Հայաստանի գոյութիւնը փրկելու մէկ ելք կայ. «հակա-տրանսֆորմացիա» դէպի դաշնակցական գաղափարախօսութիւն

Հայաստանի գոյութիւնը փրկելու մէկ ելք կայ. «հակա-տրանսֆորմացիա» դէպի դաշնակցական գաղափարախօսութիւն

Ռոբերտ Մարգարեան

«Իւրաքանչիւր հայ իր գիտակից կեանքի ձեւաւորման առաջին պահից առնչուում է այն բոլոր իդէալների հետ, որոնք խտացուած են ՀՅԴ ծրագրում՝ արդարութիւն, ժողովրդավարութիւն, ընկերվարութիւն, Հայ Դատ, պահանջատիրութիւն….: Հետեւաբար իւրաքանչիւր հայ, անկախ իր կամքից, ծնուում է որպէս դաշնակցական ու իր կեանքի որոշակի մի բաժինն անշուշտ ապրում է, որպէս դաշնակցական: Իհարկէ ժամանակի ընթացքում նրանցից որոշներն արժանանում են շարքային դառնալու բախտին, ոմանք պատուով կրում են համակիրի կոչումը, իսկ ոմանք էլ դառնում են հակադաշնակցական: Բայց նոյնիսկ այս վերջին խումբն էլ էլի մնում է դաշնակցական ու ամէն տարի երբ նշուում է ՀՅԴ-ի տարեդարձը փորձում է իր տատերի ու պապերի մէջ գտնել «հին ու իրական դաշնակցականի»: Սա 2022 թուականի փետրուարին Ֆէյսբուքում կատարած իմ գրառումն է: Այդտեղ ի դէպ, նշել էի, որ Դաշնակցութիւնը սոսկ կուսակցութիւն չէ այլ ազգային գաղափարախօսութիւն: (https://www.facebook.com/robert.markarian/posts/pfbid0WvK8Mtp4FTvNtBJoSHaQpA9KadxijbqfjqHHwNV141dm6NMWM1buw7ryEfHHkte2l)

ՀՀ վարչապետի աթոռը զաւթած Նիկոլ Փաշինեանը երէկ մատնահաշիւ ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ զարմանալի կերպով կրկնեց իմ նոյն գրառման միտք բանին:

«Եկել եմ մի եզրակացութեան, որ Հայաստանի 3-րդ հանրապետութեան հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամէնը մէկ կուսակցութիւն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մէկ կուսակցութեան գաղափարախօսութիւն: ՀՀ-ում, ըստ էութեան, գործող բոլոր կուսակցութիւնները գործել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարախօսութեան ներքոյ: ՀՀՇ-ին թուացել է, որ իրենք աւելի լաւ դաշնակցական են, քան՝ իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թուացել է, որ մենք աւելի լաւ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները»,–ասել է  Փաշինեանը:

Իհարկէ ինչպէս կարելի է ակնկալել իմ եւ Նիկոլ Փաշինեանի ընդգծումները հակառակ իրենց ընդհանուր եզրին սակայն յանգեցնում են 180 աստիճանով իրարից տարբերուող եզրակացութեան:

Ես իմ գրառմամբ յանգում եմ այն եզրակացութեան, որ Դաշնակցութեան գլխաւոր առաքելութիւնն է եղել «պահպանել ազգային, կրօնական ու աւանդական արժէքները, դաստիարակել նման գաղափարախօսութեան հետեւող սերունդ ու անհրաժեշտութեան դէպքում անզիջում պայքար տանել այդ ուղղութեամբ», մինչդեռ Նիկոլ Փաշինեանը փորձում է իր ամէն օր նօսրացող լսարանին համոզել, որ Հայաստանի Հանրապետութեան գոյատեւման համար իբր «տրանսֆորմացիա»-ի (Վերափոխման-կերպարանափոխութեան-Խմբ.) պիտի ենթարկել այդ գաղափարախօսութիւնը ինչն այսօր ընթացքի մէջ է:

Նիկոլ Փաշինեանն անկեղծանալով նաեւ յաւելում է, որ մինչեւ 44-օրյա պատերազմն ինքն էլ դաշնակցական է եղել ու գաղափարական այսպէս կոչուած տրանսֆորմացիայի անհրաժեշտութեանը յանգել է դրանից յետոյ:

Իհարկէ առողջ դատող ցանկացած մարդ կարող է նախ լիաթոք ծիծաղել Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքի գոհարի վրայ, յետոյ դա արձանագրել որպէս սեփական դաւաճանութեան մասին ցուցմունք-ինքնախոստավանութիւն:

