Սա հայ ժողովրդի պատմութեան մէջ խայտառակ դիպուած է

Սա հայ ժողովրդի պատմութեան մէջ խայտառակ դիպուած է

«Իր կեանքի համար թող վախենայ Արսէն Թորոսեանը, մէզ համար կեանքը մեծագոյն արժէք չէ, հայրենիքն է մեծագոյն արժէք, մէզ համար ուրիշի կեանքն է մեծագոյն արժէք»

Այս մասին 168TV-ի «Ռեւյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանը, անդրադառնալով օրերս իր եւ իր դստէր՝ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի՝ ՀՀ մուտքի արգելքին եւ ՀՀ իշխանութիւնների որոշմանը:

Աբրահամեանը նախ յոյս յայտնեց, որ Սփիւռքի 3 գործիչներով կսահմանափակուի այս աղէտալի իրավիճակը:

«Յուսամ, որ ես, Մուրադը եւ Սիւնէն կը լինենք այն միակ երեք սփիւռքահայերը, որոնք չէն կարող մուտք գործել իրենց հայրենիք, բայց վախենամ, որ չսահմանափակուի այս ամէնը սրանով: Համոզուած եմ, որ այդ սեւ ցուցակում են նաեւ իմ որդին եւ հարսը, որոնք այսօր պատրաստւում էին մեկնել Հայաստան, բայց հրաժարուեցին մեկնելուց, որովհետեւ վստահ են, որ իրենք էլ սեւ ցուցակում են, թէեւ այն խիստ գաղտնի է պահւում եւ ոչ մէկին չի տրւում տեղեկութիւն»,- ասաց Աբրահամեանը:

Նա ՀՀ իշխանութիւնների կողմից իրենց մուտքը հայրենիք արգելելու որոշումը խայտառակութիւն որակեց՝ ասելով․ «Սա հայ ժողովրդի պատմութեան մէջ խայտառակ դիպուած է, որովհետեւ հային զրկել Հայաստան մտնելուց փաստը գրւում է պատմութեան մէջ»։

ՀՀ իշխանութիւնների այս վերաբերմունքը, նրա խօսքով, պայմանաւորուած է Նիկոլ Փաշինեանի՝ մայիս ամսին Նիդեռլանդներ կատարած այցի հետ:

«Մենք, ինչպէս ՀՅԴ աշխարհասփիւռ ողջ կառոյցը, ՀՅԴ հայաստանեան կառոյցը, Հայաստանում ապրող մեծ ծաւալի ազգաբնակչութիւնը մեր դժգոհութիւնը յայտնեցինք պարոն Փաշինեանի վարած քաղաքականութիւնից: Այդ դժգոհութիւնը յայտնեցինք լրիւ ու լրիւ մեր քաղաքացիական իրաւունքների սահմաններում՝ կազմակերպեցինք ցոյցեր, կազմակերպեցինք գործողութիւններ եւ յայտնեցինք, որ համաձայն չենք դաւաճանական քաղաքականութեան հետ եւ դատապարտում ենք, պահանջում ենք, որպէսզի այդ քաղաքականութիւնը փոխուի, վերանայման ենթարկուի: Բայց օրէնքից դուրս որեւէ գործողութիւն տեղի չի ունեցել»,- ասաց Աբրահամեանը:

Մեր զրուցակցի խօսքով՝ Մուրադ Փափազեանի եւ իրենց դէպքում սա շինծու գործ է, պարզ, միամիտ մարդկանց խաբելու եղանակ է, նպատակը՝ շատ պարզ:

«Ես պատիւ եմ համարում Մուրադ Փափազեանի շարքին, կողքին կանգնել այդ ցուցակում, բայց հիմնականում խնդիրը Նիկոլ Փաշինեանի համար այն է, որ վախի մթնոլորտ առաջացնի սփիւռքահայութեան մօտ, որ սփիւռքահայութիւնը որեւէ կերպ հանդէս չգայ նրա դէմ, նրա քաղաքականութեան դէմ»,- ասաց նա՝ յաւելելով, որ սա արւում է այն նպատակով, որպէսզի որեւէ մէկը հանդէս չգայ իշխանութեան նպատակների դէմ:

