«Սասուն Միքայելեանին բարդ է պատասխանել, որովհետեւ ինքը երկրապահ չէ, հրազդանապահ է իր էութեամբ: Կապուած Արցախի նախագահների հետ՝ բազմիցս ասուել է, որ նոյն նախագահներն իրենց կամքով են դուրս եկել ռուսական բազայից՝ գտնուելով ռուսների պաշտպանութեան ներքոյ: Եւ քանի որ այնտեղ հարց էր դրուած, ու մօտ 70 հոգու մասով Ադրբեջանը շանտաժի էր ենթարկում, որ նրանց կը տանի Բաքու, եթէ նախագահները չյանձնուեն, նախագահներն այդ քայլն արեցին»,- Սաթիկ Սեյրանեանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց մեդիափորձագէտ, քաղաքական մեկնաբան Տիգրան Քոչարեանը՝ պատասխանելով սպարապետ Վազգէն Սարգսեանի ծննդեան 65-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում Երկրապահ կամաւորականների միութեան (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելեանի հնչեցրած այն մտքին, թէ եթէ ռուսներն ուզեին, Արցախի նախագահներին դուրս կը բերեին Արցախից, ու նրանք չէին յայտնուի ադրբեջանական գերութեան մէջ:
Հակադարձելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելեանին, Տիգրան Քոչարեանը հարց հնչեցրեց՝ այդ դէպքում ինչպե՞ս են Հայաստանի տարածքում յայտնուել Սամուել Շահրամանեանը, Վիտալի Բալասանեանը, Արշաւիր Ղարամեանը եւ այլ գեներալներ, պատերազմի մասնակիցներ: Ովքե՞ր են իրենց պահել, բերել եւ ապահով հասցրել այստեղ. «Այստեղ մուտիլովկեք անել պէտք չէ»:
«Առնուազն Ռուսաստանն իր ղեկավարութեան շուրթերով խօսել է Արցախի նախագահների հարցի մասին, եւ կարծեմ Պուտինն ասել է՝ ես խնդրել եմ Իլհամ Ալիեւին հումանիստական վերաբերմունք ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ: Հայաստանի ղեկավարութիւնը բառ անգամ չի ասել այս ամէնի ուղղութեամբ: Այսինքն՝ մենք կրկին Ռուսաստանին պարտադրում ենք լինել աւելի պրոհայկական, քան Հայաստանի իշխանութիւնները»,- ասաց նա:
Քաղաքական մեկնաբանի խօսքով՝ այս մանիպուլեացիաներին պէտք է վերջնական պատասխաններ տրուէն:
«Եւս մէկ անգամ ասեմ, որ Բակոյ Սահակեանը, Արկադի Ղուկասեանը, Դաւիթ Իշխանեանը յանձնուել են Ադրբեջանին, դուրս են եկել ռուսական ռազմաբազայից, որտեղ ռուսներն իրենց անվտանգութիւնն են ապահովել, ինքնակամ գնացել են, յանձնուել, որպէսզի 70 հոգի գերեւարուած ոստիկանութեան աշխատողներին, հրշէջներին, փրկարարներին ազատ արձակէն,- ասաց Տիգրան Քոչարեանը՝ յաւելելով՝ ինչպե՞ս է Արայիկ Յարութիւնեանը յայտնուել ադրբեջանական գերութեան մէջ, թող Արայիկ Յարութիւնեանից հարցնեն։- Շատ է վստահել Ադրբեջանի անվտանգութեան աշխատակիցներին»:
«Էլի եմ ասում, Ադրբեջանում Արայիկ Յարութիւնեանի յայտնուելը մի քիչ այլ ճանապարհով է տեղի ունեցել: Բայց եթէ խօսքը գնում է Բակոյ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի եւ Դաւիթ Իշխանեանի մասին, այդ մարդիկ իրենց ինքնազոհութեան հաշուին 70 հոգի են փրկել, դուրս բերել:
Ընդ որում, ուրիշ բան էլ աւելացնեմ, որ որոշների մօտ ցանկութիւն է եղել ինքնասպանութիւն գործել, բայց քանի որ ադրբեջանցիները պայման էին դրել, որ Արցախի նախագահների ինքնասպանութեան դէպքում գերի վերցրած այդ 70 հոգուն չէն ազատի, գնացել, յանձնուել են, այսինքն՝ փրկել են 70 հոգու: Եւ պէտք է վերջ տալ այդ մանիպուլեացիաներին եւ ռուսական կողմին խառնել: Էլի եմ ասում, եթէ ռուսական կողմն այդքան վատն էր, ապա ինչպե՞ս են այստեղ յայտնուել Սամուել Շահրամանեանը, Կարէն Սարգսեանը… Սամուել Բաբայանն այլ ճանապարհով է դուրս եկել եւ այլ մարդկանց խնդրանքով՝ հաշուի առնելով այն հանգստութիւնը, որով նա անցել է:
Այսինքն՝ հակադարձելով Սասուն Միքայելեանին՝ ասեմ, որ ռուսներն ում տիրութիւն արել են, բարով-խերով հասցրել, բերել են: Նախագահներն էլ կը գային, բայց նրանք ասել են՝ մենք վերջինն ենք դուրս գալու Արցախից՝ վերջին հայը դուրս կը գայ Արցախից, մենք էլ դուրս կը գանք: Մինչդեռ որոշ շրջանակներ մանիպուլացնում էին, թէ Արցախի նախագահները դեռեւս երկու շաբաթ առաջ էին ցանկացել դուրս գալ, բայց ռուսները չէն թողել, ուղղաթիռ չէն տուել»,- եզրափակեց Տիգրան Քոչարեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում: