Սա ազգային այլասերումի կոչ է

Սա ազգային այլասերումի կոչ է

Սա ազգային այլասերումի կոչ է, այս տեսակն է Նիկոլի յենարանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ընդդիմադիր պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ գլխաւոր դատախազին ներկայացրել է յանցագործութեան վերաբերեալ հաղորդում, որը վերաբերում է սոցիալական ցանցում տնտեսագիտութեան դոկտոր Զոյայ Թադեւոսեանի գրառմանը։ Վերջինս Փաշինեանին անուանել էր եզակի տղամարդ, ով նրա ձեւակերպմամբ «ղարաբաղցի-ալբանացիների երախից պոկեց մեր երկիրը»։ Ի թիւս այլնի, Թադեւոսեանն իր գրառմամբ Արցախը յանձնելու մէջ մեղադրել էր Դաշնակցութեանը, որն իբր սադրել է Ադրբեջանին՝ յարձակուելու Հայաստանի վրայ։ 

Թեմայի վերաբերեալ Aravot.am-ը մեկնաբանութիւն էր խնդրել Լիլիթ Գալստեանից: «Մեր անսահման ցաւի, աւելի կոնկրէտ՝ Արցախում ցեղասպանութեան եւ հայրենազրկումի համատեքստում «մանկավարժութեամբ եւ գիտութեամբ զբաղուող» դոկտորի աստիճան ունեցող Զոյայ Թադեւոսեանը փառաբանում է Նիկոլին, ով «ալբանացի-ղարաբաղցի» երախից պոկեց երկիրը։ Այս խօսքերի հեղինակն ակնյայտօրէն բարոյականութեան հետ խնդիրներ ունի, սա թշնամու եւ ուրացողի խօսք է, սա ազգային այլասերումի կոչ է։ Մարդկայնօրէն անգամ անբացատրելի է․ մեր Հայրենիքի ու նրա մարդու նկատմամբ դաւադիր, թշնամական վարք։ Հետոյ զարմանում ենք, թէ մեր պարտութիւններն ու նուաստացումները որտեղից են գալիս, մեր անհայրենիք տեսակն ինչ սերմից է սէրւում։ Եւ այս տեսակը լսարան է մտնում ու սերունդ «կրթում»։ Ցաւալի օրինաչափութեամբ այս տեսակն է Նիկոլի յենարանը, ու մեր հոգեւոր աղէտն ու անապատացումը նաեւ այստեղից է գալիս։ Եթէ՝ ոչ Նիկոլի արդարադատութիւնը, ապա յետոյ՝ հաստատ սրանք չէն խուսափի պատասխանատուութիւնից։ Մինչ այդ հանրային պարսաւանքի են արժանի․ հանրութիւնը պիտի ճանաչի ու մերժի սրանց․․․ »,-ասաց տիկին Գալստեանը։

Share