Սա մեր միակ եւ վերջին տունն է

Սա մեր միակ եւ վերջին տունն է

Պատրիկ Ազատեան (Ֆէյսբուքի Գրառում)

Ասեմ ի՞նչ է լինելու: Սահմանները կը բացուեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ թուրքերը բոլորի պէս կը գան այստեղ եւ բիզնեսներ կբացեն եւ անշարժ գոյք կգնեն։ Ճանաչելով մեր ղեկավարութեանը եւ մեր «վերնախաւին» սրա մէջ զարմանալի բան չկայ:

Եթէ ​​ես կարող եմ մտածել նման տարբերակի մասին, հաւատացէք ինձ, երեկուանից Թուրքիայի ղեկավարութիւնը եւ նրանց ռազմական անվտանգութեան ծառայութիւններն արդէն մտածել եւ ծրագրել են նման սխեմաներ։

Նրանք կը գան եւ կգնեն մեր բիզնեսներից շատերը կամ կը դառնան հայ քաղաքական առաջնորդների, գործարարների եւ օլիգարխների գործընկերները։ Հայ գործարարները կը սկսեն քարոզարշաւ իրականացնել նրանց օգտին, ինչքան շատ ներդրողներ, այնքան էլ շատ գումար նրանց գրպաններում: Թուրք գործարարներն իրենց մարդկանց կ’ուղարկեն Հայաստան ապրելու եւ կառավարելու իրենց բիզնեսները: Նրանցից աշխատավարձ կը ստանաք. երբեմն մեծ գումարներ: Նրանք կգտնեն անշարժ գոյք գնելու ձեւեր, երբեմն օրինական, երբեմն էլ օրէնքը շրջանցող, ինչպէս Հայաստանում արդէն անում են իրանցիները, հնդիկները, ռուսները եւ միւսները:

Նրանք դպրոցներ եւ մզկիթներ կը կառուցեն եւ այստեղ համայնքներ կը հիմնէն: Նրանք կընկերանան մէզ հետ, կը սիրահարուեն եւ կամուսնանան տեղացի տղաների ու աղջիկների հետ: Հարսնացուներ եւ փեսաներ կ’ուղարկեք նրանց տները եւ նոյնը կը ստանաք նրանցից: Ինչպէս հիմա անում էք իրանցիների, հնդիկների, ռուսների եւ այլոց հետ: Յետոյ այս երեւոյթը կարդարացնեք՝ ասելով, որ երեխաները բլբուլի պէս հայերէն են խօսում, իսկ հարսնացուն կամ փեսան շատ գեղեցիկ է կամ հարուստ: Բայց արդարանալու կարիքը չի լինի։

Մարդ արարածը ընկերական կապեր է ստեղծում բոլորի հետ, սիրահարւում է, ամուսնանում է եւ երբեմն էլ մոռանում է իր արմատները։ Մի քանի տասնամեակ յետոյ ձեր ինքնութիւնն անճանաչելի կը դառնայ, առանց կռուի, առանց մղձաւանջի, առանց պատերազմի եւ առանց դիմադրութեան կը տեսնէք մեր տեսակը, մեր երկրի փոքրիկ 3 միլիոն բնակչութիւնը, հայութեան միակ տունը կորցրել է իր հայկականութիւնը: Այն վերածուել է շուկայական ուժերի կողմից կառավարուող հալման մի կաթսայի (melting pot): Շատերը սա կը ներկայացնեն որպէս յառաջադիմութեան փաստ օրինակ բերելով հսկայ եւ բազմամարդ ԱՄՆ-ն: Սփիւռքի հետ կապն աւելի կխաթարուի, որովհետեւ նրանց աչքին Հայաստանը այլեւս խորթ կը դառնայ։ Նրանք կօտարուեն Հայաստանից: Եւ դուք էլ սփիւռքահայութեանը բաւարար հայ չէք համարի (ինչպէս արդէն երբեմն անում էք) ու նրանց ներդրումները կարհամարէք: Դուք արդէն աւելի գումար ունեցող գործընկերներ կ’ունենաք:

Ցաւին չդիմանալով երեւի մեր նմանները կը հեռանան հայրենիքից: Երկար կբամբասէք ու հեքիաթներ կը հիւսէք մեր մասին: Ձեր փիլիսոփայ մտաւորականները մէզ կմեղադրեն «իրական» հայրենիքը չսիրելու համար: Կասէն մենք միայն առասպելական հայրենիքն էինք սիրում, ռոմանտիկներ էինք: Ես կասէի կայ մի այլ տարբերակ: Երբ շատ ես սիրում նաեւ շատ ես ցաւում: Իսկ երբ չես սիրում եւ այդ յարաբերութիւնը բիզնես ես համարում, չես ընդվզում, չես ցաւում ու չես նեղւում: «Սիրածիցդ» քամում ես այն ինչ որ կարող ես:

Ապագայ սերնդի երեխաները կմեծանան տեսնելով օտար զինուորներին իրենց քաղաքներում եւ գիւղերում։ Բնականաբար նրանք այդ զինուորներին կը համարէն հզօր ու մէզ տկար ու անկարող: Նրանց մտքում կզարգանայ գերպետութիւններից կախուածութեան մտայնութիւնը: Նրանք կսովորեն որ հայը չի կարող պաշտպանել իր սահմանները: Փողը կը դառնայ ձեր աստուածը ու ամենից անսկզբունքայինը՝ ձեր թագաւորը: Բայց դա այդպէս չպէտք է լինի։

Ոչ ոք Հայաստանին չի ստիպում բացել իր սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ (չեմ խօսում Հայաստանի տարածքից անցնելու մասին՝ Նախիջեւան հասնելու համար): Ոչ ոք Հայաստանին չի պարտադրում առանց վիզայի կարգավիճակ ունենալ իր հարեւանների եւ տարածաշրջանային հսկայ պետութիւնների հետ։ Ոչ ոք չի ստիպում մեր ղեկավարութեանը չընդունել օրէնքներ հայկական բիզնեսի եւ անշարժ գոյքի պաշտպանութեան համար։ Ոչ ոք մէզ չի պարտադրել որ մենք մեր ձեռքով մեր երկրի ժողովրդագրական անկումը արագացնենք: Իսկ դուք գիտէի՞ք, որ Հայաստանի քաղաքացիները չէն կարող անշարժ գոյք գնել «հզօր» Թուրքիայում։ Երբեք մտածե՞լ էք, թէ ինչու: Իհարկէ որ չէք մտածել, քանի որ ապագայի մասին մտածելու «հաւես» ու հեռատեսութիւն չունէք: Հայաստանի նման երկրին հայ պահելը մշտական ​​աշխատանք է: Ճիշտ այնպէս, ինչպէս Սփիւռքում հային հայ պահելը յարատեւ պայքար է եղել: Առանց դպրոցների, եկեղեցիների ու համայնքային կենտրոնների, Սփիւռքում շատ հայեր չէին գոյատեւի։

Հայաստանի օդը, հողն ու ջուրը ինքնաբերաբար հայ ու հայկականութիւն չէն արտադրում: Եթէ ​​այդպէս լինէր, Վանը, Կարսը եւ Շուշին ինքնաբուխ հայեր եւ հայկական մշակոյթ կստեղծէին։Բոլոր սահմանները բացելու եւ շուկայական ուժերին զիջելու պատասխանը մեկուսացումը չէ։ Պատասխանը ոչ այլատեացութիւնն (xenophobia) է, ոչ ծայրայեղականութիւնը, ոչ էլ հակաթուրք ազգայնամոլ լոզունգները: Պատասխանը մտածուած ռազմավարութիւնն ու քաղաքականութիւնն է, որը մէզ եւ գալիք սերունդների համար այս փոքրիկ հողատարածքը կը պահի հայկական: Սա մեր միակ եւ վերջին տունն է:

Share