Սա այն նոյն իշխանութիւնն է, որին, Արցախի նախագահը զօրակցում էր. Վաչէ Բրուտեան

Սա այն նոյն իշխանութիւնն է, որին, Արցախի նախագահը զօրակցում էր. Վաչէ Բրուտեան

Այնպես չէ հանկարծակի հայտնաբերեցինք, որ Փաշինյանը ատում է Արցախը: Այս մարդը այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ մարտի 1-ի օրերին հայտարարեց՝ մայրաքաղաքը պետք է մաքրել ղարաբաղցի տականքներից: Նա հենց նույն մարդն է, որ «Հայկական ժամանակ» թերթի մեջ անընդհատ թույն ու թարախ էր սրսկում Արցախի ու արցախցիների դեմ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է հրապարակախոս-խմբագիր Վաչե Բրուտյանը:

«Պարոն Հարությունյանը նո՞ր իմացավ, թե այս իշխանությունը, ինչ մտադրություններ ունի Արցախի հետ: Հիշեցնեմ, որ սա այն նույն իշխանությունն է, որին ԱՀ նախագահն անվերապահորեն զորակցում էր: Երբ Հարությունյանը հրապարակային կհայտարարի, որ այսքան ժամանակ սխալ ընթացքի մեջ է եղել, նոր իր այսօրվա հայտարարությունը ամբողջական կընկալեմ», — նշել է Բրուտյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է զերծ մնա Արցախը Ադրբեջանին հանձնելու գործողություններից և հայտարարություններից:

Հրապարակախոսը վստահ է՝ Արցախը փրկելուց հետո շատերը պետք է ներկայանան դատարան և պատասխան տան. նրանց մեջ և՛ ՔՊ-ն է, և՛ Արայիկ Հարությունյանը:

«Ինձ համար Արցախն ու Հայաստանը անքակտելիորեն միասնություն են քաղաքական առումով, և ինձ համար մեկ է՝ որևէ պաշտոնյա դրան հավատում է, թե ոչ: Արցախը ռազմական նշանակություն ունի, այն հայերի հայրենիքն է, Արցախը միասնական Հայաստան կերտելու ուղու առաջին կարևոր հանգրվանն է: Սա ինձ համար հստակ է», — եզրափակել է Բրուտյանը:

Share