«Ապառաժ»
Յուլիսի 9-ին Արցախի Հանրապետութեան Դատախազութեան շէնքի առջեւ տեղի է ունեցել բողոքի ակցիայ՝ ԱՀ ԱԱԾ մեկուսարանում գտնուող մեղադրեալ Ա. Ի.-ին տեսակցելու պահանջով։ Մեղադրեալի պաշտպան փաստաբան Ռոման Երիցեանի խօսքով՝ խախտուել է փաստաբանի մասնագիտական իրաւունքը. չէն թոյլատրել տեսակցել իրենց պաշտպանեալին։ Հարցի վերաբերեալ հաղորդագրութիւն է տարածել ԱՀ դատախազութիւնը՝ պարզաբանելով պաշտպանեալի հետ տեսակցութեան սահմանափակումը ոչ աշխատանքային օրերին՝ համաձայն օրէնքի. «Երկարատեւ տեսակցութիւնը տրամադրւում, իսկ կարճատեւ տեսակցութիւնը տրամադրւում եւ անցկացւում է աշխատանքային օրերին` ժամը 10.00-17.00-ն ընկած ժամանակահատուածում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամէրին թոյլատրւում է կալանաւորուած անձին տեսակցութիւնն իր պաշտպանի հետ: Այսինքն՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամէրին թոյլատրւում է կալանաւորուած անձի տեսակցութիւնն իր պաշտպանութիւնը ստանձնելու նպատակով տեսակցութեան եկած փաստաբանի հետ»:
Դատախազութեան շէնքի առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ընդհարում է տեղի ունեցել հաւաքուածների ու ոստիկանների միջեւ։ Ակցիային ներկայ ՍիւիլՆեթի լրագրող Հայկ Ղազարեանը որոշ ժամանակ անց ուղիղ եթերով տեղեկացրել է, որ ԱՀ դատախազութեան շէնքի դիմաց իրականացուող ակցիայի ժամանակ ԱՀ ՆԳՆ ոստիկանութեան ծառայողն իրենից խլել է բջջային հեռախօսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունէութեանը եւ մինչ բողոք ներկայացնելու պահը հեռախօսը իրեն չէն վերադարձրել: Լրագրողը դիմել է ԱՀ ՄԻՊ։
«Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում հեռախօսը վերադարձուել է Հայկ Ղազարեանին, որը, ստուգելով հեռախօսի պարունակութիւնը, յայտնել է, որ Ոստիկանութեան ծառայողը հեռախօսից ջնջել է հաւաքի վերաբերեալ կատարուած տեսաձայնագրութիւնները, որոնցում արձանագրուած էին նաեւ նոյն օրը ԱՀ դատախազութեան շէնքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանութեան ծառայողների գործողութիւնները: Հարկ է նշել, որ ոստիկանութեան համապատասխան ծառայողը Մարդու իրաւունքների պաշտպանի ներկայացուցչին յայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարեանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պէս անմիջապէս ցուցում է տուել իր ծառայողներին հեռախօսը վերադարձնել տիրոջը»,- ասւում է ԱՀ ՄԻՊ յայտարարութեան մէջ։
Յաջորդ օրը ՄԻՊ-ը յայտարարութիւն է տարածել՝ յուլիսի 11-ին, Հայկ Ղազարեանի վրայ քաղաքացիական հագուստով մի խումբ անձանց յարձակման, քաշքշելու, հարուածներ հասնելու մասին։ Հաղորդւում էր, որ հարցի առնչութեամբ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմում սկսուել է քննարկման ընթացակարգ։ «Ապառաժ»-ի հետ զրոյցում Հայկ Ղազարեանը նշել է, որ ճանաչել է իր վրայ յարձակուողներից ոմանց, նրանք, ըստ նրա, ԱՀ ՆԳՆ աշխատակիցներ են։ Հայկ Ղազարեանը տեղեկացրել է, որ յանցագործութեան մասին դիմում է ներկայացրել ԱՀ դատախազութիւն:
Հարցի վերաբերեալ մեկնաբանութեան համար դիմել ենք ԱՀ ՆԳ նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետին, ով հրաժարուել է մեկնաբանութիւն տալ՝ պատճառաբանելով «Ապառաժ»-ի լրագրողի ֆեյսբուքեան հետեւեալ գրառումը․ «Օձերի տեղաշարժը տեղը տեղին լուսաբանող կառոյցը չի՞ ուզում պարզաբանում տալ»։ Ամենեւին նպատակ չունենալով արժեզրկել ՆԳ նախարարութեան կատարած աշխատանքը՝ նշէնք, որ ՆԳՆ ֆեյսբուքեան պաշտօնական էջում յատկապէս աչքի են զարնւում օձեր յայտնաբերելու եւ անվտանգ վայր տեղափոխելու մասին հաղորդագրութիւնները։ Մայիսից մինչ այժմ հաղորդուել է 13 այդպիսի դէպքի մասին:
Յուլիսի 9-ի դէպքի մասին մեկնաբանութիւն չի տուել նաեւ ԱՀ ԱԱ ծառայութիւնը՝ կոչ անելով հետեւել իրենց պաշտօնական էջի հաղորդագրութիւններին, որտեղ վերջին դէպքերի մասին հրապարակում չտեսանք։
Ռոման Երիցեանը ֆեյսբուքեան էջով մի քանի անգամ անդրադարձել է իր արձանագրած իրաւախախտումներին։ «Ապառաժ»-ի հետ զրոյցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը ինչպէս համացանցում տարածուած տեսանիւթից, այնպէս էլ փաստաբանների կողմից ահազանգի միջոցով տեղեկացել է փաստաբանական գրասենեակի վրայ կատարուած յարձակման մասին: «Փաստաբանները հաղորդում են, որ ահազանգել են ոստիկանութիւն, իսկ ոստիկանութեան կողմից պատասխան գործողութիւններ չէն կատարուել, մեր կողմից այժմ ուսումնասիրւում է դէպքը եւ պետական մարմինների ցուցաբերած վարքագիծը»,- նշել է ԱՀ ՄիՊ-ը: Նրա խօսքով՝ Քննչական կոմիտէ հաղորդում ներկայացուելուց յետոյ կոմիտէի կողմից քննչական գործողութիւններ են իրականացուել փաստաբանական գրասենեակում: Գ. Ստեփանեանն անընդունելի է համարել մարդու իրաւունքների պաշտպանութեան կարեւորագոյն գործառոյթ իրականացնող փաստաբանական համայնքի նկատմամբ նման գործողութիւնների ձեռնարկումը:
Յաւելենք, որ յատկապէս շրջափակման հետեւանքով հանրութեան շրջանում առաջացած հոգեբանական լարուածութեան պայմաններում պետական մարմիններից ակնկալւում է հանրամատչելի, յստակ ու պարզ լրատուութեամբ փարատել առաջացած խնդիրները՝ խուճապային տրամադրութիւնների, ասեկոսեների եւ անհարկի շահարկումների տեղիք չտալու համար: