Արցախի Հանրապետութիւնը 33 տարեկան է, Արցախը շարունակում է իր պայքարը՝ հանուն արդարութեան եւ իր իրաւունքների ճանաչման։
1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումեանի շրջանային Խորհրդի եւ բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամաւորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման եւ նրա պետական իշխանութեան ու կառավարման ժամանակաւոր մարմինների ձեւաւորման մասին հռչակագիր ընդունեց:
1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքուէի արդիւնքում Արցախի բնակչութեան 99.89%-ն «այո» ասաց անկախութեանը:
1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի պատգամաւորների ընտրութիւններին։ Ձեւաւորուեց հանրապետութեան բարձրագոյն օրէնսդիր մարմինը՝ Գերագոյն խորհուրդը։ Իսկ 1992թ. յունուարին տեղի ունեցաւ հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախութեան հռչակագիրը։ Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահ ընտրուեց Արթուր Մկրտչեանը։ Հանրապետութիւնն ունեցաւ իր պետական դրօշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրօշը եռագոյն է՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն, սպիտակ գոյնի հնգատամ սանդղանման զարդանախշով։
Արցախցիները տօնը արժեւորում են Արցախից դուրս, հոգում վերադարձի հուսը փայփայելով։ Այսօր՝ Արցախի Նախագահի եւ Սրբազան Հոր առաջնորդութեամբ նրանք Եռաբլուրում էին՝ ծաղիկներ խոնարհելու Հայրենիքի նուիրեալների յիշատակին։
Երեւանի Արցախի ներկայացուցչութիւնում այցելում են մարդիկ, ովքեր Արցախի պետականութեան կերտման ճանապարհին Արցախի կողքին էին եւ այսօր էլ կարեւորում են Արցախի պետականութեան պահպանումը։
Օրուայ վերջում ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի նախաձեռնութեամբ կը կայանայ <Վերադարձ> խորագիրը կրող միջոցառում։