Տեղի է ունեցել ռազմական բախումների բնոյթի փոփոխութիւն

Տեղի է ունեցել ռազմական բախումների բնոյթի փոփոխութիւն

իբանանի եւ Իսրայելի միջեւ տեղի է ունեցել ռազմական բախումների բնոյթի փոփոխութիւն, այսինքն՝ նկատւում է հակամարտութեան անցում նոր փուլի, որի պայմաններում թէեւ բաց պատերազմ չի ընթանում, բայցեւայնպէս, առկայ է մարտական գործողութիւնների ծաւալների որոշակի ընդլայնում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրոյցում կարծիք յայտնեց Բեյրութում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Լիբանանի հարաւային շրջանների հրթիռակոծութիւններից յետոյ առաջացած իրավիճակին։ «Այն տարածքները, որտեղ «Հեզբոլլահն» ունի ռազմական կենտրոններ, շարունակ թիրախաւորւում են իսրայէլական բանակի կողմից։ Այս անգամ հրթիռակոծման ենթարկուեցին նաեւ Բեյրութի հարաւային արովարձանները։ Այսինքն՝ պոտենցիալ թիրախներ են բոլոր այն շրջանները, որտեղ ապրում են շիայ համայնքները։ Այս պահին յատկապէս Լիբանանի հարաւային շրջաններից նկատւում են գաղթականների ալիքի նախադրեալներ։ Իսրայելը խնդիր էր դրել իր հիւսիսային շրջանների անվտանգութիւնը վերականգնել, ինչը նշանակում է՝ այնտեղից տարհանուած բնակչութիւնը վերադարձնել: Դա պայմանաւորուած է նաեւ այդտեղ անվտանգային գօտի ձեւաւորելու նպատակադրութեամբ։ Դա, նրանց մէկանբանութեամբ, նշանակում է «Հեզբոլլահի» դիրքերի նահանջ»,- ասաց Գանտահարեանը։

Նա յաւելեց, որ Լիբանանի հայկական համայնքի հատուածները գտնւում են ռազմական գործողութիւնների տարածներից հեռու եւ չէն թիրախաւորւում, թէեւ հայ բիզնեսմեններն ունեն գործարար կապեր Լիբանանի գրեթէ բոլոր շրջանների հետ եւ գործի բերումով այցելում են տարբեր հատուածներ։

Գանտահարեանը հաւաստիացրեց, որ հայկական համայնքում խուճապ չկայ, պարզապէս ինչպէս բոլորի, այնպէս էլ մեր հայրենակիցների մօտ, կան մտահոգութիւններ, որ ռազմական գործողութիւնները կարող են տարածուել եւ ընդգրկել աւելի մեծ ծաւալներ՝ աւելի խորացնելով առանց այդ էլ ֆինանսատնտեսական եւ սոցիալական խնդիրների հետ կապուած տագնապը։ Հայկական համայնքը լիբանանեան հասարակութեան բաղկացուցիչ մասն է, հետեւաբար, անհաղորդ չէ տեղի ունեցող իրադարձութիւններին։

Խոսելով նաեւ արտաքին ազդակների մասին եւ անդրադառնալով մասնաւորապէս Իրանի հոգեւոր առաջնորդի կոչին՝ ուղղուած իսլամական բոլոր պետութիւններին, որպէսզի նրանք խզէն տնտեսական կապերն Իսրայելի հետ, Գանտահարեանն ասաց, որ արաբական պետութիւնների եւ Իսրայելի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման գործընթաց է սկսուել, եւ Այաթոլայ Խամենէի կոչը պատճառ չի հանդիսացել, որ այդ յարաբերութիւնները խզուէն։ «Քաղաքական ընդհանուր քարտէզի վերագծման գործընթացի հանգուցալուծումը դեռեւս պարզ չէ, հետեւաբար, վաղ է խօսել պատժամիջոցների կամ խզումների իրողութեան մասին, կամ այդ իրողութեան հետեւանքների մասին»,- նշեց նա։

Գանտահարեանի դիտարկմամբ՝ երկրորդ ճակատի բացման հեռանկարը կախուած է Իսրայելի գործելակերպից։ Թել-Աւիւը նախօրեին յայտարարել էր, որ իրեն յաջողուել է զգալի թուով ստորգէտնեայ անցուղիներ ոչնչացնել եւ հսկողութիւն հաստատել Գազայի հատուածը Եգիպտոսի հետ կապող անցակէտի հարակից տարածքի վրայ։ «Բայց միւս կղմից էլ, երբ հնչում են նման յայտարարութիւններ, դա ենթադրում է, որ ռազմական գործողութիւնները որոշակիօրէն մօտեցել են աւարտին, ինչի դէպքում Գազայի հրադադարը դառնում է աւելի տեսանելի։ Հիմա Գազայի իրավիճակն ու Լիբանանի հետ սահմանային իրադրութիւնը տարանջատւում են։ Չի բացառւում, որ Գազայում ձեռք բերուի հրադադարի պայմանաւորուածութիւն, սակայն իրավիճակը սրուի Լիբաբանի հետ սահմանին, քանի որ հրադադարը չի բխում Նեթանեահուի շահերից։ Նա ցանկանում է ռազմական գործողութիւններով շեղել հրէայ հասարակութեան ուշադրութիւնը, որտեղ գնալով մեծանում են լուրջ դժգոհութիւնները նրա կառավարութիւնից։ Հնարաւոր երկրորդ ճակատն, ի տարբերութիւն Գազայի, թիրախային առումով աւելի սահմանափակ է եւ չի վերաճի ծաւալային համապարփակ պատերազմի»,- եզրափակեց «Ազդակ» թերթի խմբագիրը։

Լիբանանի առողջապահութեան նախարարութիւնը յայտնել է, որ իսրայէլական վերջին հարուածների հետեւանքով զոհերի թիւը հասել է 182-ի, 727 մարդ վիրաւոր է։ Երկրի առողջապահական գերատեսչութիւնը յայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ, բժիշկներ։ Լիբանանի հարաւային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայէլական գնդակոծութիւնից։

Ըստ Ներքին գործերի նախարարութեան՝ Բեյրութում, Տրիպոլիում եւ Լիբանանի արեւելեան եւ հարաւային շրջաններում, դպրոցները կծառայէն որպէս ապաստարաններ տեղահանուածների համար։ Աւելի վաղ Իսրայելը յայտնել էր, որ պատրաստւում է հարուածել Բեկաայի հովտում գտնուող տներին, որտեղ պահւում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զէնքեր։ Իսրայելի բանակի խօսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանուել։

Մանուել Մարգարեան

Share