաժարւում վճարել սահմանւած ֆինանսական տոյժը՝ չնայած նրա վճռին ենթարկւելը պարտադիր է բոլոր անդամների համար։
Շւեդիայում բնակւող թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը բացայայտել է թուրքական արգելքը Nordic Monitor-ի՝ «Թուրքիայի գաղտնի սեւ ցուցակը թիրախաւորում է օտարերկրեայ քննադատներին մուտքի արգելքներով եւ արտաքսումներով» խորագիրը կրող յօդւածում։
Թուրքիայի կառավարութեան գաղտնի տւեալների բազայում արգելւած օտարերկրացիներին նշում են G ծածկագրով, որին յաջորդում են երկնիշ թւեր՝ նկարագրելով նրանց մուտքը երկիր սահմանափակելու կոնկրետ պատճառները։
«G-87 սահմանափակման ծածկագիրը, թերեւս, օտարերկրացիների համար ամենայաճախ օգտագործւող նշումն է, ինչը նշանակում է, որ այս ծածկագրով պիտակաւորւած անհատը սպառնալիք է համարւում ընդհանուր հանրային անվտանգութեան համար: Նման դասակարգումը հիմնաւորող ենթադրեալ ապացոյցները յաճախ բխում են հետախուզական աղբիւրներից կամ ռիսկային խմբի կողմից, որը պատասխանատու է օդանաւակայաններում կամ սահմանային անցակէտերում ժամանող ուղեւորներին զննելու համար», պարզաբանել է Բոզքուրտը:
Անտեղեակ օտարերկրացիներն իրենց արգելքի մասին իմանում են միայն թուրքական օդանաւակայան ժամանելուց յետոյ։ Նրանցից մի քանիսին մերժում են մուտք գործել, իսկ միւսներին՝ ձերբակալում։ Նրանց արգելքի պատճառը կարող է լինել նոյնքան անմեղ, որքան սոցիալական ցանցերում հաղորդագրութիւն տեղադրելը կամ հաւանելը: Սահմանափակող միջոցները խախտում են ոչ միայն այդ անձանց իրաւունքները, այլ նաեւ Թուրքիայի սահմանադրութիւնը, քանի որ նման արգելքներ թոյլատրող օրէնքներ չեն ընդունւել:
Օտարերկրացիների մասին տեղեկատւութիւնը հաւաքւում է անվտանգութեան գլխաւոր տնօրինութեան (Emniyet) եւ Ազգային հետախուզական կազմակերպութեան (MIT) կամ արտերկրում Թուրքիայի դեսպանատների դիւանագէտների կողմից, որոնք վերահսկում են բոլոր նրանց, ովքեր քննադատական մեկնաբանութիւններ են անում Էրդողանի կառավարութեան վերաբերեալ: Իրավիճակն աւելի է բարդանում, երբ այդ օտարերկրացիներից ոմանց անւանում են ահաբեկիչներ, առանց որեւէ ապացոյցի, պարզապէս Թուրքիային քննադատելու համար:
2019 թւականին ներքին գործերի նախկին նախարար Սուլէյման Սոյլուն հրապարակաւ նախազգուշացրեց. «Եւրոպայում, յատկապէս Գերմանիայում, կան մարդիկ, որոնք մասնակցում են ահաբեկչական կազմակերպութիւնների հանդիպումներին, այնուհետեւ գալիս են Անթալիա, Բոդրում եւ Մուգլա [առողջարանային քաղաքներ] հանգստանալու համար։ Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկել… Թող գան, տեսնենք, կարող են արդեօք հեշտութեամբ մուտք գործել [երկիր]: Դա այդքան էլ հեշտ չէ: Մենք կը կալանաւորենք նրանց եւ յետ կուղարկենք»:
Հակասականօրէն, Էրդողանի կառավարութիւնը հեշտացրել է ԴԱԷՇ-ի անդամ իսկական ահաբեկիչների մուտքը Թուրքիա: Բոզքուրտը նշել է, որ «2012 թւականին Էրդողանն անձամբ օգնել է «Ալ-Ղայիդա»-ի երբեմնի ֆինանսիստին մուտք գործել Թուրքիա՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից նրա նկատմամբ սահմանւած արգելքին, եւ մի քանի անգամ գաղտնի հանդիպել է նրա հետ Ստամբուլում եւ Անկարայում»:
Երբեմն թուրքական կառավարութիւնը ձերբակալում է բոլորովին անմեղ օտարերկրեայ այցելուի՝ այլ երկրից քաղաքական օգուտներ կորզելու կամ բանտարկեալներին փոխանակելու նպատակով։ Թուրքական նման շանտաժի օրինակ է եղել, երբ նախագահ Էրդողանը հրամայել է ձերբակալել ամերիկացի հոգեւորական Էնդրիւ Բրանսոնին եւ առաջարկել նրան փոխանակել մահմեդական հոգեւորական Ֆեթուլլահ Գիւլէնի հետ, որը Թուրքիայից ԱՄՆ էր փախել Էրդողանի դէմ յեղաշրջում կազմակերպելու մէջ իր դէմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց յետոյ։ Նախագահ Թրամփը հրաժարւեց Գիւլէնին փոխանակել Բրանսոնի հետ եւ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դէմ։ Երկու տարի բանտում մնալուց յետոյ հոգեւորական Բրանսոնը վերջապէս ազատ արձակւեց եւ նրան թոյլ տւեցին վերադառնալ ԱՄՆ։
Թուրքիայի կառավարութեան սեւ ցուցակում յայտնւած անձանց ընդարձակ ցուցակը շահութաբեր բիզնես է դարձել որոշ իրաւաբանական ընկերութիւնների համար, որոնք մասնագիտացած են պաշտպանելու իրաւունքները նրանց, որոնց մուտքը երկիր արգելւած է։ Երբեմն նոյնիսկ այն բանից յետոյ, երբ դատարանները յանձնարարել են կառավարութեանը հանել անձի անունը սեւ ցուցակից, թուրքական կառավարութիւնը հրաժարւել է դա անել՝ պնդելով, որ իր ապացոյցները չեն կարող ներկայացւել դատարանում, քանի որ դրանք համարւում են պետական գաղտնիք:
Բոզքուրտը եզրափակելով իր յօդւածը գրում է. «Սեւ ցուցակը Էրդողանի կառավարութեան գործիքակազմում ծառայում է որպէս գործիք՝ քննադատների, մասնաւորապէս օտարերկրեայ լրագրողների, ակտիւիստների եւ իրաւապաշտպանների դէմ սարսափեցման արշաւը շարունակելու համար: Արգելելով մուտքը կամ յանկարծակի արտաքսումներ իրականացնելով, կառավարութիւնն օգտագործել է սեւ ցուցակը՝ սահմանափակելու օտարերկրեայ լրագրողների լրագրողական գործունէութիւնը: Վերջին տասնամեակում բազմաթիւ օտարերկրեայ լրագրողներ են տուժել այս պրակտիկայից՝ բախւելով իրենց անունները ցուցակում աւելացնելու հետեւանքներին: Թւում է, որ սեւ ցուցակը մօտ ապագայում շարունակելու է պահպանւել Էրդողանի կառավարութեան պատժիչ իշխանութեան կողմից»։
Այս խնդրի պարզ լուծումն այն է, որ օտարերկրացիները չմեկնեն Թուրքիա, այդպիսով պաշտպանելով իրենց հետապնդումից, արտաքսումից կամ ձերբակալութիւնից: Թուրքիա գնալուց հրաժարւելը մեծ հարւած կը հասցնի երկրին, քանի որ ամէն տարի միլիոնաւոր զբօսաշրջիկներ են այցելում Թուրքիա՝ տասնեակ միլիարդաւոր դոլարներ ներարկելով Թուրքիայի սնանկացած տնտեսութեան մէջ:
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