Նրանք իրենց իսկ գործած յանցանքների հետեւանքներից են վախենում. Քրիստինէ Վարդանեան

Նրանք իրենց իսկ գործած յանցանքների հետեւանքներից են վախենում. Քրիստինէ Վարդանեան

«Հրապարակի» զրուցակիցը ՀՅԴ անդամ , «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն է:

— Երեկ «Հայաստան» դաշիքնի կազմակերպած լսումների ժամանակ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանը յայտարարեց, որ երկիրը փրկելու համար մահապարտներ են հարկաւոր: Ոմանք սա դիտարկել են որպէս ռեւանշիստական յայտարարութիւն: Թեեւ կայ տեսակէտ, որ խօսքը քաղաքական մահապարտների մասին է, ովքեր հանուն յաղթանակի պատրաստ են օրուգիշեր մնալ փողոցներում, պայքար մղել եւ հասնել իշխանափոխութեան: Ըստ Ձեզ` ով է մահապարտը:

— Երկակի ստանդարտների եւ քաղքենիութեան մեծ շքերթ է տեղի ունենում: Այն մարդիկ, ովքեր այդպէս հոգու խորքը վիրաւորուել են ԱԺ ամբիոնից ընդդիմադիր գործչի յայտարարութիւնից, ինչո՞ւ օրինակ մինչեւ հոգու խորքը չէն վիրաւորւում այն ժամանակ, երբ այդ նոյն ամբիոնից մատ է թափ տալիս Նիկոլ Փաշինեանը, կամ օրինակ ասում է, որ պատերազմից յետոյ նոյն այս արդիւնքը կարող էինք ունենալ, առանց զոհերի: Ես չեմ յիշում, որ այս յայտարարութիւններից նոյն այդ մարդիկ նեղսրտեին: Կարող եմ Ռուբէն Յակոբեանից տարբեր ձեւակերպումներ ունենալ, կարող եմ համաձայն լինել, կամ համաձայն չլինել նրա ձեւակերպումների հետ, բայց ես շեշտը դնում եմ աւելի վատ բանի վրայ` մարդու քաղաքական խօսքի համար նրան դուրս են հանում ԱԺ-ից: Եթէ վերջինս հակաիրաւական յայտարարութիւն է արել, ապա նրա հետ իրաւապահները պէտք է աշխատանք տանէին, օրինակ, հարցաքննութեան կարող էին հրաւիրել եւ այլն, եթէ այստեղ ոչ իրաւաչափ երեւոյթ կար, բայց ոչ թէ Ալէն Սիմոնեանի հրամանով ՊՊԾ գնդի աշխատակիցները պէտք է ներս մտնէն եւ քաղաքական գործչին դուրս հանէն: Այս ամբողջ թեմայի աբսուրդն ու մեխը սա է ինձ համար: Ստացւում է, որ ԱԺ ամբիոնից ցանկացածին կարող են հեռացնել, այսինքն` Ալէն Սիմոնեանն է որոշում ով է ճիշտ, ով սխալ եւ ում խօսքն իրեն դուր չի գալիս ՊՊԾ աշխատակիցները պարզապէս կարող են տուեալ մարդուն դուրս հանել դահլիճից: ԱԺ-ն Ալէն Սիմոնեանի դուքեանն է:

— ՊՊԾ աշխատակիցները 2021-ից յետոյ ԱԺ-ում հսկում են աշխատանքը: Սա նոր բան չէ:

— Ոչ միայն ՊՊԾ աշխատակիցները, ԱԺ են գալիս նաեւ Նիկոլ Փաշինեանի պահակազօրի աշխատակիցները, արդէն չգիտենք էլ ում կարելի է սպասել Ազգային ժողովի դահլիճում: Գուցէ Նիկոլ Փաշինեանի տան խոհարարներն էլ գան ԱԺ, որ յանկարծ այլ մէկը նրա համար ջուր չտանի ու բերի: Կանոնակարգի խախտում է դա, կանոնակարգը յստակ սահմանում է, թէ ովքեր կարող են նիստէրին ներկայ գտնուել եւ ովքեր չէն կարող, բայց այն, ինչ կատարւում է 2021-ից ի վեր, ՔՊ-ի վախերի արդիւնքն է ուղղակի: Ինչքան էլ փորձում են ինքնավստահ ու անհաղորդ երեւալ, թէ իբրեւ ոչինչ չի կատարւում երկրում, իրենց գործողութիւնները հակառակի մասին են վկայում: Ամէն անգամ ջուր խմելու համար, երբ ներս ու դուրս ենք անում, ստուգում են, մի խօսքով` Նիկոլ Փաշինեանն ու իր թիմը վախենում են: Մարդիկ որքան էլ հակառակն են փորձում պնդել, շատ լաւ գիտէն իրենց գործած յանցագործութիւնների ծաւալը եւ նաեւ շատ լաւ հասկանում են, որ յանցագործութիւնների համար պէտք է պատասխան տալ, իսկ իշխանութիւնը յաւէրժ լինել չի կարող: Նրանք իրենց իսկ գործած յանցանքների հետեւանքներից են վախենում:

Share