Նիկոլ Փաշինեանը յաւակնում է, որ « Հայաստանի 3-րդ հանրապետութեան հիմնադրման առաջին օրից …. ՀՀ-ում կար ընդամէնը մէկ կուսակցութիւն, դա ՀՅԴ-ն էր»: Իսկ անժխտելի փաստ է, որ դաշնակցական գաղափարախօսութեամբ առաջնորդուած Հայաստանը յաղթել է Ղարաբաղեան առաջին ու երկրորդ պատերազմում, միաժամանակ բալանսաւորուած յարաբերութիւններ է ունեցել ոչ միայն իր հիւսիսային ու հարաւային հարեւանների, այլ տարածաշրջանում ու դրանից դուրս գտնուող փոքր ու մեծ ուժերի հետ ու չի ներքաշուել նրանց միջեւ ծագած վէճերում ու հակամարտութիւններում ու ամենակարեւորը՝ երաշխաւորել է հայկական երկու հանրապետութիւնների գոյութիւնը:

Նիկոլ Փաշինեանը համաձայն իր սովորութեան կրկին ստում է: Հայաստանում դաշնակցական գաղափարախօսութեան «տրանսֆորմացիան» սկսուեց ոչ թէ 2020 թուականի պատերազմում պարտութիւնից յետոյ, այլ 2018 թուականի եթէ ոչ մայիսի 8-ից երբ Նիկոլ Փաշինեանը Սահմանադրական կարգի կոպիտ խախտմամբ ընտրուեց ՀՀ վարչապետ, այլ առնուազն նոյն տարուայ հոկտեմբերի 2-ից յետոյ, երբ Նիկոլ Փաշինեանը դրեց Հայաստանում իշխանութեան բոլոր կառոյցների իւրացման գործընթացի մեկնարկը, որը յետագային շարունակուեց դատարանների շրջափակմամբ ու Սահմանադրական Դատարանի բռնազաւթմամբ: Հայաստանում դաշնակցական գաղափարախօսութեան «տրանսֆորմացիայի» հերթական փուլը մեկնարկեց երբ 2019 թուականին առաջ քաշուեց հանրակրթական չափորոշիչների փոփոխութեան հարցն ու անյաջող փորձ կատարուեց Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման կարգախօսից հանելու պահանջատիրութիւնը: Դաշնակցական գաղափարախօսութեան «տրանսֆորմացիա»ն լուրջ տեսք ստացաւ երբ Զարեհ Սինանեանի գլխաւորութեամբ փորձ կատարուեց սեպ խրել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում:

Այո: Նիկոլ Փաշինեանը կրկին ստում է: Նա գաղափարախօսութեան այդ տրանսֆորմացիայի մտքին յանգել է ոչ թէ 44-օրյա պատերազմում կրած պարտութիւնից յետոյ, այլ 2018 թուականին իշխանութեան է եկել հենց այդ «տրանսֆորմացիան» իրականացնելու համար, որի տրամաբանական արդիւնքը պիտի լիներ ու դժբախտաբար եղաւ Արցախի կորուստն ու հայաթափումը:

Իսկ այսօր դաշնակցական գաղափարախօսութեան այդ «տրանսֆորմացիան» հասել է իր վճռական հանգրուանին, որի թիրախում Հայ ժողովրդի ու պետականութեան գոյութիւնն է:

Մի քանի ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը նաեւ բացայայտում է Դաշնակցութեան հետ կապուած նրա վախի ու սարսափի հիմնական պատճառը:

Չնայած ի գործ դրուած բոլոր ջանքերին Հայաստանի պետականութեան կազմաքանդմանն ուղղուած նրա քայլերին ընդդիմացող գլխաւոր պատնէշը շարունակում է մնալ «Դաշնակցական գաղափարախօսութիւնը»: Չնայած այդ գաղափարախօսութիւնը տրանսֆորմացիայի ենթարկելու երբեմն յաջողած ու երբեմն էլ ձախողած ջանքերին, «Դաշնակցական գաղափարախօսութիւնն» այնպիսի երեւոյթ է, որ հիւսուած լինելով մեր ժողովրդի ինքնութեան հետ նման անյոյս քայլերով չի կարող իսպառ տրանսֆորմացիայի ենթարկուել ու մինչեւ այնքան ժամանակ երբ Հայաստանում գոյութիւն ունի ու աշխատում է այդ գաղափարախօսութիւնը կրող մէկ կուսակցութիւն, այդ պատնէշը շարունակելու է գոյութիւն ունենալ: Իսկ կարի՞ք կա ընդգծելու, որ այդ կուսակցութիւնը 134-ամյա ՀՅԴ-ն է:

2018 թուականից Հայաստանի իշխող քաղաքական հոսանքի վարած քաղաքականութեան և դաշնակցութեան գաղափարախուսութիւնից հեռանալու պատճառով Հայաստանի պետականութիւնն այսօր կանգնած է չգոյութեան վտանգի առջև, իսկ նրա գոյութիւնը փրկելու համար տրամաբանօրէն կա մէկ հնարաւորութիւն՝ «հակա-տրանսֆորմացիա» դէպի դաշնակցութեան գաղափարախօսութիւն:

Share