Ուսանող էի: Մի անգամ յայտնի հայագէտ, համշէնագէտ Սերգեյ Վարդանեանին հարցրի՝ ի՞նչ խնդիր է լուծում, երբ այդքան եռանդով խմբագրում ու տպագրում է «Ձայն համշէնականը», կորած չէ՞ ամէն ինչ:
Պատասխանն այնքան խորն էր, որ 20 տարի անց գրեթէ բառացի յիշում եմ. «Վահէ, եթէ անգամ 100 տարի անց էլ ծնուի մէկը, ով կը կարդայ այս ամէնը եւ կը լուծի խնդիրը, ես իմ նպատակին հասած կը լինեմ»:
Հենց այդ ծնուած կամ դեռ ծնուելիք մէկից էլ սարսափում է Արցախը դաւաճանաբար յանձնած այս խմբաւորումը; Ունենալով Արցախեան առաջին պատերազմի դառը փորձը, երբ հայութեան մէջ պոռթկաց հող ազտագրող հայի տեսակը, այդ հարցում մտահոգ են նաեւ Էրդողանն ու Ալիեւը:
Եւ այդ եռեակը, ձեռքին ունենալով ՀՀ-ում գործող յանցաւոր իշխանութեան գործիքակազմը, անցել է յաջորդ փուլին: Այժմեան խնդիրն է՝ սպանել այդ հաւաքական մէկին, այն է՝ խեղդել գիտակցութիւնը, սպանել գաղափարը, խեղել գենետիկ կոդը, հայի մէջ յաւէտ սպանել հող ազատագրող հային, կործանել այդ ամէնի հիմնական «մեղաւոր» հայոց պետականութիւնը, որպէսզի այսօր կամ 100 տարի անց էլ ապահովագրուած լինի ստացածն առանց գլխացաւանքի վայելելու համաթիւրքական մոլուցքը:
Եռեակը լաւ գիտի՝ մի րոպէում կորցնելու է շատ աւելին, երբ չկարողացաւ սպանել այդ մէկին, հաւաքական մէկին, ԻՐԵՆ ՎԵՐԱԳՏԱԾ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԿԻՆ…