Առաջիկայ օրերին եւ շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կայ. Լեմկինի ինստիտուտ

Առաջիկայ օրերին եւ շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կայ. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է յայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկայ օրերին եւ շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հաւանականութիւն է տեսնում:

«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարաւային Սիւնիքի մարզը, որը ոչ վաղ անցեալում քննարկւում էր որպէս վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկուող «Զանգեզուրի միջանցքը» դէպի Նախիջեւան:



Հաշուի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թւում՝ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ եւ դրան յաջորդած տարածքի բռնազաւթաւումը, ինչպէս նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում տարածուած էնդէմիկ ցեղասպանական հայատեացութիւնը, մեծ ռիսկ կայ, որ Ադրբեջանի ներխուժումը կարող է վերածուել ցեղասպանութեան:

Աշխարհին յիշեցնում ենք, որ ցեղասպանութիւնը միայն զանգուածային սպանութիւնների միջոցով չի արտայայտւում, ինչպէս եղաւ 2023 թուականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազաւթման ժամանակ: Ցեղասպանութիւնը կարող է արտայայտուել նաեւ կոտորածի, վայրագութեան եւ բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողութիւնների հիմքում ընկած գաղափարախօսութիւնն ուղղուած է ինքնութեան ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը։ 

Թեեւ Ադրբեջանի պաշտօնեաները վերջերս իրենց հեռու են պահում Սիւնիքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, այնուամենայնիւ, անհանգստանալու մի քանի պատճառ կայ: Արցախի հայկական տարածքի դէմ Ադրբեջանի ագրեսիւ պատերազմից յետոյ, որը յանգեցրել է հայ խաղաղ բնակիչների դաժան սպանութիւններին եւ գրեթէ ողջ հայ բնակչութեան բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնօրէն իր հայեացքն ուղղել է Հայաստանի ամենահարաւային Սիւնիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածք՝ այն անուանելով «Արեւմտեան Ադրբեջան»…

Ամենասարսափելին այն է, որ Ադրբեջանը սկսել է ռազմական ուժեր կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, ներառեալ Նախիջեւանի անկլաւում (որը սահմանակից է Թուրքիային): Անցեալ շաբաթ Ադրբեջանը նաեւ  Թուրքիայի հետ համատեղ զօրավարժութիւնների շարք է անցկացրել, ինչպէս որ արել էր 2020 թուականի սեպտեմբերին Արցախ/Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ: Վտանգի այս կարմիր նախազգուշացումները յուշում են, որ Ադրբեջանը, պատրաստուելով հնարաւոր ներխուժման, միաժամանակ փորձում է ահաբեկել Հայաստանին, որպէսզի վերջինս զիջի տարածքներ եւ միջանցքի իրաւունքները՝ այդպիսով փորձելով խուսափել ներխուժումից», — ասւում է յայտարարութիւնում:

Share