Թրամփի կողմից արցախահայութեան տեղահանութեան և էթնիկ զտումների, վերաւերեալ յայտարարութիւնը

Թրամփի կողմից արցախահայութեան տեղահանութեան և էթնիկ զտումների, վերաւերեալ յայտարարութիւնը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից արցախահայութեան տեղահանութեան, էթնիկ զտումների, Քամալայ Հարիսի անգործութեան եւ քրիստոնեաների հետապնդումների վերաւերեալ յայտարարութիւնից յետոյ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ փոխանցելով նաեւ Հայ դատ Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի նկատառումները։ Վերջինս, մասնաւորապէս, նկատել է․

«Նախագահ Թրամփը, ով կտրուկ աւելացրել է ԱՄՆ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին՝ զինելով եւ քաջալերելով Ալիեւի ռեժիմի 2020թ․ յարձակումը Արցախի վրայ, պէտք է անի աւելին, քան քարոզարշաւի յայտարարութիւն հրապարակելը, պէտք է փաստացի արդիւնքներ գրանցի մինչեւ ընտրութիւնների օրը։ Նա կարող է սկսել՝ հրապարակայնօրէն սատարելով արցախցիների վերադարձի իրաւունքը եւ անձամբ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի խօսնակ Ջոնսոնին քուէարկութեան դնել թիւ 7288 բանաձեւը։ Այդպիսով կիրառութեան մէջ կդրուի 907-րդ յօդուածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրուող օժանդակութեան վերաբերեալ: Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ ԱՄՆ Սենատի անդամը, պէտք է հովանաւորի եւ աշխատի թիւ 540 բանաձեւի ընդունման ուղղութեամբ՝ մանրամասն ուսումնասիրելով Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օժանդակութեան օգտագործումը հակահայկական ռազմական յանցագործութիւնների ընթացքում»։
«Չնայած մենք ուրախ ենք տեսնել, որ մեր համայնքի կայուն ներգրաւուածութիւնը ստիպել է Արցախին եւ Հայաստանին վերաբերող հարցերը բերել ընտրական քննարկումների դաշտ, այնուամենայնիւ, մենք ակնկալում ենք եւ արժանի ենք աւելիին, քան խօսքերը: Մեր ձայները վաստակելու համար մենք այժմ պէտք է տեսնենք գործողութիւններ, որոնք պատասխանատուութեան են ենթարկում Ալիեւին եւ զսպում են ադրբեջանական նոր ագրեսիան»։

Արամ Համբարեան

Ամերիկայի հայ համայնքին եւ համախոհ կազմակերպութիւններին հասցէագրուած տեսաուղերձում Արամ Համբարեանն արդէն իսկ նկատել է․

«Ակնյայտ է՝ հայկական քուէն նշանակութիւն ունի։ Մենք դա տեսանք այսօր, երբ նախկին նախագահ Թրամփը խօսեց Բայդէն-Հարիսի վարչակազմի անգործութեան վերաբերեալ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներին ընդառաջ: Մենք դա տեսանք մի քանի շաբաթ առաջ, երբ փոխնախագահ Հարիսը կոչ արեց հայերի անվտանգ եւ կայուն վերադարձն Արցախ։ Սա կարեւոր հանգրուան է մեր համայնքի համար, կարեւոր հանգրուան մեր՝ որպէս ընտրական ուժ, ամերիկեան ազգային բեմում յայտնուելու գործում: Այնպէս որ, խնդրում ենք մնալ ներգրաւուած եւ շարունակել ճնշումը: Մեր ներդրումներն ամերիկեան քաղաքական համակարգում արդիւնք են տալիս»։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ամբողջական հաղորդագրությւոնը հասանելի է հետեւեալ յղմամբ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
24/10/2024թ․

Share