Լիլիթ Գալստեան. Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր

Լիլիթ Գալստեան. Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր

ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԵՐԻՑ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՋՆՋՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մարդ ու անասուն իրարից ջոկւում են յիշողութեամբ: Յիշողութիւնը դրած է անասունի ու մարդու արանքում: Յիշողութեան մէջ ես՝ ուրեմն վառւում ես, մարդ ես, հաշիւներ ունես, անհանգիստ ես եւ յիշողութեան մէջ չես՝ հրէն բաց դաշտում կովն արածում է առանց յիշողութիւնների, իսկ հորթին երէկ են մորթել»: Սրանք Հրանտ Մաթեւոսեանի խօսքերն են՝ «Ծառերը» վիպակից։

Մաթեւոսեանի այս մարգարեական բանաձեւն հիմա ամենօրեայ ապրում է ու մտրակող ցաւ․․․ Ցաւ, որովհետեւ  մեր կողքին  կայ զուգահեռ մի իրականութիւն, ուր ամենօրեայ ռիթմով բախւում ենք անասունի կերպը նախընտրած  «մարդկանց»  տեսակին, ու նրանք քիչ չէն․․․։ Նրանք հիմա պարարտ հող ունեն ու լծուել են ոգեղէն  Հայաստանի փլուզմանը։

Հրահանգն այդպիսին է․ եւ  տեսակային վիրտուոզ սելեկցիան սրանց ջրի երես է հանել՝ կենսական դաշտ ապահովելով հնարաւոր ամենանողկալի որակների դրսեւորման համար ․․․
Սրանցը ուրացումն է՝ պատմութիւնից մինչեւ  հաւատ, դասագրքից մինչեւ եկեղեցի, անգամ սեփական կենսագրութիւն․․․

Այն տեսակի սրբազան փարոսները  պաշտօնն ու փողն են։  Սրանք պատրաստ են կեանքի  «սկզբունքներ ու համոզումներ»  խմբագրել՝ ջրի երեսին մնալու ու հընթաց քամիներին  ներդաշնակ լինելու,  լափամանին մօտ  ու յարմարաւետ տեղաւորուելու համար։

Սրանց թւում է, թէ եկել է  ապրելու, իրենց ապրելու ժամանակը՝ առանց հասկանալու, որ չկայ ներկայ առանց անցեալ։

Սրանք չգիտէն կամ չէն ուզում իմանալ, որ անցեալն իրենց  ու մեր հաւաքական ինքնութեան մասն է, նոյնքան ներկայ։

Սրանք չէն հասկանում, կամ չէն ուզում հասկանալ, որ նիկոլի, ալիեւի կամ էրդողանի  հրահանգով գրած պատմութեան մէջ իրենք էլ չկան, իրենք  էլ են դառնում անպէտք ոչ մի բան, օգտագործուած ու շպրտուած  ոչ մի բան, ոչնչութիւն, զրոյ․․․

Սրանք չէն հասկանում, որ անգամ  իրենք իրենց պէտք չէն, իրենք ինքնաընկալում  էլ չունեն,  իրենք իրենց ընթացիկ, ճղճիմ  ու այսրոպէական շահից դուրս չկան․․․

Անհայրենիք Էս տեսակը սրբութիւն չունի, չունի նաեւ  անձնական ինքնորոշման կայուն յենարան։
Սրանք  չգիտէն կամ ունակ չէն ընկալելու, որ  պատմութիւնն ու անցեալը մեր ինքնութեան մասն են, չկայ ներկայ առանց անցեալ։ Ի վերջոյ, չկայ ազգ առանց պատմութեան։

Սա մշտապէս տէր փնտրող անողնաշար տեսակն է,  ուժի դէմ քծնող ու ճկուող, արմատից թոյլ, բայց պոռոտախօս ու ոչնչատեսիլ։

Ի վերջոյ, պատեհապաշտ այս տեսակը թերագնահատում է մեր հաւաքական յիշողութիւնը։  Իսկ մենք հոյ լաւ ենք յիշում իրենց պատերից չիջնող նախկինների նկարները,  նախկիններին քսմսուելու ու մի բան թռցնելու կայուն վարքը, ազատամարտն ու հայրենասիրութիւնը բիսնեսի  ու բաժակաճառի վերացրածների սրանց սին ու անբարոյ  արժէքները։

Իրենք, վստահաբար, Այթմատով չէն կարդացել եւ չգիտէն, որ յիշողութիւնից բռնի զրկուածին ու  սեփական արմատները չճանաչողին մանկուրտ են կոչում, ու սա հին սելջուկեան փորձուած միջոց է՝  հաւատարիմ ու անուղեղ ստրուկներ  բուծելու միջոց․․․

Իսկ թուրքը՝ նաեւ ներքինը, վաղուց մտել է մեր կենսական տարածքներ, ուր հորթի անմեղութեամբ շարունակում են ապրել նաեւ ձեր զաւակները։

ԱՄՈԹԻ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ, դուք մնալու եք գլխիկոր։
Ձեզ չէն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին․․․
Հ․Գ․Արգահատելի են  նաեւ նրանք, ովքեր այս պղծումի/ինքնասպանութեան/ լուռ ու հաշտ վկան են»։

Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր   

Share