Չկայ այլ խելագար կառավարութիւն, որն իր փոքրիկ հատուածներում յետ քաշուի, երբ իր հսկայ տարածքները բռնագրաւուած են

Չկայ այլ խելագար կառավարութիւն, որն իր փոքրիկ հատուածներում յետ քաշուի, երբ իր հսկայ տարածքները բռնագրաւուած են

«91 թուականի այս օրը հայ ժողովուրդը սգում էր։ Գետաշէնում, Մարտունաշէնում տեղի բնակչութեանը պաշտպանելիս՝ անհաւասար մարտում զոհուեցին «Հրազդանեան ջոկատ»ի հրամանատար Զարզանդ Դանիէլեանը, գետաշէնցի դաշնակցական Վալերի Նազարեանը, Հայաստանի ազգային հերոս, դաշնակցական Թաթուլ Կրպէեանը, Երեւանի ժողինստիտուտի ուսանող, դաշնակցական Արթուր Կարապետեանը, գիտնական, դաշնակցական Սիմոն Աչըգկէօզեանը․ երանի նրանց՝ հայրենիքի համար զոհուեցին, երանի նրանց, որ չտեսան ուրացումը, երանի նրանց, որ չտեսան, որ «Դաշնակցութեանը» ատում են Թուրքիայում, Ատրպէյճանում, մէկ էլ՝ Հայաստանի խորհրդարանում՝ քաղաքական մեծամասնութիւնում», ԱԺ ելոյթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Նա յաւելեց, որ հարցի քննարկման ժամանակ Մարիա Կարապետեանին տուել է պարզ հարց՝ ցոյց տալ աշխարհում մէկ երկիր, որը սահմանի չորս փոքր «կռճոնների» վրայ սահմանազատում, սահմանագծում է իրականացնում։ Մանուկեանի խօսքով՝ մնացածը չճշդուած սահմաններ են․ «Որովհետեւ չի կարող լինել աշխարհում մէկ այլ խելագար կառավարութիւն, որ փորձի մի քանի սահմաններում յետ քաշուի, երբ իր երկրի հսկայական հատուածներ օկուպացուած են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում՝ որտեղ ոչ խելագար կառավարութիւն է՝ այդ նորմալ երկրներում իրաւապահ մարմինները կալանքի օրդերը կը ստորագրէին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դաւաճանելու մեղադրանքով»։

Share