Ռուսաստանի հետ յարաբերութիւններում կան որոշ խնդիրներ. Հայաստանի ԱԳ նախարար

Ռուսաստանի հետ յարաբերութիւններում կան որոշ խնդիրներ. Հայաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններում այս պահին կան որոշ խնդիրներ, Հայաստանը որեւէ այլ դիրքորոշում չունի, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկելը, հասկանալն ու հարթելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական յանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բիւջէի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը:

ԱԳ նախարարը, խօսելով արտաքին քաղաքական ոլորտում համագործակցութիւնից, նախ ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել իր յարաբերութիւնները նաեւ Ռուսաստանի հետ, որի հետ բազմաթիւ եւ բազմոլորտ կապերով է կապուած:

«Հիմա, իհարկէ, տեսանելի է՝ այս յարաբերութիւններում կան որոշ խնդիրներ: Շատ բաներից մենք բաւարարուած չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ` Ռուսաստանի Դաշնութիւնում էլ նոյնպիսի վերաբերմունք կայ: Մենք համոզուած ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերները զարմանում են, հետեւանքն է այն քաղաքականութեան, որը մենք տեսել ենք զանազան մեդիաեթերներում եւ այլն: Մենք որեւէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկելը, հասկանալը, հարթելը, բարեկամաբար ու գործընկերաբար առաջ շարժուելը»,-ասաց Միրզոյեանը:

ՀՀ ԱԳ նախարարը յաւելեց, որ սա է հայկական կողմի դիրքորոշումը, աշխատում են այս ուղղութեամբ, յուսով են՝ կստացուի: Մեկտեղ ընդգծեց, որ այն երկկողմ աշխատանք պէտք է լինի:

Share