Ֆեսյբուքեան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը․
«Փաշինեանի խաղաղութեան ձգտումը բախւում է Ալիեւի «ռեւանշիզմի բացառման» քաղաքականութեանը։ Ալիեւն անընդհատ խօսում է ռեւանշիզմից։ Ինչի՞ց է նա վախենում։ Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետեւաբար, չկայ խաղաղութեան որեւէ բանաձեւ, որը ենթադրում է մէջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսութեամբ Հայաստան, որովհետեւ այդ ամէնը Ալիեւի մղձաւանջն է։
Միամտութեան, անփորձութեան պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանութիւնների առաջ քաշած բոլոր թեզերը, թէ կայ բանաձեւ, որ այսօր Արցախից, վաղը միգուցեեւ Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխաւորի կայունութիւն ու զարգացում, պատրանք են։
Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձեւ, որտեղ կը լինի հնարաւորինս թոյլ, երկարաժամկէտ կտրուածքում զարգացման որեւէ հեռանկար չունեցող Հայաստան։
Դրա համար նրանք պոկելու են ամէն հնարաւորը եւ նոյնիսկ աւելին։ Եթէ անգամ Ալիեւի բոլոր՝ մէզ համար ամենաանընդունելի պահանջները բաւարարուէն, ընթացքում նորերն են ծնուելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետութիւնը միշտ լինի նուաստացած, այլոց, այդ թւում՝ իր կամքից կախուած, առանց բանակի եւ տնտեսութեան, առանց ներդրումների ու բարեկամների։
Ալիեւը քաջ գիտակցում է, որ Հայաստանի յաջորդ որեւէ իշխանութիւն դնելու է հայ ժողովրդի իրաւունքների հարցը։ Ցանկացած յաջորդ իշխանութիւն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու եւ այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնութեան գալու աւելի լաւ հմտութիւններ։ Ի վերջոյ, Ալիեւը՝ ի տարբերութիւն մեր այսօրուայ իշխանութիւնների, գիտի, որ հնարաւոր է աւելի լաւ բանակցել, հնարաւոր է սեղանին դնել դիւանագիտօրէն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրուայ իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրուայ բանակցողի խնդիրն է։ Հետեւաբար, նա այսօր Հայաստանի իշխանութիւններից պոկելու է այնքան բան, որ յաջորդ իշխանութեան դիրքերը հնարաւորինս թոյլ լինէն։
Հիմա արդէն բոլորի համար ակնյայտ է, որ Արցախից հրաժարուելու, նոյնիսկ Արարատից, հաեօց պատմութիւնից հրաժարուելու դիմաց Ալիեւը ոչինչ չի ստորագրելու։ Այլապէս մինչ այսօր ստորագրած կը լինէր։ Նա կորզելու է շօշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մէզ համար անընդունելի, նուաստացուցիչ այնպիսի դրսեւորումներով, որ որեւէ շրջադարձի դէպքում Հայաստանում որեւէ իշխանութիւն, թոյլ ու ստորացուած լինելով, արդէն փորձի ստանալ այն նուազագոյնը, ինչն անգամ միջազգային քարտէզներով մէզ է պատկանել ի սկզբանէ։ Ալիեւը փորձելու է հասնել նրան, որ յետագայ բանակցութիւնները լինէն միջազգային բոլոր իրաւական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրաւունքն այլեւս անգամ օրակարգում պատկերացնելը զաւեշտալի լինի։
Այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։ Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետեւ նրանք մտադիր չէն խաղաղութիւն երաշխաւորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մէջ պահել, քանի որ այս իշխանութեան վախը բռնել են։ Սրանից խուսափելու ճանապարհը սեղանին պահանջ դնելն է՝ Արցախի ժողովրդի վերադարձի արդարացի պահանջը։ Գոնէ միայն այն պատճառով, որպէսզի բանակցութեան առարկայ լինի։ Այլապէս այսօր բանակցութեան միակ առարկան կարծես այս տարածաշրջանում հայ ժողովրդի ապրելու իրաւունքը լինի։
«Ռեւանշիզմի» չէզոքացումը թղթով չի լինում, սահմանադրութեան փոփոխութեամբ չի լինում։ Այսպէս կոչուած ռեւանշիզմը Ալիեւի համար նոյնպէս այդքան սարսափելի չի թուայ, եթէ հաստատուող խաղաղութիւնը արդարութեան նուազագոյն հիմքեր ունենայ, գոնէ մասամբ ընդունելի լինի նաեւ հայ ժողովրդի համար։ Այլապէս Ալիեւը միշտ վախենալու է անարդարութեան հետեւանքով հայ ժողովրդի տարիներով կուտակուած ցասումից, որ կարող է պոռթկալ ցանկացած յաջորդ իշխանութեան , ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութեան դէպքում։
Նուազագոյն արդարութիւնը ենթադրում է արցախահայութեան վերադարձ իրենց տները միջազգային երաշխիքներով՝ թեկուզեւ այսօր առաջ քաշուած խաղաղութեան տրամաբանութեան շրջանակում՝ ինքնորոշման հեռանկարով։
Տարածաշրջանային եւ միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայութեան վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղութեան ստորագրումը գոնէ նուազագոյն կայունութիւն ունենայ։ Սրանից կարելի է հետեւութիւն անել, որ անպայման կը լինէն երկրներ ու կազմակերպութիւններ, որոնք կնպաստէն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձեւաւորմանը, նոյնիսկ իրար հետ հակադրութեան մէջ գտնուող ուժերը»,- գրել է Օսկանեանը։