Անդրադառնալով իշխանութեան այն պնդումներին, թէ Փափազեանը իբրեւ թէ ոտնձգութիւն է կատարել կամ կազմակերպել պետական խորհրդանիշների ու ՀՀ-ի դէմ, ինչը պարոն Փափազեանը կտրականապէս հերքում է, Աբրահամեանն ասաց․

«Ի՞նչ խորհրդանիշի մասին է խօսքը, խորհրդանիշը դրօշն է, օրհներգն է, նրա նկատմամբ պէտք է յարգանք լինի, թէ չէ այն անձը, որն իրականացնում է պետական պարտաւորութիւններ, պէտք է ենթակայ լինի քննադատութեան, ո՞վ է ասել, որ չպէտք է քննադատել: Խորհրդանիշը կարող է երկիրը տանել-ծախել, եւ մենք ոչինչ չե՞նք կարող ասել, որ սխալ է քո վարած քաղաքականութիւնը:

Եթէ մարդը պետութեան խորհրդանիշ է, պէտք է նրան չքննադատե՞լ, թողնել, որ նա ամէն ինչ անի՞»,- զարմանքով ասաց Աբրահամեանը՝ շարունակելով ասել, թէ Նիկոլ Փաշինեանն ամբողջն իր ձեռքն է վերցրել, ուստի ի՞նչ միջոց կայ այս րոպէին ազդելու Նիկոլ Փաշինեանի կայացրած որոշումների վրայ:

Նրա որակմամբ, Փաշինեանը միապետն է, աշխարհի ամենաանարդար միապետէրից մէկը, որը որեւէ քննադատութիւն թոյլ չի տալիս իր հասցէին:

«Այսինքն՝ թողնենք անի, ինչ ուզում է, քանի որ ինչ-որ չափով նա պետական խորհրդանի՞շ է»,- ասաց նա:

Մասիս Աբրահամեանը նշեց, որ դաշնակցականին վախեցնելն ամենաանշնորհակալ, անարդիւնաւետ գործն է, ամբողջ աշխարհը 130 տարի շարունակ փորձում է դաշնակցականին վախեցնել ինչ-որ ռեպրեսիաներով:

«Մի՞թէ մենք մեր կեանքի համար վախեցող մարդ ենք, իր կեանքի համար թող վախենայ Արսէն Թորոսեանը, ո՛չ, մէզ համար կեանքը մեծագոյն արժէք չէ, հայրենիքն է մեծագոյն, արժէք, մէզ համար ուրիշի կեանքն է մեծագոյն արժէք»,- ասաց նա՝ յաւելելով, որ թող Թորոսեանը վախենայ մահից, իսկ իրենք իրենց զաւակներին ուղարկում են պատերազմի, կռուի եւ ասում են՝ գնայ եւ զոհուի ազգիդ համար:

Թէ ինչ քայլեր են պատրաստւում ձեռնարկել՝ հարցին Մասիս Աբրահամեանը պատասխանեց, որ իրենց բոլոր քայլերը լինելու են օրէնքի եւ սահմանադրութեան, օրինականութեան շրջանակում:

«Չի կարող լինել օրէնքից ու օրինականութիւնից դուրս քայլ, բայց այն, որ մենք դաժան ենք լինելու մեր հետապնդումներով՝ օրէնքն ենք հետապնդելու, մենք գիտենք, որ դաւաճանական եւ մատնիչ ձեւով այդ սեւ ցուցակը կազմուել է, ուստի պայքարելու ենք»,- ասաց նա, թուարկելով այն քայլերը, որոնք պատրաստւում են ձեռնարկել:

Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում

Share