Տորոնտոհայ երիտասարդները արգելել են ՀՀ դեսպանի մուտքը՝ Տորոնտոյի Հայ կենտրոն

Տորոնտոհայ երիտասարդները արգելել են ՀՀ դեսպանի մուտքը՝ Տորոնտոյի Հայ կենտրոն

Հոկտեմբերի 15-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի վարչութեան հանգանակային ճաշկերոյթին իբր պատգամախօս հրաւիրուած ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեանի մուտքը՝ Տորոնտոյի Հայ կենտրոն արգելուեց, երբ երիտասարդները փակեցին կենտրոնի մայր դուռը: Նրանք բռնել էին պաստառներ, որոնց վրայ կային տեղահանութեան, սովամահութեան, նահատակութեան եւ Հայաստան մուտքի իրաւունքից զրկուած երիտասարդների նկարները:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի արչութիւնը վարձել էր Տորոնտոյի Հայ կենտրոնի սրահը: Ո՛չ միջոցառումը եւ ո՛չ դեսպանի հրաւէրը որեւէ ձեւով չեն առնչւում Հայ կենտրոնի տնօրինութեան, նրա յարակից միութիւնների կամ ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրեան» կոմիտէի հետ:

«Մենք տիկին Յարութիւնեանի անձի դէմ ոչ մի խնդիր չունենք, բայց նա ներկայացնում է այսօրուայ իշխանութիւնը, որը Արցախը յանձնեց, 5000 եւ աւելի երիտասարդի նահատակութեան պատճառ դարձաւ, 120.000 արցախահայերի տեղահանութեան մեղսակից է, եւ արգելել են սփիւռքահայ երիտասարդ մեր ընկերների մուտքը Հայաստան։ Ուրեմն, դաւաճան իշխանութիւնների եւ իրենց պաշտօնեաների մուտքը այս կենտրոն թոյլատրելի չէ: Այս կենտրոնը նահատակ է տուել այն հողին, որ իրենք յանձնեցին թուրքին»,- ասացին երիտասարդները:

Երիտասարդները բացատրեցին, որ իրենք լաւ են հասկանում ժամանակաւոր գործող ռեժիմի եւ մշտական պետութեան տարբերութիւնը, բայց յարմար չեն գտնում դեսպանի ներկայութիւնը Հայ կենտրոն, ճիշտ այնպէս, ինչպէս իր ներկայացրած իշխանութիւնն է արգելում հայ երիտասարդների մուտքը՝ հայրենիք: Դեսպանին պէտք չէ անջատել Փաշինեանի հակահայ քաղաքականութիւնից: Երիտասարդները աւելացրին՝ ասելով, որ Անահիտ Յարութիւնեանի անձի հետ ոչ մի խնդիր չունեն, եւ այս անհանգստութիւնը պիտի վերաբերէր ցանկացածին, ով կը զբաղեցնէր դեսպանի պաշտօնը, որովհետեւ ՀՀ ներկայ իշխանութեան հետ հարցը երկրի բնականոն ազգային խնդիրների վերաբերեալ տարակարծութիւնները չեն, այլ թշնամու հանդէպ նրանց հաշտարար կեցուածքը, ապիկարութիւնն ու անկարողութիւնն է, որով էլ ներկայ իշխանութիւնը մեծ սպառնալիք է հանդիսանում ազգի համար:

Իր տեսակի մէջ աննախադէպ այս երեւոյթով երիտասարդները յայտնում են սփիւռքահայութեան դիրքորոշումը՝ «Ո՛չ, հայրենասպան այս իշխանութեանը»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի վարչութեան միջոցառումն ընթացաւ բնականոն կերպով:

Share