երձաւոր Արեւելքում հակամարտութիւնների ընդլայնման վտանգ կայ, թեեւ տարբեր ուժեր փորձում են կառավարելի դարձնել պատերազմի ընթացքը։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում ասաց Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։
Նա յաւելեց, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ռազմական բախման վտանգ կայ։
«Տարածաշրջանում ամերիկեան ներկայութեան աւելացումը նախազգուշացում է Իրանին՝ իրավիճակը կառավարելի դարձնելու համար»,- ընդգծել է պատգամաւորը։
Պատգամաւորը նշել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդը փորձում է Իսրայելին ստիպել զինադադարի գնալ, իսկ մերժման դէպքում կարող են ռազմական հրահանգներ տրուել, որոնք լուրջ վտանգ կստեղծէն ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։
«Դիմադրութեան առանցք»-ի համար կարեւոր է, որ Գազայի գոյութիւնը կասկածի տակ չառնուի, մինչդեռ Իսրայելը սպառնում է ոչնչացնել Գազան, եւ դա աւելի լուրջ գործոն է, քան ՀԱՄԱՍ-ի ճակատագիրը։ Ներքին իրավիճակը Լիբանանում, ինչպէս նաեւ Իրանի դերը, որը ձգտում է իրավիճակը հնարաւորինս կառավարելի դարձնել, ստիպում են Հեզբոլլահին մինչեւ վերջին պահը զերծ մնալ աւելի լուրջ ռազմական գործողութիւններից։
Միաժամանակ, Իրանում կան շրջանակներ, որոնք կարծում են, որ երկիրը պէտք է միջամտի, քանի որ երկրի իմիջի խնդիր կայ, քանի որ Պաղեստինի հարցն աշխարհում ընկալւում է որպէս Թեհրանի համար ամենակարեւոր մարտահրաւէրը»,- պարզաբանեց Բեգլարեանը։
Նա յիշեցրել է, որ Իրանի արտգործնախարարութեան ղեկավարն այցելել է նաեւ Թուրքիայ, որը փորձում է միջնորդի դեր խաղալ՝ ելնելով իր աշխարհաքաղաքական նպատակներից։
«Հուսով եմ, որ դա դրական դեր կխաղայ իրավիճակի հանգուցալուծման գործում»,- եզրափակեց պատգամաւորը:
Իրանում քաղաքական որոշումների կայացման վրայ ազդող ամենաազդեցիկ փորձագէտները մշտապէս ասում են, որ Թեհրանը ոչ մի դէպքում չպէտք է թոյլ տա Զանգեզուրի միջանցքի բացումը, քանի որ դա սպառնալիք կստեղծի Իրանի ապագայի համար՝ առաջիկայ 100 տարում։ Նրանք Իրանի երկարաժամկէտ զարգացման բանալին համարում են հայկական սահմանի անձեռնմխելիութիւնը. ասաց Ռոբերտ Բեգլարեանը։
Յայտնի է, որ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակութիւն ունի Բաքուի եւ Անկարայի համար՝ համարելով, որ Հայաստանը թուլացած է, եւ կարելի է զիջումների հասնել, նշեց նա։
Պատգամաւորը նշեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը տարբեր յայտարարութիւններով փորձում են մեղմել Իրանի դիրքորոշումը, սակայն Իրանը գիտի, որ այդ սպառնալիքը կայ։
«Տարածաշրջանում սահմանների փոփոխութեան անթոյլատրելիութեան վերաբերեալ Իրանի շեշտադրումը չի փոխուել, բայց իրավիճակը շատ արագ է փոխւում, փակ դռների հետեւում շատ բան է քննարկւում։
Իրանում, սակայն, ինքնին սկզբունքն օրակարգում է։ Հայաստանն Իրանի համար առանցքային նշանակութիւն ունի՝ հիւսիս եւ Սեւ ծով դուրս գալու հարցում։ Զարգացումները կախուած են ռեսուրսներից եւ իրավիճակից, բայց ինչ-որ պահի առաջնահերթութիւնները կարող են ժամանակաւորապէս փոխուել: Վտանգ կայ, որ Գազայի հատուածում զարգացումները կարող են հէնց նման իրավիճակ ստեղծել»,- ընդգծել է նա։
Նրա խօսքով՝ Ղարաբաղի հարցի լուծումն այն տեսքով, որով այն կայ, ինչպէս նաեւ արտաքին խաղացողների ակտիւացումը ստիպեցին Իրանին յստակեցնել իր դիրքորոշումը, այդ թւում՝ «3+3» ձեւաչափով։
«Թուրքիայի աւանդական ակտիւութիւնը, որպէս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ, միշտ էլ զգայուն խնդիր է եղել Իրանի համար։ Թուրքիայի միջոցով տարածաշրջանում Արեւմուտքի ներկայութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը ստիպեցին Իրանին ակտիւանալ։
Ուստի, Թեհրանը շահագրգռուած է, որ «3+3» ձեւաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում լուրջ դերակատարում ունենայ։ Բայց իւրաքանչիւր երկիր ունի իր շահերը։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանն ընդհանրապէս հրաժարւում է մասնակցել, Ռուսաստանը զբաղուած է Ուկրաինայի խնդրով եւ Թուրքիային եւ Ադրբեջանին թոյլ է տալիս որոշակի դիւիդէնտներ ստանալ, Թուրքիան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ է, իսկ Ադրբեջանը խաղում է տարբեր լարերի վրայ։
Այս առումով, «3+3» ձեւաչափը կարող է միայն հռչակագրային նշանակութիւն ունենալ»,- եզրափակեց նա։