Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսէրը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրոյցում իր պաշտպանեալին եւ միւս 15 հայերին առաջադրուած մեղադրանքները որակել է որպէս «քաղաքական դրդապատճառներով առաջադրուած մեղադրանքներ»:
Իրաւապաշտպանն ընդգծել է, որ դատավարութիւնները, որոնք անցկացւում են զինուորական դատարանում՝ չնայած բանտարկեալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ են թափանցիկութիւնից եւ անաչառութիւնից:
Որպէս այս դատավարութիւնների հիմնական առանձնայատկութիւն նա առանձնացրել է հետեւեալ կէտէրը՝
Դռնփակ գործընթաց: Դատական լսումներն անցկացուել են փակ դռների հետեւում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատուամիջոցները։ Արգելուել է միջազգային լրատուամիջոցների եւ անկախ դիտորդների մուտքը:
Օրինական իրաւունքների խախտում: Ռուբէն Վարդանեանին մերժուել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարաւորութիւն ծանօթանալու հիմնական իրաւական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացութիւնը, որը գրուած է ադրբեջաներէն, որին Վարդանեանը չի տիրապետում:
Խոշտանգումներ: Կալանաւորուած ղեկավարները ենթարկուել են ֆիզիկական եւ հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թւում՝ մենախուց, սննդից եւ ջրից զրկում եւ մշտական խիստ հսկողութեան պայմաններ:
Գենսէրն ընդգծել է, որ այս դատավարութիւնները հայերի ինքնորոշման ջանքերը ճնշելու եւ տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգութիւնը ջնջելու աւելի ընդգրկուն ծրագրի մի մասն են։
Ըստ Գենսէրի՝ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն շրջադարձային է. Նա վստահութիւն է յայտնել, որ վարչակազմը պատրաստ է աւելի կոշտ քաղաքականութիւն որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, ներառեալ հնարաւոր պատժամիջոցներն ու դիւանագիտական ճնշումը։ Գենսէրը կարեւորել է Թրամփի նախկինում Արցախում էթնիկ զտումների դատապարտումը, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրութեան կենտրոնում կը լինի նրա ղեկավարութեան ներքոյ։
ԱՄՆ-ի հարցում ունեցած լաւատեսութեան ֆոնին՝ Գենսէրը հիասթափութիւն է յայտնել Վարդանեանի եւ մնացած բանտարկեալների շահերի պաշտպանութեան հարցում Հայաստանի կառավարութեան սահմանափակ ջանքերի առնչութեամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինեանին կոչ է արել՝ աւելի ակտիւ դերակատարութիւն ցուցաբերել միջազգային հանրութեան աջակցութիւնը ներգրաւելու գործում։
Ջերարդ Գենսէրը նաեւ յորդորել է հայկական սփիւռքին՝ միասնութեան եւ գործողութեան։ Նա ներկայացրել է կոնկրէտ քայլեր, որոնք անհատները եւ համայնքները կարող են ձեռնարկել, այդ թւում՝
Գրել յօդուածներ եւ փոխգործակցել լրատուամիջոցների հետ՝ ընդլայնելու եւ բարձրացնելու խնդրի մասին իրազեկուածութիւնը
Համագործակցել իրաւապաշտպան կազմակերպութիւնների հետ՝ կառավարութիւնների եւ կառոյցների վրայ ճնշում գործադրելու համար
«Սա պայքար է համընդհանուր մարդու իրաւունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խօսքն արժանապատուութեան եւ ազատութեան հիմնարար իրաւունքի մասին է»,-նկատել է Գենսէրը։
Չնայած բացասական հանգամանքներին՝ Գենսէրը յոյսը չի կորցնում։ Նա կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչութիւնը եւ Ալիեւի ռեժիմի վրայ ահագնացող ճնշումները, ի վերջոյ, կեանգեցնեն արդարութեան։ Նա ընդունում է Վարդանեանի եւ մնացած բանտարկեալների համար խիստ պատժի հաւանականութիւնը, սակայն շեշտում է, որ նման գործողութիւնները յաճախ առաջացնում են համաշխարհային զայրոյթ՝ ստիպելով աւտօրիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցուածքը:
«Ռուբէն Վարդանեանի պատմութիւնը տոկունութեան վկայութիւնն է, եւ այն յիշեցնում է բոլորիս, որ արդարութեան համար պայքարը երբեք ապարդիւն չի լինում»,-խօսքը եզրափակել է Ջերարդ Գենսէրը:
Ջարեդ Գենսէրը (ծնվ. յունիսի 17, 1972-ԱՄՆ) միջազգային իրաւաբան է, ով հանդիսանում է Perseus Strategies, LLC իրաւաբանական ընկերութեան գործադիր տնօրէն, Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան պաշտպանութեան պատասխանատուութեան հարցերով յատուկ խորհրդական եւ համահիմնադիր եւ գլխաւոր խորհրդական։ Գենսէրը Ռաուլ Վալլենբերգի Մարդու իրաւունքների կենտրոնի ԱՄՆ նախագահն է, որտեղ նա նախկինում աւագ գիտաշխատող էր: «Նիւ Եորք Թայմզ»-ի կողմից յիշատակուած «The Extractor» նա ծառայել է որպէս խաղաղութեան Նոբելեան մրցանակի հինգ դափնեկիրների, ներառեալ վերջին երեք դափնեկիրներին, ովքեր ստացել են իրենց մրցանակը ազատազրկման ժամանակ: Միւս նախկին յաճախորդների թւում էին Չեխիայի նախկին նախագահ Վացլաւ Յաւելը, Մալայզիայի վարչապետ Անուար Իբրահիմը, Վենեսուելայի քաղաքական գործիչ Լեոպոլդոյ Լոպէսը եւ Մալդիւների նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդը: Նա նախկինում եղել է Հարուարդի համալսարանի Մարդու իրաւունքների քաղաքականութեան Կարր կենտրոնի ասոցիացուած 2014-ից 2016 թուականներին, իսկ 2006-ից 2007 թուականներին Ժողովրդաւարութեան ազգային հիմնադրամի այցելու անդամ: 2001 թուականին իրաւագիտութեան ուսանող քաղբանտարկեալին ազատելու իր փորձից նա հիմնեց ոչ առեւտրային Freedom Now կազմակերպութիւնը, իսկ աւելի վաղ իր կարիերայի ընթացքում National Law Journal-ի կողմից ճանաչուել էր որպէս «40 Under 40. Washington’s Rising Stars»-ից մէկը: