ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր առաջարկը, ըստ որի Կանադան պէտք է միանայ ԱՄՆ-ին։ «Եթէ Կանադան միանայ ԱՄՆ-ին, ապա ոչ մի տարիֆ չի լինի, հարկերը զգալիօրէն կկրճատուէն, եւ նրանք լիովին պաշտպանուած կը լինէն ռուսական ու չինական նաւերի սպառնալիքից, որոնք մշտապէս շրջապատում են նրանց»,-Սպիտակ տան ապագայ ղեկավարը յունուարի 6-ին գրել է Truth Social սոցցանցում։
«Միացեալ Նահանգներն այլեւս չի կարող հանդուրժել այն հսկայական առեւտրային դեֆիցիտները եւ սուբսիդիաները, որոնք Կանադային հարկաւոր են գործուն վիճակում մնալու համար: Ջասթին Թրիւդոն գիտէր դա եւ հրաժարական տուեց»,-ասւում է նրա հաղորդագրութեան մէջ:
Նոյեմբերի վերջին Դոնալդ Թրամփն ազդարարեց Կանադայից ներմուծման համար 25 տոկոս տարիֆների մասին։ Նա նման հրամանագիր կստորագրի պետութեան ղեկավարի պաշտօնը ստանձնելու հէնց առաջին օրը, յայտնել է Truth Social-ում։ Նրա երդմնակալութիւնը նշանակուած է յունուարի 20-ին։ Աւելի վաղ Fox News հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփը Թրիւդոյին ասել է, որ նրա երկիրը պէտք է դառնայ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթէ չկարողանայ յաղթահարել տարիֆների բարձրացումը։
53-ամեայ Ջասթին Թրիւդոն յայտարարել է Կանադայի վարչապետի եւ իշխող Լիբերալ կուսակցութեան առաջնորդի պաշտօններից հեռանալու մասին. վերջինը նա զբաղեցնում էր 2013 թուականից։ Քաղաքական գործիչը յունուարի 6-ին ուղերձով հանդէս է եկել Օտտաւայում գտնուող իր Rideau Cottage նստավայրում: Նախարարների կաբինետի ղեկավարը նաեւ յաւելել է, որ խորհրդարանի աշխատանքը կը դադարեցուի մինչեւ մարտի 24-ը։ Թրիւդոն վարչապետի պաշտօնը ստանձնել է 2015 թ. նոյեմբերին եւ երկու անգամ վերընտրուել է։ Նրա ժողովրդականութիւնը սկսել է կտրուկ նուազել երկու տարի առաջ՝ բարձր գների եւ բնակարանների անբաւարարութեան պատճառով հասարակութեան դժգոհութեան ֆոնին: