Որպէսզի ընդդիմադիր պայքարը բերի յաջողութեան

Որպէսզի ընդդիմադիր պայքարը բերի յաջողութեան

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Պարտութիւնը շատ դժուար բան է, այն ստեղծել է մինչեւ այս մէզ անծանօթ միջավայր։ 100 տարի է՝ հայ ժողովրդի մի քանի սերունդ պարտութիւնը չգիտէր՝ ինչ է։ Մենք մոռացել էինք պարտութիւնը։

Պարտութեան քաղաքացին, պարտութեան հասարակութիւնը

Պարտութիւնը ձեւաւորում է իր սպեցիֆիկ քաղաքացուն, իր սպեցիֆիկ հասարակութիւնը։ Սա նորմալ միջավայր չէ, եւ պայքարի ռազմավարութիւնը մշակելիս սա պէտք է հաշուի առնել։ Այն, որ պարտութիւնից յետոյ Հայաստանում իշխանութիւն չի փոխուել, մեր ազգային ամօթն է։ Միւս կողմից, մենք չենք ընդունում եւ խորութեամբ չենք հասկանում նոր իրականութիւնը։ Պարտուած քաղաքացին եւ պարտուած հասարակութիւնը նշանակում է սոցիալական բազմաթիւ խեղուած յարաբերութիւններ ու պատկերացումներ։ Մենք պէտք է փորձենք ուսումնասիրել ու հասկանալ այս ամէնը, որ ընդդիմադիր պայքարը բերի յաջողութեան։

Պարտութեան քաղաքացին

Պարտութեան պայմաններում դժուար է մարդ մնալ։ Բոլոր պետութիւններում է այդպէս։ Բարոյական նորմեր խախտելը հեշտանում է, քանի որ այդ նորմերը դադարում են աշխատել, ու դրանք խախտողը դադարում է զգալ իր արածի նշանակութիւնն ու հետեւանքը։
Արդարադատութեան նորանշանակ փոխնախարարի էպիզօդը ողբերգութիւն էր. այն կապ չուներ ո´չ գրքի, ո´չ նրա հեղինակի հետ։ Դա բոլոր յայտնի այլանդակ համակարգերի միքս էր՝ սկսած սովետական գուլագից՝ հրաժարուել ծնողներից, ընտանիքից, ընկերներից… Դա ֆաշիստական էպոխայից էր՝ այրել գրքերը։ Սա մեր «նոր նորմալութիւնն» է։
Միայն տոտալ պարտուած հասարակութեան մէջ է հնարաւոր «Մեծարգոյ»-ի ժանրը։ Իշխանութեան ղեկավարին, որը պարտուել է երկրի կէսը, իսկ միւս կէսի ճակատագիրը դրել է անորոշութեան մէջ, ստիպում են դիմել «մեծարգոյ»-ով։
Ի՞նչ կարիք կայ մարդկանց խեղելու։
Ցանկացած աշխատանքային դիմելաձեւ, օրինակ՝ պարոն վարչապետը, լրիւ բաւարար էր։ Ոչ, պարտուած երկրի պարտուած քաղաքացուն խեղում են մինչեւ վերջ։

Մարդկային անկման եւ մարդկայնութեան խեղման բազմաթիւ մեխանիզմներ ունի իշխանութիւնը։ Ի՞նչ կարիք կայ այդ ամենն անխնայ կիրառելու՝ իւրայինների կամ այլոց հանդէպ։ Այդպէս միայն աւելի եք աւերում այս հասարակութիւնը։
Հայաստանում նոր ու շատ վտանգաւոր բարիկադաւորում է ձեւաւորւում։ Հասարակութեան մի մաս դադարում է ընդհանուր հոգեբանական հայրենիք ունենալ «մեծարգոյական» շերտի հետ։ Սա շատ վտանգաւոր միտում է, բայց նաեւ՝ հասկանալի։ Դատաիրաւական համակարգում կատարուող սարսափներն արձանագրում ենք բոլորս, բայց դրանք իրականացնում են կոնկրէտ մարդիկ՝ անուն-ազգանունով եւ երբեմն որոշակի կենսագրութիւն ունեցող ՀՀ քաղաքացիները։ Հրայր Թովմասեանին դատում են, որովհետեւ կարծիք ունի։ Կկոչուի դա յատուկ կարծիք, թէ անյատական, էական չէ։ Այսօր քաղաքացին պէտք է կարծիք չունենայ։

Լուծումը

Մեծ է գայթակղութիւնը՝ բոլորին հատ-հատ մեղադրելու, բայց դրա արդիւնաւետութիւնը կասկածելի է։ Դրանից աւելի ագրեսիւանում է բարիկադաւորումը՝ իրենց մէջ ու իշխանութեան շուրջ։ «Մեծարգոյականները» խզում են այլ միջավայրերի հետ իրենց սոցիալական կոմունիկացիաները՝ «մի խանգարեք մէզ լինել այդպիսին» լուռ կարգախօսով։
Հնարաւոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր փոքր Հայաստանում հնարաւոր էր ստանալ այսպիսի մեծ հրէշ։ Այս համակարգը՝ պարտութեան համակարգը, իր բազմաթիւ լծակներով կջարդի մեր պետութիւնը, կխեղի նորմալ մարդկանց։

Պարտութեան հասարակութիւնը

Մենք ունենք արխայիկ հասարակութիւն, որն էապէս ծանրացել է պարտութեան բեռով։ Փողոցից եկած «временщик»-ները համոզում են, որ մենք անպատմութիւն զանգուած եք, անունակ՝ որեւէ լուրջ բանի։
Պարտութեան հասարակութիւններում հանրային թրիգերների որակները եւ ընդվզման ունակութիւններն այլ են։
Հայ մարզիկի հանդէպ անարդար մրցավարութիւնն աւելի բուռն ներհանրային արձագանք ծնեց, քան՝ պետականութեան փլուզման իրական վտանգը։

Չկառավարուող ներքին կեանքը՝ օր օրի այլանդակուող բարքերով, կոմունալ համակարգերի տապալումները, ամենօրեայ ողբերգական վթարները, պոռթկում ու տագնապ չէն առաջացնում։
Պարտութեան հասարակութեան բարքերը, նպատակները, բարոյական նորմերը, ցանկութիւնները, կարողութիւնները էապէս տարբերւում են ստանդարտ հասարակութիւններից։

Հետեւաբար՝ ցանկացած շարժման, ցանկացած ընտրութեան, ցանկացած հանրային-քաղաքական փուլի պատրաստուելիս սա պէտք է հասկանալ։ Չհասկանալ, նշանակում է ի սկզբանէ պարտուել։ Հասարակութիւնից ակնկալիքը եւ հասարակութեան վիճակը իրար չէն բռնում։
Մենք զարմանում ենք, թէ ինչպէս կարող մեր հասարակութիւնն այսքան անտարբեր լինել Բաքուի բանտերում պահուող իր գերիների հանդէպ։ Բացատրութիւնը գուցէ այն է, որ պարտութեան հասարակութիւնն ինքն իրեն զգում է նոյնքան ջարդուած, անյոյս վիճակում, գերութեան պէս մի միջավայրում։ Այդ պատճառով է նրա էմպատիայի զգացումն այդքան թոյլ։ Կոպիտ ասած՝ «մէկը լինէր մեր մասին մտածեր»։
Դժուար է նոյնիսկ պատկերացնել, թէ ինչ է կատարուելու, երբ Բաքւում սկսուէն դատավարութիւնները ու մատուցուէն մեր անպատրաստ, կոտրուած հասարակութեանը, որի հետ ոչ ոք նախապէս այս թեմայի շուրջ աշխատանք չի տանում։
Պետք չէ նեղանալ (առաւել եւս վիրաւորել) քաղաքացուն ու հասարակութեանը, պէտք է նրան հետ աշխատել՝ ինչպէս ծնող, ինչպէս ուսուցիչ։ Սկզբում պէտք է փոխել հասարակութեան հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարաւոր լինի փոխել իշխանութիւնը։

Շարունակելի

Share