Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը կասկածի տակ դնողները հայ չէն. Մայք Սարեան

Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը կասկածի տակ դնողները հայ չէն. Մայք Սարեան

Ոչ Հայաստանի գործող իշխանութիւնը, ոչ իշխանական պատգամաւորներից որեւէ մէկն իրաւունք չունի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասաց հասարակական գործիչ, բարերար, բժիշկ Մայք Սարեանը։

«Ոչ ոք չի կարող 100 եւ աւելի տարիներ յետոյ գալ ու հարցականի տակ դնել այդ մարդկանց զոհուելու փաստը: Ցաւալի է նման բան լսելը, բայց, կարծում եմ՝ այդ ամէնի մեղաւորը մենք ենք՝ հայերս: Հայ ժողովուրդը չպէտք է թոյլ տար, որ նման ղեկավարութիւնը շարունակեր կառավարել երկիրը, աւելին՝ երկու անգամ ընտրեր նրանց: Այդ 1,5 միլիոն զոհերի միակ մեղքը հայ լինելն էր: Եւ այսօր ո՛չ Հայաստանի գործող ղեկավարութիւնը, ո՛չ էլ որեւէ պատգամաւոր իրաւունք չունի կասկածի տակ դնել անմեղ զոհերի յիշատակը»,- նշեց Սարեանը:

Նրա խօսքով՝ թուրք ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը, իսկ իշխանութիւնները չէն ընդունում այդ յանցագործութիւնը, քանի որ գիտակցում են՝ պատասխանատուութեան են ենթարկուելու։

«Ես ունեմ թուրք գործընկերներ, որոնց հետ աշխատում եմ, եւ նրանք ընդունում են, որ ցեղասպանութիւն է եղել: Թուրքիայի ներսում մարդիկ նոյնպէս ընդունում են այդ փաստը, բայց նրանց իշխանութիւնները չէն ցանկանում ընդունել դա, քանի որ գիտէն՝ այդ ամէնի համար պատասխան են տալու։ Իմ ընտանիքը, մնացածները տեղափոխուել են Լիբանան, Սիրիայ կամ մէկ այլ երկիր, որ կարողանան փախչել ցեղասպանութիւնից: Հազարաւոր հայերի քշեցին դէպի Դեր Զոր եւ սպանեցին։ Մինչ օրս Դեր Զորում սպանուած հայերի ոսկորներն են գտնում։ Իմանալով եւ տեսնելով այդ ամէնը՝ ես չեմ կարող համակերպուել այն մտքի հետ, որ որեւէ մէկը կարող է կասկածի տակ դնել այդ զոհերի յիշատակը։ Նման մարդիկ ինձ համար հայ չէն»,- նշեց Սարեանը:

alphanews.am

Share