Թրամփը կայցելի Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններ

Թրամփը կայցելի Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններ

Սպասւում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ կայցելի ԱՄՆ-ի` փոթորիկներից եւ հրդեհներից տուժած շրջաններ: Նախագահը կանգ կ’առնի Հիւսիսային Կարոլինայում, որտեղ սեպտեմբերին «Հելէն» փոթորիկն էր մոլեգնում, ապա Լոս Անջելեսում, ուր հրդեհները տակաւին շարունակւում են, եւ աւելի քան 100 հազար մարդ թողել է իր տները:

Ռիչարդ եւ Բուշրայ Մուսերները վերադարձել են տեսնելու, թէ ինչ է մնացել ընդամէնը երկու շաբաթ առաջ թողած իրենց 25 տարուայ գեղեցիկ տնից՝ Լոս Անջելեսի Ալթադէնայ արովարձանում:

«Այնտեղ մտնելը եւ որեւէ բան գտնելը գրեթէ անհնարին է: Մետաղները հալուել են: Այնտեղ ունէի բարձրակարգ աուդիոյ սարքաւորում: Կարծում էի, որ, գուցէ, դրա մի մասը կարող էր մնալ, բայց փորփրելուց յետոյ հասկացայ, որ ամբողջը դարձել է հալած մետաղի մի կտոր»,- ասում է Ռիչարդ Մուսերը:

Մուսերները հանգրուանել են հիւրանոցում եւ յուսով են, որ ապահովագրութիւնը կօգնի իրենց վերականգնել տունը. «Մենք հիմա պարզապէս ապրում ենք անորոշութեան մէջ, դեռ շոկի մէջ ենք եւ չենք կարողանում հաւատալ այս ամէնին: Ամէն առաւօտ արթնանում եմ եւ մտածում՝ գուցէ, երազ էր: Բայց յետոյ գալիս ենք այստեղ եւ տեսնում իրականութիւնը»:

Հրդեհը, բարեբախտաբար, չի հասել Խոսէ Վելասկեսի՝ Ալթադէնայում գտնուող տանը: Նա ու իր ընտանիքը կազմակերպել են նուիրատուութեան ակցիայ հարեւանների համար: Ասում է, որ նախորդ տասներկու օրուայ ընթացքում առնուազն 400 մարդ է օգնութեան ձեռք մեկնել:

«Մենք, այնուամենայնիւ, իրականում չտեսանք կառավարութեան լուրջ օգնութիւնը: Համայնքն է փորձում միմեանց օգնել: Քաղաքապետի կողմից այց չի եղել: Զգում ենք, որ միայնակ ենք»,- ասում է նա:

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարէն Բասն այցելել է Փըսիֆիք Փելըսայդի որոշ շրջաններ:

«Պատրաստւում ենք անել ամէն ինչ՝ վերակառուցելու եւ բնակիչներին տուն վերադարձնելու համար»,- գրել է նա:

Նկարի թուականը՝ 2018

Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ իր երդմնակալութեան խօսքում քննադատել էր տեղի իշխանութիւնների արձագանքը հրդեհին՝ յայտարարելով, թէ Լոս Անջելեսի հրդեհները տակաւին մոլեգնում են «առանց դրանց դէմ անհրաժեշտ պաշտպանութեան»:

Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նիւսոմի կայքից տեղեկանում ենք, որ նահանգի ղեկավարը մի շարք միջոցներ է ձեռնարկել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, ներառեալ՝ հրդեհներին ընդառաջ Հարաւային Կալիֆոռնիայի ռազմավարական նշանակութեան վայրերում նախապէս տեղակայելով աւելի քան 16 հազար հրշէջների եւ այլ անձնակազմ:

Այս ամէնի ֆոնին՝ չորեքշաբթի Լոս Անջելեսից հիւսիս ընկած լեռներում սկսուել է մի նոր հրդեհ՝ «Հիւզին», որն արագօրէն տարածւում է՝ ստիպելով տարհանել 31 հազար մարդու:

Այս շաբաթուայ վերջին Հարաւային Կալիֆոռնիայում կանխատեսւում է անձրեւ, որը կարող է մարել անտառային հրդեհները, բայց անհանգստութիւն է առաջացել թունաւոր նիւթերի այրուելուց առաջացած մոխրի տարածման առնչութեամբ:

VOA

Share