Օգօստոսի 7-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դաւիթ Իշխանեանը ԱԺ նախկին նախագահներ Գեորգի Պետրոսեանի, Աշոտ Ղուլեանի, Արթուր Թովմասեանի եւ խորհրդարանում ներկայացուած խմբակցութիւնների ղեկավարների ուղեկցութեամբ յարգանքի տուրք է մատուցել ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչեանի շիրիմին:
« Անկախ Արցախի պետականութեան կերտման առաջին իսկ օրերից, շնորհիւ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչեանի, հիմք է դրուել բարոյականութեան սկզբունքների վրայ հիմնուած քաղաքականութեամբ պետականութիւն կերտելուն: ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտօնը զբաղեցնելու առաջարկը եւ քաղաքական գործընկերների յորդորը ստանալուց յետոյ, առաջին հերթին հէնց այդ մտատանջութեամբ եմ տառապել՝ արդյօք կը կարողանամ պահպանել Արթուր Մկրտչեանի սահմանած բարոյական արժէքների նշաձողը»,- նոյն օրը գումարուած ԱԺ արտահերթ նստաշրջանում հնչեցրած ելոյթի ընթացքում ասել է Դաւիթ Իշխանեանը: