Էլինար Վարդանեան
ՀՀ ԱԺ պատգամաւոր
Այլընտրանքային նախագծեր խումբ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) գործունէութեան հնարաւոր դադարեցման, ինչպէս նաեւ հնարաւոր վերակազմաւորման (իսկ դա առաւել հաւանական հանգուցալուծումն է) ազդեցութիւնը ինչպէս բազմաթիւ երկրների, այնպէս էլ Հայաստանի համար էական է լինելու։
Գործակալութեան ֆինանսաւորմամբ Հայաստանում իրականցուել են բազմաթիւ ծրագրեր, որոնց նպատակն է եղել օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակութեան աճի, բարելաւուած ժողովրդավարական կառավարման, անվտանգ եւ ապահով էներգէտիկ ռեսուրսների, որակեալ առողջապահական եւ սոցիալական ծառայութիւնների հասանելիութեան միջոցով:
2022թ. գործակալութեան եւ Հայաստանի միջեւ կնքուել էր պայմանագիր 120 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու մասին, իսկ 2024թ. սեպտեմբերին որոշում էր կայացուել տրամադրել լրացուցիչ 130 մլն, ինչի արդիւնքում ՀՀ տրամադրուող դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 250 մլն դոլար։
Անհնար է թերագնահատել այն ահռելի աշխատանքը, որ USAID-ն տասնամեակներ շարունակ իրականացրել է բազմաթիւ երկրներում, այդ թւում՝ Հայաստանում։ Բազմաթիւ դրամաշնորհների շրջանակներում իրականացուել են կրթական, մեդիայ եւ իրաւապաշտպան ծրագրեր՝ Հետքը, Սիւիլնեթը դրա վառ օրինակն են։
Բայց սրան զուգահեռ ձեւաւորուել է գործակալութեան կողմից ֆինանսաւորուող քաղհասարակութեան կազմակերպութիւնների եւ անհատների մի մեծ խումբ, որոնց գործունէութիւնը պետական եւ ազգային շահի տեսակէտից մի օր քննութեան առարկայ է դառնալու։
ԱՄՆ ՄԶԳ գործունէութեան դադարեցումը էապէս փոխելու է քաղաքացիական հասարակութեան մթնոլորտն ու ներկապնակը։ Ի վերջոյ պարզուելու են ջրերը, որովհետեւ Հայաստանը, հայ ժողովուրդը նուազագոյնը վերջին հինգ-վեց տարիներին գտնւում է դէզինֆորմացիայի, լեգենդների, կեղծ նարատիւների ահռելի ազդեցութեան տակ։ Տեսնում է՝ չի հաւատում, լսում է՝ չի հասկանում։ Եւ այս գործում իրենց «լուրջ ներդրումն» ունեն քաղհասարակութեան մի շարք կազմակերպութիւններ եւ անհատներ։ Յենց վերջիններն էլ մի քանի օր է, ինչ ցայտնոտի մէջ են, քանի որ հասկանում են, որ ԱՄՆ ՄԶԳ վերակազմաւորումից յետոյ նրանցից շատերը մնալու են առանց ֆինանսաւորման։
Այս առումով լուրջ փոփոխութիւն է լինելու հասարակութեան մէջ։ Ֆինանսաւորման բացակայութեան պայմաններում այդ ցանցի բազմաթիւ իդեաներ եւ նարատիւներ՝ հակահայկական, հակաարցախեան, ցեղասպանութիւնը կասկածի տակ դնելու եւ այլն սպասարկման ռեսուրսներ չէն ունենալու։ Իհարկէ, մեծ է հաւանականութիւնը, որ իշխանութիւնը ֆինանսաւորման «սուրբ գործը» կուերցնի իր վրայ, քանի որ վերջին հաշուով այս կազմակերպութիւնների գոյութիւնը իշխանութեան գաղափարների տարածման եւ պաշտպանութեան գրաւականն է, իշխանութեան ապազգային գործողութիւնների արդարացումը, բայց ֆինանսաւորման ծաւալը նոյնը լինել չի կարող։
Արդիւնքում տեղի է ունենալու քաղհասարակութեան պլատֆորմի վերակազմաւորում։ Շատ կարեւոր է, որ բացը լրացուի ոչ թէ ծայրահեղ գաղափարներով՝ պոպուլիստական կամ արկածախնդիր, այլ գրագէտ իդեաներով։
Սա կարող է հասարակութեան առողջացման լուրջ սկիզբ դառնալ։