Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ եւ սպասողական վիճակ. ինչպէս տեղացիներն, այնպէս էլ հայերը, հետեւում են իրավիճակի յետագայ զարգացումներին:
«Արմենպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Մարիա Գաբրիելեանն՝ անդրադառնալով զինուած ընդդիմութեան կողմից երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրաւումից յետոյ տիրող իրավիճակին, տեղի ունեցող քաղաքական զարգացումներին եւ Սիրիայի յետագայ ճակատագրին:
«Վաղ առաւօտեան ժամէրից յաղթանակի տօնական մթնոլորտ է. կրակոցներ, ուրախութեան վանկարկումներ»,- յայտնեց Մարիա Գաբրիելեանը՝ նկարագրելով ներկայ իրավիճակը:
Անդրադառնալով հայերի շրջանում տիրող տրամադրութիւններին՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւորը նշեց, որ բոլորի մօտ սպասողական վիճակ է: ‹‹Հայերն, ինչպէս տեղացիները, հետեւում են իրավիճակի զարգացումներին»,-ասաց Մարիա Գաբրիելեանը:
Պատասխանելով հարցին, թէ տեղացիներն ուրա՞խ են՝ իմանալով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է իշխանութիւնից՝ պատգամաւորը նկատեց. ‹‹Աեօ, նրանք այլընտրանք չունեն. նախօրեին Ասադին էին փառաբանում, իսկ այսօր՝ յեղափոխութիւնը»:
Այդուհանդերձ, պատգամաւորը չկարողացաւ տեղեկութիւններ հաղորդել Բաշար Ասադի եւ վերջինիս ընտանիքի գտնուելու վայրի եւ ճակատագրի մասին: «Այս պահին Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հանդիպում է անցկացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինուած խմբաւորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի հետ, որպէսզի իշխանութեան յանձնում կատարի»,-նշեց հայազգի պատգամաւորը՝ յաւելելով, որ դեռեւս այլ յստակութիւն չկայ:
Պատգամաւորի բնորոշմամբ՝ Սիրիայի այլ հատուածներում բնակուող հայերի շրջանում եւս տիրում է զուսպ ու սպասողական վիճակ:
Անդրադառնալով երկրում տիրող քաղաքական իրադրութեանը՝ Մարիա Գաբրիելեանը տեղեկացրեց, որ այժմ իշխանութեան անցում է տեղի ունենում ժամանակաւոր կառավարութեանը: «Շարունակւում է իրականացուել իշխանութեան անցումը՝ լիարժէք գործադիր լիազօրութիւններով անցումային կառավարութեանը»,- եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Մարիա Գաբրիելեանը:
ՀՀ ԱԳՆ-ն յայտարարել է, որ Սիրիայում ստեղծուած անվտանգային իրավիճակով պայմանաւորուած՝ Դամասկոսում ՀՀ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակաւորապէս կը շարունակի Բեյրութից։Սիրիայի վարչապետը յայտարարել է Դամասկոսը գրաւած զինեալների ղեկավարութեան հետ երկխօսութեան մասին:
Al Arabiya հեռուստաալիքի հետ զրոյցում Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին յայտնել է, որ կապ է հաստատուել զինեալների ռազմական գործողութիւնների դէպարտամենտի հետ եւ քննարկուել են պետական կառոյցների պահպանման կարեւորութիւնը, ինչպէս նաեւ ներկայ փուլում կառավարման իրականացման հարցը: Նա նաեւ նշել է, որ Ասադի կառավարութեան մաս կազմող սիրիացի նախարարների մեծ մասը մնում է Դամասկոսում եւ կուերահսկի կառավարական հաստատութիւնների աշխատանքը։ Երկրի վարչապետը նաեւ յայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրուած ցանկացած ղեկավարութեան հետ, ինչպէս նաեւ իշխանութիւնը յանձնելու ընթացակարգերի շուրջ:
Աւելի վաղ, Սիրիայի զինուած ընդդիմութիւնը յայտարարել էր, որ իր զինեալները գրաւել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է երկրից: «Ալ Ջազիրայ»-ի փոխանցմամբ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինուած խմբաւորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին յայտարարել է, որ բոլոր կառավարական հաստատութիւնները կը մնան վարչապետի ենթակայութեան տակ, քանի դեռ պաշտօնապէս չէն յանձնուել: