Վանաձորի ոստիկանութեան բաժանմունքում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբեանի խոշտանգման դէպքը Աժ պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը համարում է հերթական քայլն ընդդէմ արցախցիների:
«Իրենք տեսնում են, որ արցախահայութիւնը մեծ ուժ է, արցախահայը այլեւս չի հանդուրժում այս իշխանութիւնների արարքները: Արցախահայութիւնը հայաստանցու հետ միասին ամէն ինչ պէտք է անի, այս իշխանութիւններին վռնդելու համար: Այ դրանից են հէնց վախենում: Համոզուած եմ, որ միւս կողմից կատարում են թուրք-ադրբեջանական տանդէմի հրահանգները: Ամէն ինչ անել, որ արցախահայութիւնը Հայաստանից էլ գնայ, որովհետեւ ի վերջոյ պէտք է գայ այն պահը, երբ նոր ազգային իշխանութիւնը բարձրաձայնի արցախահայութեան հետ վերադարձի իրաւունքի պահանջը ամբողջ միջազգային հարթակներում:
Ի վերջոյ, պէտք է գայ այն պահը, երբ արցախահայութիւնը ՀՀ ազգային իշխանութեան հետ պայքարի Բաքւում ռազմագերիների վերադարձի հարցով, ի վերջոյ, պէտք է բարձրաձայնուի Արցախի ինքնորոշման իրաւունքի իրականացման մասին հարցը միջազգային հարթակներում, իսկ այս պահանջները սրանց համար ամենավտանգաւորն ու վախեցնող պահանջներն են» ,- այսօր ի պաշտպանութիւն Տիգրան Ուլուբաբեանի՝ Քննչական կոմիտէի շէնքի դիմաց ասաց պատգամաւորը:
